Ցավալի ընդհանություններ
Կորյուն Առաքելյանն ու Կարեն Խաչատրյանն իրար հետ ոչ մի կապ չունեին: Մեղադրվում էին միանգամայն տարբեր գործերով: Ու ծանոթացել էին, երեւի, վերջերս, կալանավայրում: Բայց շատ ընդհանուր բաներ կային, որ միացնում էին հանցավոր ուղու վրա կանգնած այս երկուսին: Առաջին ընդհանրությունն այն էր, որ երկուսի վերաքննիչ բողոքն էլ վերաքննիչ քրեական դատարանում լսվելու էր նույն օրը՝ մայիսի 22-ին: Մյուս ընդհանրությունն էլ այն էր, որ երկուսն էլ ծնվել էին 1992 թվականին: Անչափահաս էին: Կորյունը դեկտեմբերի ծնունդ է, հետեւաբար՝ դեռ 15 տարեկան պատանի, արտաքուստ՝ իսկական դպրոցական: Նրա հասակակիցները դեռ նստած են դպրոցական նստարանին, իսկ Կորյունն ամբաստանյալի աթոռին էր, այն էլ՝ արդեն երկրորդ անգամ: Նա երեխայի վստահությամբ էր նայում բոլորին ու հանգիստ հանդուրժում, երբ մայրը վրան մատ էր թափ տալիս դատարանի դահլիճում. «Խելոք կմնաս»:
Կարենը եւս երկրորդ անգամ էր դատապարտվում: Արտաքուստ նա ավելի հասուն էր երեւում: Նա ծնվել է փետրվար ամսին ու արդեն բոլորել 16 տարին: Ավելի համառ էր ոչ միայն արտաքնապես, այլեւ՝ խառնվածքով: Շուրջբոլորը նայում էր խոժոռած հոնքերի տակից, անվստահաբար: Մայրը նրա վրա մատ թափ տալ չէր կարող՝ ակնհայտ էր: Կարենն ինքն էր որոշումներ ընդունում: Ու օրինական ներկայացուցիչ համարվող մայրը համաձայնում էր որդու հետ:
Երբ առաջին անգամն էին դատվել, ինչպես՝ Կորյունի, այնպես էլ՝ Կարենի նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել, սահմանվել էր 2 տարի փորձաշրջան: Բայց երկուսն էլ շարունակել էին հանցավոր արարքներ կատարել հենց փորձաշրջանի ընթացքում: Այսինքն՝ երկուսն էլ անտեսել էին օրենքով իրենց տրված հնարավորությունը, որ ուղղվեն՝ առանց հասարակությունից մեկուսացվելու:
Երկուսն էլ նախկինում գողությունների համար էին դատապարտվել: Եվ գողությունների համար էին դատվում նաեւ հիմա: Ընդ որում՝ երկուսի կատարածն էլ բազմադրվագ հափշտակություններ էին, որոնք կատարել էին ուրիշի տարածքներ գաղտնի մուտք գործելով, այսինքն՝ մեղադրվում էին գողության ավելի ծանր տեսակի համար:
Ինչպես Կ. Առաքելյանը, այնպես էլ Կ. Խաչատրյանը դատապարտվել էին Հարավային քրեական դատարանի կողմից: Այսինքն` նույն տարածաշրջանի պատանի ներկայացուցիչներն էին, ինչը պետք է որ տագնապալի դիտվի տարածաշրջանի կրթական համակարգի ու պատանիների կրթության եւ վարքագծի համար պատասխանատու պատկան մարմինների համար: Նրանք ակնհայտորեն դուրս էին մնացել ոչ միայն իրենց ընտանիքների, այլեւ կրթական համակարգի ուշադրությունից, նախընտրել հանցավոր ուղին ու հանցավոր աշխարհի բարքերը:
Առաջին դատից հետո, որը հիմնականում եզրափակվում է պայմանական դատապարտությամբ, այս տղաներին թույլ չեն տալիս, որ ուշքի գան: Մեծ մասամբ նրանք ներքաշվում են նոր հանցագործությունների մեջ, «վաստակում» իրենց առաջին, ապա եւ՝ հաջորդող իսկական պատժաժամկետները: Ու հանցավոր աշխարհը «սիրասուն մայրիկի նման» նրանց իր գիրկն է առնում, դարձնում «յուրային»՝ այլեւս բաց չթողնելու գիշատիչ համառությամբ: Այս առումով առաջին անգամ հանցանք գործած ու պայմանական դատապարտության ենթարկված դեռահասների թե՛ ծնողները, թե՛ մանկավարժները, թե՛ նրանց վարքը վերահսկող իրավապահները պետք է առավել մեծ համբերություն ու համառություն դրսեւորեն՝ երկրորդ շեղումը չթույլատրելու, պատանիներին հանցավոր կյանքի ճիրաններից դուրս բերելու համար: Պետք է: Բայց քչերն են դա անում, քչերն են ջանք թափում, շատ քչերն են ճակատ տալիս՝ դեռահասների ուղղման համար:
Ինչպես Կ. Առաքելյանը, այնպես էլ՝ Կ. Խաչատրյանը Հարավային քրեական դատարանի կողմից, իրենց կատարած բազմադրվագ գողությունների համար, դատապարտվել էին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Դրան հավելվել էր նախորդ՝ չկրած պատժի 6 ամիսն ու վերջնական պատիժ էր սահմանվել 3 տարի ազատազրկումը:
Թե՛ Կ.Առաքելյանը, թե՛ Կ. Խաչատրյանը, միմյանցից անկախ, վերաքննիչ բողոքներ էին գրել՝ իրենց պատիժը մեղմացնելու խնդրանքով: Երկուսի բողոքն էլ հիմնավորումներից զուրկ էր, բայց, հաշվի առնելով նրանց տարիքը, Վերաքննիչ քրեական դատարանը բողոքները հետ չէր ուղարկել ու դատական նիստերը նշանակել էր նույն օրը:
«Խելոք կմնաս»
Շատ անհեթեթ էր նայվում Կ. Առաքելյանը՝ զինված պահակազորի ուղեկցությամբ, որովհետեւ չարություն արած ու տնօրենի մոտ տարվող դպրոցականի տեսք ուներ, ոչ թե երկրորդ անգամ բազմադրվագ գողությունների համար դատապարտվող 15-ամյա «նավապետի»: Հենց տղան դատական դահլիճ բերվեց, անմիջապես նրան մոտեցավ մայրը: Նա շատ վճռական տոնով ու զայրացած էր խոսում տղայի հետ: Իսկ Կորյունը հանգիստ աչքերն էր թարթում ու, ի նշան համաձայնության, գլխով անում: Մոր զայրացկոտ խոսքերից բոլորովին չէր նեղանում, նայում էր կարոտած ու հետաքրքրությամբ: Մայրը պահանջում էր, որ տղան բողոքը հետ վերցնի, խելոք գնա սահմանված՝ արդեն իսկ մեղմ պատիժը կրելու, որ օր առաջ ազատվելու հնարավորություն ունենա: «Ի՞նչ իմաստ ունի բողոքդ, ի՞նչ անտեղի բաներ ես արել՝ առանց խորհրդակցելու»,- բարկանում էր մայրը:
Մոր դժգոհությունն իրատեսական էր, որովհետեւ Կորյունի նկատմամբ, արդեն իսկ, մեղսագրվող արարքի համար սահմանված նվազագույն պատիժ էր նշանակվել, դրան էլ գումարվել էր նախորդ, չկրած պատժի նվազագույն մասը: Երկրորդ անգամ տղային հաստատ պայմանական դատապարտության չէին ենթարկի, հետեւաբար՝ պատիժը նվազեցնելու տեղ, ինչպես ասում են՝ չկար: Բայց հազվադեպ մայրեր են լինում, որ դատարանում զերծ են մնում աղմկելու, զավակին նախաքննական ու դատական համակարգերի զոհը համարելու ցուցադրական ելույթից:
