«Եթե միջազգային կազմակերպությունների փաստահավաք առաքելություններն այցելեն Հին Ջուղա եւ ուսումնասիրեն հայկական հուշարձանների ոչնչացման փաստը, Ադրբեջանը պատիժների կենթարկվի: Այդ է պատճառը, որ այդ երկիրը խոչընդոտում է միջազգային առաքելությունների մուտքը Հին Ջուղա»,- երեկ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը: «Եթե «UNESCO»-ից պեղումներ կատարեն այնտեղ, կտեսնեն, որ հայ ժողովուրդն իր խաչքարերով ու կոթողներով 900 տարուց ավելի պատմություն ունի, կփաստվի, որ այդ տարածքում ոչ միայն Հին Ջուղայի գերեզմանատունը, այլ եկեղեցիներ, տաճարներ, մատուռներ են ոչնչացվել: Փաստահավաք առաքելության այցը մեծ հաղթանակ կլինի պատմությունը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Նշան Սրբազանը` հավելելով, թե խոսքն ավելի քան 10.000 խաչքարի մասին է, որոնք թեմը նկարահանել է եւ կատարվածի վերաբերյալ փաստական նյութ ունի: Հիշեցնենք, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Թեհրանում Հայաստանի դեսպանությունն ահազանգ էր ստացել Իրանի Ատրպատականի Հայոց թեմից, որ մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորներ, ներխուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի գերեզմանատուն, հսկա մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով զինված, ջարդուփշուր են արել հայկական խաչքարերը, որոնք դեռեւս 2002թ. փրկվել էին ադրբեջանցիների նմանատիպ վայրագություններից: Այնուհետեւ ավերված գերեզմանատան տարածքում հրաձգարան է կառուցվել: