Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի` ԱԱԽ-ի կանոնադրությունը հաստատելու մասին:
Ըստ այդմ, ԱԱԽ-ն իրականացնում է ՀՀ-ի ազգային անվտանգության եւ ազգային շահերի պաշտպանությանն առնչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, տեղեկատվական, ժողովրդագրական, գիտատեխնիկական եւ այլ բնագավառներում առկա հիմնախնդիրների վերհանումը, ազգային անվտանգության ռազմավարական ծրագրով նախատեսված հայեցակարգերի եւ պետական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, վերահսկողությունը եւ դրանց իրականացման համար համապատասխան որոշումների ընդունումը: ԱԱԽ-ն համակարգում է պետական մարմինների գործունեությունը եւ գնահատում է դրանց արդյունավետությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, սահմանում է պետության ռազմավարական զարգացման, ազգային անվտանգության եւ ազգային մրցունակության բարձրացման հիմնական ուղղությունները, որոշումներ է ընդունում դրանց իրականացման ուղղությամբ: Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան՝ իրականացնում է զինված ուժերի, իրավապահ մարմինների, հարկային եւ մաքսային համակարգի ռազմավարական բարեփոխումները եւ գնահատում է դրանց արդյունավետությունը: Խորհրդի աշխատանքները գլխավորում է խորհրդի նախագահը. այն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ Նախագահը: Խորհրդի նախագահը հաստատում է խորհրդի գործունեության ամենամյա ծրագիրը, վավերացնում է խորհրդի որոշումները: Հրամանագրով սահմանված են նաեւ խորհրդի քարտուղարի լիազորությունները: ԱԱԽ քարտուղարն ապահովում է ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների եւ ազգային անվտանգության խորհրդի որոշումների իրականացումը, այդ առնչությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպումը, համակարգումը եւ դրանց իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը: Խորհրդի աշխատանքային մարմիններից են խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովները, որոնք կազմակերպում են պետական իշխանության մարմինների աշխատանքը ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների իրականացման գործում: Խորհրդի գործունեության կազմակերպման նպատակով երկրի ղեկավարը հիմնադրել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, որի աշխատանքները կառավարում է խորհրդի քարտուղարը:
Համաձայն ՀՀ Նախագահի հրամանագրի՝ Ազգային անվտանգության խորհուրդն ունի հետեւյալ կազմը. ՀՀ Նախագահ, ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ, ԱԱԽ քարտուղար, Սահմանադրական դատարանի նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության, արտաքին գործերի նախարարներ, Նախագահի աշխատակազմի ղեկավար, գլխավոր դատախազ, ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ԿԱ Ոստիկանության պետ, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԱԺ Արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահներ: