Երեկ Իրանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Ալի Լարիջանին, ով միջազգային հանրությանը հայտնի դարձավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցություններում իր առանցքային դերով: Նրա թեկնածությունն Իրանի միապալատ խորհրդարանում հավանության են արժանացրել 263 պատգամավորներից 232-ը: Լարիջանին հանդիսանում է պահպանողական ուժերի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, ով հաղթանակ է տարել Իրանի 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում: Տարբեր ժամանակներում Լարիջանին զբաղեցրել է մշակույթի նախարարի, Պետական հեռուստատեսության եւ ռադիոյի ղեկավարի եւ Իրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային բանակցություններ վարողի պաշտոնները: 2005 թվականին նա մասնակցել է նաեւ Իրանի նախագահական ընտրություններին, որտեղ հաղթանակ է տարել ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, իսկ Լարիջանին զբաղեցրել է 6-րդ տեղը: Ներկայումս նա հանդես է գալիս Իսլամական հեղափոխության գաղափարներին դավանող արմատական դիրքերից եւ քննադատաբար է վերաբերվում Ահմադինեջադի քաղաքականությանը: Նրանց միջեւ հակասություններն ակնհայտ դարձան նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Լարիջանին թողեց Ազգային անվտանգության խորհրդի գերագույն քարտուղարի եւ միջուկային ծրագրում հիմնական բանակցողի պաշտոնը: