Ղարաբաղի էներգետիկ ճգնաշամը

01/06/2008

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչուհի Ռաիսա Գաբրիելյանը խուսափում է ձմռան մասին մտածելուց: 65.000 դրամ կազմող նրա ամսական աշխատավարձն իր 4 հոգանոց ընտանիքի միակ եկամուտն է: Նրա խոսքերով, այդ գումարով նա հազիվ կկարողանա վճարել կոմունալ ծախսերը` գազի թանկացումից հետո:

Հունիսի 4-ից Լեռնային Ղարաբաղում 1 խմ գազը կարժենա 84 դրամ` նախկին 59 դրամի փոխարեն: Թեեւ կառավարությունը պլանավորում է բազմազան դարձնել իր էներգիայի աղբյուրները, որպեսզի տարածաշրջանն ավելի քիչ կախված լինի Հայաստանից ներմուծվող գազից, կարճ ժամկետում գների կտրուկ աճը բացասաբար կազդի բնակչության վրա: Շարքային սպառողների համար գազի գինը այժմ գրեթե երեք անգամ կգերազանցի Հայաստանում գազի գինը: Երկրի գազ մատակարարող ընկերությունը` «Արցախգազը», գնի բարձրացման մասին հայտարարեց մայիսի 1-ին`առանց տեղյակ պահելու ԼՂ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Արցախգազի» տնօրեն Մաքսիմ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գազի թանկացումը պայմանավորված է կառավարության կողմից սուբսիդավորումը դադարեցնելու հետ` Հայաստանի իշխանությունները նույն կերպ են վարվել, եւ սա կապված չէ գազի միջազգային գնի հետ:

«Արցախգազի» հայտարարությունից հետո Ստեփանակերտում գործող տաքսի ծառայությունները, որոնց մեքենաները գազով են աշխատում, բարձրացրեցին իրենց ծառայությունների գինը` 1կմ-ի դիմաց նախկին 100 դրամը դարձնելով 120 դրամ, իսկ մինիմալ ուղեվարձը՝ 600` նախկին 500-ի դիմաց:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը նշում է, որ տաքսի ծառայությունների այդ քայլը «բացահայտ անօրինություն է», քանի որ վերջիններիս գազի թանկացումը չի վերաբերում:

«Տաքսի ծառայությունները դեռեւս մեր ենթակայության տակ չեն, եւ մենք անզոր ենք միջամտել»,- ավելացրել է նա:

Ստեփանակերտի բնակիչ Վարդգես Բաբայանն ասում է, որ մարդիկ ոչինչ չեն կարող անել տաքսի ծառայությունների գների ավելացման առումով: «Ես էլ հո գիտեմ, որ իզուր փող եմ մուծում, բայց ոչինչ չեմ կարող անել: Ո՞ւմ գնաս բողոքես, որ ինձ հիմարի տեղ են դնում: Կասեն՝ սեփականություն է: Փող չունես` մի նստիր»,- ասում է Վ. Բաբայանը:

Սահմանված ծավալից ավելի գազ սպառողների համար գազի գինը մնում է նույնը, մինչդեռ շարքային սպառողները, տաքսի ծառայությունների վարորդները եւ այլք բավականաչափ ծավալով գազ չեն օգտագործում, այդ պատճառով դա նրանց չի վերաբերում: Ստեփանակերտի տնտեսական ապրանքների խանութներից մեկի խանութպան Արտյուշա Կարապետյանը կանխատեսում է, որ իր հաճախորդները կսկսեն ավելի քիչ գազի վառարաններ գնել: «Նախկինում հիմնականում ամենաշատ վաճառվող ապրանքը գազի վառարաններն էին: Այս թանկացումից հետո մարդիկ երեւի այլեւս կդադարեն գազով ջեռուցել իրենց բնակարանները»,- ասում է Ա. Կարապետյանը:

Լեռնային Ղարաբաղում գազը համարվում է ջեռուցման հիմնական միջոցը: ԼՂՀ-ն մեկուսացված է մնացած աշխարհից, 1994թ. պատերազմի ավարտից հետո այստեղ կարելի է հասնել միայն Հայաստանով: Բնակչության մոտ 70 տոկոսը գազ է օգտագործում, իսկ հեռավոր գյուղերի բնակիչները հիմնականում տները ջեռուցում են մատչելի վառելափայտով:

Վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի ինքնուրույն դարձնելու նպատակով ԼՂ կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել քաղաքացիներին եւ օգտվել էներգիայի այլ աղբյուրներից:

«Կառավարությունը փորձելու է ինչ-որ փոխհատուցումներով թեթեւացնել գազ օգտագործողների վճարները: Առաջիկայում գազը ղարաբաղցիների համար կդադարի ակտուալ էներգակիր լինելուց: Մենք առաջիկա մի քանի տարիներին դառնալու ենք էլեկտրաէներգիա արտադրող երկիր, ինչը հնարավորություն է տալու մեզ ավելի էժան գնով էլեկտրաէներգիա վաճառել քաղաքացիներին եւ, ինչո՞ւ չէ` հարեւան երկրներին` այսպիսով հաղթահարել գազի միջազգային գնաճը»,- ասել է նա:

Մայիսի 13-ին Ա. Հարությունյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հյուսիսում տեղակայված, անմխիթար վիճակում գտնվող Մատաղիսի ջրամբարը փոխանցվել է «Արցախ ՀԷԿ»-ին, որն առաջիկա 2-3 տարիներին նախատեսում է հինգ փոքր ՀԷԿ կառուցել: Նախատեսվում է, որ ՀԷԿ-երը լիովին կապահովեն Լեռնային Ղարաբաղի տնտեսության պահանջարկը: Այս ընթացքում թանկանում են նաեւ այլ ապրանքները: Վարչապետ Արա Հարությունյանի կարծիքով, սա լավ նորություն է Ղարաբաղի գյուղացիների համար: «Մեր երկիրը գյուղատնտեսական երկիր է, բայց պարբերաբար դժգոհություններ էինք լսում գյուղացիների կողմից, որոնք իրենց բերքը պատշաճ գնով չեն կարողանում վաճառել եւ շահույթ չեն ունենում: Թանկացման արդյունքում մեր գյուղացիները գոհ են իրենց աշխատանքի արդյունքից»,- ասել է Ա. Հարությունյանը:

Սակայն 70-ամյա թոշակառու Կարո Գրիգորյանը վրդովված է: «Բա դժգոհ չլինե՞մ: Էս ի՞նչ են անում մարդկանց հետ: Թոշակը երկու կոպեկով բարձրացրել են, կրկնապատիկ էլ թանկացրել ամեն ինչը, ես ինչպե՞ս ապրեմ: Ուղիղ գերեզմանոց են ուղարկում»,- դժգոհում է նա:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ, «Դեմո» թերթի թղթակից եւ IWPR-ի CCJN ծրագրի մասնակիցներից