Տղայի հանցավոր հետաքրքրությունը գունավոր մետաղների հափշտակությունն ու շատ անչափահասների անկման պատճառը դարձած, գայթակղության հիմնաքարը հանդիսացող՝ ընդունման կետերին հանձնելն էր՝ ջրի գնով: Մետաղի ջարդոնի ընդունման կետերի տագնապահարույց գործունեության մասին շատ է խոսվել ու խոսվում: Բայց, միեւնույն է` ոչինչ չի փոխվում: Այդ կետերն ակնհայտ գողոն են ընդունում, ակնհայտորեն՝ անչափահասներից, անգամ՝ ակնհայտորեն գերեզմանատներից հափշտակված ջարդոնից չեն խորշում: Ու, միեւնույն է, շարունակում են գոյություն ունենալ՝ շատ անչափահասների մղելով հանցանքի, այն էլ՝ գողության նման ծանր հանցանքի կատարման:
Կորյունն ամառանոցներից պղնձե կաթսաներ ու պղինձ պարունակող ամեն ինչ էր գողացել եւ հանձնել ընդունման կետերին՝ չնչին վարձատրության դիմաց: Տղայի պատճառած իրական վնասը 300.000 դրամից ավելի էր, դա դեռ պարտավոր էր հատուցել: Իսկ իրական «վաստակը» հիմա ինքն էլ չի հիշում, թե ստույգ քանի չնչին դրամ էր կազմել:
Մայրը պնդում էր, թե որդու դրսի, անօրինական «վաստակից» ինքը ոչինչ չի ընդունել: Շատ խիստ է եղել: Ու Կորյունը գիտեր մոր անհանդուրժողականությունը: Գրպանն ընկածը նա իր համար էր ծախսում, դրսում: Դեռահաս էր, տարեկիցների շրջանում աչքի ընկնել էր ուզում, բայց ծնողներն իրենք նյութական աջակցության կարիք ունեին: Այնպես որ՝ ինքնագլուխ լինելը Կորյունին դուր էր եկել: Քանի դեռ բռնված չէր:
Կորյունի մայրը պատրաստվում էր յոթերորդ երեխային աշխարհ բերել: 15-ամյա Կորյունը նրա ավագ որդին է: Ամուսինը հարբեցող է: Իմ հարցին, թե ո՞նց են ապրում, պատասխանեց. «Սկեսուրս է օգնում, ես եմ գործ-մործ ճարում»: Իսկ հիմա աշխատել չի կարողանում: Բայց շարունակում է լավատես ու հանդարտ մնալ: Ոչ մի ավելորդ բառ չասաց, ոչ մի պահանջ օդում չթափահարեց: Դա չի նշանակում, իհարկե, որ պետական մարմինների մեղքը չկա նրա ընտանիքի ներկա վիճակի հարցում: Բազմազավակ ընտանիքների թե՛ նյութական կարիքները բավարարելու, թե՛ նման ընտանիքներում մեծացող երեխաների նկատմամբ առավել ուշադիր ու հոգատար լինելու լուրջ պարտավորություն ունի պետությունը, որը բավարար չափով չի կատարում: Բազմազավակ ընտանիքների նկատմամբ գործնականում անտարբերություն, անսրտացավություն է տիրում, բայց պաշտոնյաների խոսքում չեն պակասում մեր երկրում ծնունդները խթանելու, բազմազավակներին օժանդակելու անհրաժեշտության մասին ճամարտակությունները: Կ. Առաքելյանն էլ իր մայրիկի պես հաշտ էր, խաղաղ: Նա ժպտալով էլ համաձայնեց մոր առաջարկին ու մինչեւ դատաքննությունը սկսվելը հետ վերցրեց վերաքննիչ բողոքը՝ ցանկություն հայտնելով, որ դատավճիռը շուտ ուժի մեջ մտնի, եւ ինքը հնարավորինս շուտ ազատվի: Ընտանիքի ավագ որդին է: Երբ վերադառնա մոր մոտ, կուղղվի ու կդառնա ընտանիքի չափահաս տղամարդը: Ամենայն պատասխանատվությամբ:
