2007թ. կառավարությունը պետական բյուջեից 43 մլն դրամ է հատկացրել Ալավերդու համայնքին նոր գերեզմանոցի բարեկարգման համար: Ալավերդիում նոր գերեզմանոցի խնդիրը տարիներ շարունակ չէր լուծվում: Սանահին կայարանային թաղամասի գերեզմանոցը Դեբեդի վարարումների հետեւանքով 3 տարի առաջ փլվել էր` քանդելով նաեւ մի քանի գերեզմաններ:
Մարդիկ այլեւս խուսափում էին այնտեղ իրենց հարազատներին հուղարկավորել: Ալավերդի-Հաղպատ ճանապարհահատվածում տեղավորված քաղաքի հին գերեզմանոցում այլեւս ազատ տարածք չի մնացել, եւ վերջին տարիներին այստեղ հուղարկավորություններ կատարվում էին գերեզմանոցին հարող կենտրոնական մայրուղու եզրերին: Ալավերդու «Մադան» թաղամասում պետբյուջեի ծրագրով գերեզմանոցի բարեկարգման մասին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը բնակչությանն ազդարարեց 2007թ. ավագանու նիստում բյուջեի քննարկման ժամանակ եւ հաջորդ օրը տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերում: Նա մեռնելուց հետո նոր գերեզմանոցում ոչ միայն հանգուցյալ ալավերդցիների հարմարավետ հանգչելն էր երաշխավորում, այլեւ երաշխիքներ էր տալիս որակյալ ու մատչելի հուղարկավորություն կազմակերպելու համար: «Եթե մինչեւ հիմա փոս փորողներին էստեղից-էնտեղից էիք գտնելու, դագաղն էլ` որտեղից պատահի, ապա նոր գերեզմանոցում համ փոս փորողներն են լինելու, համ էլ` դագաղը»,- ալավերդցիներին գոտեպնդում էր քաղաքապետը:
Քաղաքի բյուջեի քննարկումից կարճ ժամանակ անց ալավերդցիները տեղեկացան, որ քաղաքապետարանը 20 մլն դրամով «Էյ-սի-փի» ընկերությանն է վաճառել Մադան թաղամասի` գերեզմանոցի համար նախատեսված հողատարածքը, ապա նույն 20 մլն դրամով գերեզմանոցի համար Հաղպատի գյուղապետարանից գնել է վերջինիս պատկանող Հաղպատի երկաթուղային կայարանի մոտ գտնվող «Կարապետաձոր» հանդամասի 5,7 հա հողատարածքը: Հողատարածքի գնման գումարները բարեկարգման գումարների մեջ չեն մտնում: Գերեզմանոցին քաղաքապետը հաջորդ անգամ անդրադարձել է 2008թ. հունվարին` 2007թ. բյուջեի իր հաշվետվության մեջ, որից տեղեկանում ենք, որ պետական բյուջեի 41,8 մլն դրամով արդեն լուծվել է նոր գերեզմանոցի խնդիրը: Թվում է, թե ալավերդցիներին մնում էր քաղաքի կենսական խնդրի լուծման համար իրենց երախտիքը հայտնել ոչ միայն քաղաքապետին, այլեւ ՀՀ կառավարությանը: Սակայն գերեզմանոցում իրականացված աշխատանքները չեն համապատասխանում շինարարական նորմերին:
Քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը հայտնեց, որ գերեզմանոցի բարեկարգման իրավունքը մրցութային կարգով ստացել եւ իրականացրել է Ալավերդիում գրանցված «Բազմաշող» շինարարական ՍՊԸ-ն: Վերջինիս նախագահ Տարոն Աբգարյանն Արթուր Նալբանդյանի հետ Ալավերդու շուկայի եւ «Կատա» առեւտրային կենտրոնի բաժնետեր է: Այսինքն` նրանք ունեն համատեղ բիզնես: Այլ կերպ չի կարելի բացատրել գերեզմանոցի բարեկարգման աշխատանքների իրականացումն Ալավերդիում շինարարության ոլորտում անհայտ ու նորելուկ ՍՊԸ-ին հանձնելը: «Եթե չեմ սխալվում, գերեզմանոցի շինարարության ավարտը ֆիքսվել եւ ընդունման ակտը ստորագրվել է 2007թ. դեկտեմբերին: Շինարարության ընթացքը եւ որակն անձամբ վերահսկել է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանը, կարող եք նրանից էլ տեղեկատվություն ստանալ»,- ասաց քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը: Գագիկ Սոխակյանն էլ ասաց. «Գերեզմանոցի աշխատանքները սկսվել են 2007թ. սեպտեմբերին, ավարտվել են դեկտեմբերի 30-ին: Շինարարական աշխատանքների ընդունման ժամանակ թերությունների ակտ չի գրվել, սակայն նկատված թերությունները շինարարին հանձնարարվել է վերացնել: Բացի այդ` քաղաքաշինության նորմաներով շինարարական թերությունների համար մեկ տարի պատասխանատվություն է կրում շինարարը»:
Նշենք, որ դեկտեմբերի 30-ին` գերեզմանոցի կառուցման ընդունման ակտը ստորագրելուց հետո, ավարտված աշխատանքների դիմաց քաղաքապետարանը «Բազմաշող» ՍՊԸ-ին ամբողջությամբ փոխանցել է գերեզմանոցի կառուցման համար նախատեսված 41,8մլն դրամը: Այսօր գերեզմանոցում իրականացված շատ թե քիչ նշանակալից աշխատանքը կենտրոնական մայրուղուց մինչ գերեզմանոցի դարպասներին հասնող 250 մ երկարությամբ եւ 4 մ լայնությամբ ճանապարհի ասֆալտն էր:
Շինարարության ղեկավար Աշոտ Խաչատրյանը, ով մեր այցելության պահին գտնվում էր գերեզմանոցում եւ, ինչպես ինքը բացատրեց, եկել էր վերանորոգելու գերեզմանոցի` մի քանի ամիս առաջ տեղադրված ու արդեն տեղից ընկած դարպասները, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: «Ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, գնացեք գերեզմանոցի տիրոջը հարցրեք, մենակ մի բան կարող եմ ասել, որ ճանապարհի ասֆալտի վրա ծախսվել է 10 մլն դրամ»,- անընդհատ կրկնում էր նա: Թե ո՞վ է գերեզմանոցի տերը, նա այդպես էլ չասաց: Գերեզմանոցի ներսում` մուտքից աջ, հազիվ 5 մետրի վրա գտնվում էր 4-5 սենյականոց չավարտված մի շինություն: «Սենյակները փակ են, չեք կարող նայել, բանալիներն էստեղ չեն»,- շինությունը ներսից տեսնելու մեր փորձը կանխեց շինարարության խուճապահար ղեկավարը, որը, հավանաբար, քաջատեղյակ էր, որ պետական միջոցներով կառուցված այդ շինությունն անօրինական է: Գագիկ Սոխակյանը մեզ բացատրեց. «Շինությունը գերեզմանոցի ադմինիստրատիվ շենքն է լինելու, մահվան արարողակարգային ծառայություն է մատուցելու, լինելու է քաղաքապետարանի ենթակառուցվածքային ՍՊԸ, գերեզմանոցի կառուցման համար հատկացված գումարներից 7մլն դրամ է տրամադրվել դրա շինարարության համար, 400.000 դրամ էլ հատկացվել է նրա կահավորմանը»:
Ալավերդու հարկային տեսչությունում մեր հարցումից պարզվեց, որ Ալավերդու քաղաքապետարանի կողմից ենթակառուցվածքային, մահվան ծեսերի արարողակարգային որեւէ ՍՊԸ առ այսօր գրանցված չէ: Շինության շրջակայքն ամբողջությամբ շինարարական թափոններ էին, ամբողջ գերեզմանոցն անբարեկարգ էր: Տարածքը ցանցապատված էր ժանգոտված ցանցով, այն պահող խողովակները թեքվել էին: Աշոտ Խաչատրյանն անհարմարությունից չսպասեց դրանց մասին մեր հարցմանը. «Ցեմենտե հենապատը խոնավությունից անորակ է ստացվել, դրա համար էլ ցանցը պահող խողովակներն ընկնում են»,- արդարացավ նա:
«Բազմաշող» ՍՊԸ-ի նախագահ Տարոն Աբգարյանն ասաց. «Գերեզմանոցի հանձնման ակտը ստորագրված է քաղաքապետարանի կողմից: Գերեզմանոցը ցանցապատված է 1 կիլոմետր երկարությամբ, 10 մ-ը 6500 դրամ արժողությամբ ցանցով»: Հաշվարկից պարզվում է, որ գերեզմանոցի ցանկապատման համար ծախսված ցանցի գինը կազմել է 650.000 դրամ: Գերեզմանոցի կառուցման շինաշխատանքների տխուր պատկերը Տարոն Աբգարյանը բացատրեց իր ՍՊԸ-ի անփորձությամբ: Ամենաշռայլ հաշվարկների դեպքում գերեզմանոցի բարեկարգման շինաշխատանքների համար պետբյուջեից հատկացված 43 մլն դրամից, որից 41,8 մլն դրամն է փոխանցվել ընկերությանը, ներկայացված ծախսերից երեւում է հազիվ 13 մլն դրամը: Տարածքի անորակ ցանցապատումը Գագիկ Սոխակյանը պատճառաբանեց այսպես. «Գումարը չի հերիքել»: Գերեզմանոցի բարեկարգման ծրագրում մահվան ծեսերի ծառայության մատուցման բիզնեսի համար գումարներ, բնականաբար, չէին կարող նախատեսվել: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը գերեզմանոցի ադմինիստրատիվ կոչված շենքի 7,5 մլն դրամը, հավանաբար, յուրացրել է իր բիզնեսի համար:
Ալավերդու քաղաքապետի կողմից թույլ տրված չարաշահումների բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Դարձյալ բյուջեի փողերով` անցած տարի Ալավերդու Սանահին թաղամասի եկեղեցու բակում կառուցված 7 մլն դրամանոց անկոյուղի եւ անջուր զուգարանին ալավերդցիները տվել են «զոլոտոյ» անվանումը: Մեր այցելության օրը` մայիսի 16-ին, ժամը 16-ի սահմաններում հակասանիտարական վիճակում գտնվող զուգարանից օգտվող զբոսաշրջիկները լվացվում էին «Ֆանտայի» 1,5 լիտրանոց շշերում լցված ջրով: «Զուգարանում բաք կա, սակայն վթարի պատճառով ջուր չունենք»,- բացատրեց զուգարանի աշխատակցուհին: Զուգարանի շուրջը տարածվում է գարշահոտությունը: Զուգարան մտնելուն պես զբոսաշրջիկները 50 դրամ էին դնում զուգարանի ամենաակնառու մասում դրված ստվարաթղթե տուփի մեջ:
Ո՞վ պետք է վերահսկի համայնքներին բյուջեից արված հատկացումները ծախսելիս: Ավագանիները համայնքապետերի կցորդներն են, բնակիչները որեւէ լծակ չունեն, փաստեր հրապարակելուց հետո իրավապահները մի պահ ակտիվանում են, բայց իրենց փայաբաժինը վերցնելուց հետո` հեռանում: Արդյունքում ունենում ենք ոչ մի բանի չհավատացող քաղաքացիներ։
www.hetq.am