Գեւորգ Հակոբյանը սովորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Նրա խոսքերով` համալսարանի վարչակազմն ուսանողի օրինական շահերի նկատմամբ դրսեւորում է «թքողական վերաբերմունք»:
Բուհի ներսում իր իրավունքները պաշտպանել չկարողանալով` Գեւորգը համարձակվել է առկա խնդիրների մասին բարձրաձայնել, ի հեճուկս իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանի հորդորների, թե դրանք պետք է մնան համալսարանի պատերի ներսում: Արդյունքում Գ. Բադիրյանը հայտարարել է, որ կհրավիրեն կարգապահական հանձնաժողով եւ Գեւորգին բուհից կհեռացնեն: Այս տարվա փետրվարին «Միջազգային հանրային իրավունք» առարկայից Գեւորգը հանձնել է քննություն: Ուսումնասիրելով գրավոր աշխատանքը` նա պարզել է, որ իր ճիշտ լուծած խնդիրը դասախոս Շահեն Ավագյանը համարել է սխալ, ինչի արդյունքում նրա գնահատականը 5-7 բալով նվազել է:
«Ես նույնիսկ խորհրդակցության եմ գնացել պետհամալսարան: Եվ պատրաստ եմ համապատասխան գրքերով ու մասնագետների ներկայությամբ ապացուցել իմ ճշմարտացիությունը»,- վստահեցնում է Գեւորգը: Նա խնդրի առնչությամբ դիմում է գրել համալսարանի տնօրինությանը: Պատասխանում, վկայակոչելով բուհի քննական կանոնակարգը, ուսանողին հայտնել են, թե գնահատականն այլեւս փոփոխման ենթակա չէ: Ըստ հիշյալ կանոնակարգի 5.2 կետի` «Միայն տեխնիկական սխալները (սխալ գումարում, որեւէ հարցի անտեսում) կարող են թույլ տալ գնահատականի փոփոխություն»: Ստացվում է, որ եթե դասախոսը կամա թե ակամա ուսանողի աշխատանքը սխալ գնահատի, տուժելու է բացառապես ուսանողը:
«Այս հիմար կետից խուսանավելու համար ես դիմումիս մեջ գնահատականի բարձրացման պահանջ չէի ներկայացրել: Ուղղակի խնդրել էի գրավորս վերանայել»,- մանրամասնում է ապագա իրավաբան Գեւորգը եւ նշում, որ վերանայման դեպքում, եթե պարզվի, որ ինքը ճիշտ է, մեխանիկորեն առաջ կգա նաեւ գնահատականի բարձրացման հարցը: Գեւորգը գրել է նաեւ երկրորդ եւ երրորդ դիմումները: Վերջինում նա իրեն թույլ է տվել օգտագործել «պահանջում եմ» ձեւակերպումը, ինչից ռեկտոր Անն-Մարի Շլոսերը վիրավորվել է: Դեկան Գ. Բադիրյանի հորդորով` ուսանողը ներողություն է խնդրել ռեկտորից` կոպիտ լինելու համար: «Դրանից հետո Բադիրյանը թեեւ ասաց, որ գնահատականս չի կարող փոխվել, սակայն խոստացավ, որ ներքին կարգով հարցն իրավական առումով կլուծվի, եւ գրավորս կվերանայվի: Բայց ոչինչ էլ չարվեց: Ամեն անգամ, երբ դեկանին դիմում էի, զբաղված լինելու պատճառաբանությամբ հարցը ձգձգում էր»,- պատմում է Գեւորգը:
Որոշ ժամանակ անց նա կուրսային աշխատանք է հանձնել նույն` «Միջազգային հանրային իրավունք» առարկայից: Ուսանողի խոսքերով` այս անգամ էլ ճիշտ գրված բառերի եւ արտահայտությունների տակ անհասկանալի կերպով ընդգծվել է: Առարկան դասավանդող Շ. Ավագյանից բացի, գրավորը ստուգել են եւս երկու դասախոսներ, այդ թվում` դեկան Գ. Բադիրյանը: «Որպեսզի իմանամ, թե դասախոսներից ով ինչ է գնահատել, եւ որոնք են աշխատանքիս թերությունները, խնդրեցի ցույց տալ յուրաքանչյուր դասախոսի գնահատականը: Բայց պրակտիկանտների բաժնից ստացա մի երկտող, թե` «Մեզ արգելվում է առանց թույլտվության ուսանողներին առանձին գնահատական ասել կամ դասախոսի ստուգած-գնահատված թերթիկ ցույց տալ»: Սա ուղղակի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կոպիտ խախտում է,- պարզաբանում է Գեւորգը: -Մեզ մոտ, եթե դիմում ես գրում, պատասխանում են միայն զզվեցնելու պարագայում, այն էլ` բավականին ուշացումով: Դրա համար որոշեցի հանդիպել անձամբ ռեկտորին: Մեկ ժամ սպասեցնելուց հետո, երբ ռեկտորն իմացավ, որ ես եմ, ասաց` այս էտապն արդեն անցել ենք, ու շատ կոպիտ ձեւով ինձ դուրս վռնդեց»:
Գեւորգը նշում է, որ ռեկտորը նման իրավունք չուներ, քանի որ, համաձայն համալսարանի կանոնադրության, վերջինս պարտավոր է լուծել ուսանողի եւ բուհի աշխատակցի միջեւ առկա վեճը:
Իրականում այդ վեճը, այս դեպքում` գնահատականի բարձր կամ ցածր լինելը, պայմանավորում է այլ հանգամանքներ եւս: Ըստ Ֆրանսիական համալսարանում գործող կարգի` ելնելով ուսանողի առաջադիմության տարեկան արդյունքներից` որոշվում է, թե տվյալ ուսանողը ո՞ր համակարգում պետք է սովորի` անվճա՞ր, վճարովի՞, թե՞ զեղչային: Ֆակուլտետի առաջին 3 տեղերում սովորողները վարձավճարից ազատված են: Հաջորդ 3-4 տեղերի համար սահմանված է՝ 75, այնուհետեւ` 50 եւ 25 տոկոս զեղչ: Գեւորգն առաջադիմության ցուցակում 4-րդ տեղն է զբաղեցնում եւ, ինչպես ինքն է պատմում, անցյալ տարի դարձյալ նմանատիպ թյուրիմացության պատճառով ընդամենը 0,1 բալի տարբերությամբ զրկվել է
3-րդ տեղից: Բացի այդ, գնահատականները մեծ դեր ունեն նաեւ Ֆրանսիա մեկնելու հարցում: Ինչպես բուհում են վստահեցնում` պրակտիկան Ֆրանսիայում անցկացնելու ռեալ հնարավորություն ունեն ֆակուլտետի առաջին 5 տեղերում սովորող ուսանողները:
«Դրա համար էլ իրենք հենց հիմիկվանից դասավորում են, թե ով պետք է գնա Ֆրանսիա: Պարզ է, որ իրենց մարդիկ պետք է լինեն»,- նշում է իրավաբանական ֆակուլտետի մեկ այլ ուսանող եւ խնդրում անունը չհրապարակել` «ավելորդ խնդիրներ չեմ ուզում ունենալ» հիմնավորմամբ: Վերջինիս ասելով` իրենց բուհում նորմալ կրթական համակարգ չկա, եւ եթե համապատասխան չափորոշիչներով ստուգումներ անցկացվեն, համալսարանը պարզապես լիցենզիայից կզրկվի: «Ամեն շաբաթ դասացուցակը փոխվում է: Շաբաթվա սկզբում փակցվում է 3 օրվա դասացուցակ, իսկ մյուս օրերի համար առհասարակ չի կազմվում: Որովհետեւ մեր դասախոսներից շատերը քննիչներ են, դատավորներ, Արդարադատության խորհրդի անդամներ, եւ նրանց համար դաս տալը հոբբիի պես բան է: Ամեն ինչ հարմարեցվում է դասախոսների զբաղվածության ծանր գրաֆիկին: Դրա համար էլ օրվա մեծ մասը պարապ ենք անցկացնում: Անհասկանալի է, թե ինչի համար ենք վարձ մուծում»,- ասում է ներկայանալ չցանկացող ուսանողը: Ֆրանսիական համալսարանում ուսանողները մոտավորապես են իմանում, թե հաջորդ տարվա վարձավճարն ինչքան է լինելու: Սովորաբար, դատելով փորձից, ենթադրում են, որ նախորդ տարվանից 40-50 հազար դրամով բարձր կլինի:
Բուհն ուսանողի հետ պայմանագիր կնքելիս նշում է, որ «Ուսման վճարները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար` ըստ Հոգաբարձուների խորհրդի որոշման» (խորհրդի նախագահն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն է.- Ա. Դ.): Սա «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է, քանի որ, ըստ դրա, «Բուհի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է տվյալ բուհում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների: Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի չափը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չէ»: Համալսարանի ռեկտոր Անն-Մարի Շլոսերն այս եւ մեր մյուս հարցերի կապակցությամբ մեկնաբանություններ տալուց հրաժարվեց` «խիստ զբաղված եմ» պատճառաբանությամբ: Նա նշեց նաեւ, որ քննաշրջանի սկսվելու հետ կապված` ժամանակ չի ունենալու նաեւ առաջիկա շաբաթներին: Իսկ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանն էլ ասաց, թե հարցերին պատասխանելու լիազորությամբ օժտված չէ:
www.hetq.am