Զինված ուղեկցողները դատարանի դահլիճից դուրս բերեցին տղային: Ու նա հաղթանդամ տղամարդկանց արանքում բոլորովին չէր երեւում:
Համառը
Կ. Խաչատրյանը դատարանի դահլիճ մտավ ավելի պինդ քայլերով: Աչքի տակով տնտղեց ներկաներին, դժգոհ նայեց մորը, ով դատարան էր եկել երկրորդ ամուսնու հետ (դատարանին ներկայացավ որպես Կարենի երկրորդ հայր): Տղայի շահերի հանրային պաշտպանը դիմում էր ներկայացրել, թե արձակուրդի մեջ է ու դատական նիստին ներկայանալ չի կարող: Կարենը կարիք չուներ մոր հետ խորհրդակցելու, նա ինքնուրույն ու վճռական հայտարարեց, թե նոր հանրային պաշտպան է ուզում եւ ցանկություն չունի բողոքը հետ վերցնելու: Ինչո՞ւ հնարավոր չէ իր պատիժը մեղմացնել: Կարենի հայացքից երեւում էր այն համոզմունքը, թե այս կյանքում ամեն բան արդեն իսկ հնարավոր է համարում:
Առաջին դատվածությունից հետո, գտնվելով փորձաշրջանում, Կարենը շարունակել էր գողություններ կատարել. մեկից նապաստակ էր գողացել, մյուսից՝ սայլակ: Եվ այսպես՝ 6 հանցադրվագ: Ի տարբերություն Կորյունի՝ Կարենը որոշ ժամանակ գտնվել էր նաեւ հետախուզման մեջ: Եվ վերջին գողությունը կատարել էր հետախուզման մեջ գտնվելու ընթացքում: Մի բան, որ ավելի էր ծանրացնում նրա վիճակը: Բայց Կարենը հույս ուներ, թե լավ պաշտպան որ լինի՝ պատիժը նվազեցնելու ձեւը կգտնի: Կարենի մայրը եւս հակված չէր որդուն համոզելու, թե լավ կլինի՝ բողոքը հետ վերցնի, խելոք կրի արդեն իսկ մեղմ պատիժը ու տուն վերադառնա: Նա դատարանին խնդրեց մեղմ լինել, հաշվի առնել, որ տղան ծնողազուրկ է: «Իսկ դո՞ւք նրա ինչն եք»,- հարցրեց նախագահող դատավորը: «Նկատի ունեմ, որ հայր չունի»,- կարմրեց կինը: «Բայց երկրորդ հայր ունի, ինչպես ներկայացրիք: Բացի դրանից, ինչո՞ւ եք ինքներդ աչքաթող արել մեկ անգամ արդեն դատապարտված ու փորձաշրջանի մեջ գտնվող անչափահասին»,- հարցրեց մեղադրողը: «Այո, լավ չեմ հսկել: Ասում էր, թե աշխատում է, մենք էլ հավատում էինք: Բայց խոստանում եմ, եթե պատիժը մեղմացնեք ու ազատեք, շատ ուշադիր կլինեմ»,- հավաստիացրեց մայրը:
Սակայն մի բան էր մոր հավաստիացումը, մեկ ուրիշ բան՝ անչափահասի կողմից երկրորդ անգամ կատարված վեց դրվագանոց հափշտակությունների շարանը, որոնց համար, ուզի թե չուզի, այս անգամ արդեն ստիպված կլինի իրական պատիժ կրելու:
Կարենը այդպես էլ չժպտաց մորը: Նա եւս հեռացավ զինված պահակախմբի ուղեկցությամբ: