Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց-թատրոնի հյուրախաղերը Երեւանում, որոնք անցան մայիսի 23-27-ը, իսկական տոն էին մեր հանդիսատեսի համար, որը վաղուց արդեն իսկական թատրոնի «համն ու հոտը» չէր զգացել։
Թատրոնի առաջին ներկայացումը գրեթե ուսանողական թատրոնին հատուկ անվանում ուներ, այն կոչվում էր «Պատերազմ ու խաղաղություն. Վեպի սկիզբը. Տեսարաններ»։ Լեւ Տոլստոյի էպիկական, բազմահատոր վեպը թատրոնի դերասաններն ու իրենց ղեկավարը՝ Պյոտր Ֆոմենկոն, յոթ տարի շարունակ կարդացել են թատրոնում։ Ու թվում է` այնքան են խորասուզվել բազմաթիվ հերոսների ու սյուժետային գծերի մեջ, որ կարող են բեմադրել միայն այն հատվածները եւ միայն այնպես, ինչպես ուզում են։ Շատ բանի մասին նրանք խոսում են կատակով, թեթեւությամբ, մեծ ուշադրություն են դարձնում հերոսների կերպարներին։ Սա ոչ թե Տոլստոյի հայտնի վեպի սոսկ ներկայացումն է, այլ՝ նրբանկատորեն արված զրույց է, որի մեջ հումոր, ընտանեկան ջերմություն ու սովորական կյանք ու մարդկային ցանկություններ կան։ Եթե մաքրենք տարիների ընթացքում հերոսների վրա գոյացած ճանաչելիության շերտը, կարող ենք պարզել, որ Նատաշա Ռոստովան ոչ թե միայն միամիտ ու գեղեցիկ աղջիկ է, այլ՝ բավականին խորամանկ ու նպատակասլաց մարդ է, որ ռոմանտիկ կոմս Բալկոնսկին պատերազմի է գնում, որպեսզի հանգստանա ընտանեկան կյանքից, որ Պիեռ Բեզուխովը ծույլ ու ծիծաղելի կարող է լինել։ Ռեժիսորը հսկա վեպը փոքր սենյակների է բաժանել ու կենդանացրել դրանք։ Ներկայացումը պարզ կառուցվածք ունի ու մի քանի դրվագների է բաժանված, բոլոր դերասանները մի քանի դերեր են կատարում։ Բեմադրության մեջ կարեւորը մթնոլորտն է, այն մթնոլորտը, որը պատում է պատերազմի պատրաստվող երկրում ապրող մարդկանց։ Ոմանք ուզում են հերոսանալ ու սեփական երկիրը պաշտպանել, ոմանք՝ «խաղում» են պատերազմ, իսկ ոմանք էլ՝ իրենց դեռ չծնված երեխայի մասին են մտածում։ Ո՞րն է ավելի կարեւորը` նշանակություն չունի, քանի որ բոլորն էլ ճիշտ են։ Ներկայացումն ավարտվում է շատ զուսպ ու կտրուկ՝ պատերազմ մեկնելով։ Հնչում են «Աստված գիտի, կվերադառնա՞ն, թե՞ ոչ» ուրախ երգի բառերը։ Ֆոմենկոն ասել է, որ չի պատրաստվում ներկայացման շարունակությունը բեմադրել։ Նա ընդհանրապես թատերային անավարտություն ու բազմակետեր սիրող ռեժիսոր է։ Եվ շատ է կարեւորում մանրուքներն ու բեմի էմոցիոնալ դաշտը։ Ներկայացումը դիտելուց հետո էլ հիշողության մեջ են մնում այն մի քանի շտրիխները, որոնց օգնությամբ դերը սկսում է «շնչել»։ Չկա Տոլստոյի ծանրակշիռ բարոյականությունը, փոխարենը՝ կա թեթեւություն ու փխրունություն։ Այո, պատերազմ է, բայց ընտանիքն ու ջերմությունը բոլոր ժամանակներում են պետք։ Եվ Ֆոմենկոյի թատրոն-արվեստանոցի դերասանները հանրածանոթ վեպի մասին պատմում են առանց պաթոսի ու վեհության, պատմում են մանրուքների ու փայլուն դերասանական խաղի միջոցով։ Թատրոնը ոչ թե լոզունգների, այլ՝ խաղի վայր է։ Չորս ժամ տեւողություն ունեցող այս ներկայացումը ոչ մի վայրկյան անգամ ձանձրալի չի թվում։ Վեպը բաց տարածք է, որտեղ թերթում ես էջերն ու ուզում ես շարունակել կարդալ։
Այս թատրոնը շատ հետաքրքիր սկզբունք ունի. աշխատում է բեմադրել ոչ հանրածանոթ պիեսները, այլ՝ այն գրական գործերը, որոնց վրա կարելի է թարմ հայացք նետել, եւ միշտ մի քանի ռեժիսորների է բեմադրելու հնարավորություն տալիս, որպեսզի հայացքի այդ թարմությունը ոչ մի դեպքում չկորի։ Թատրոնն իր 20-ամյա պատմության մեջ մի քանի դերասանական սերունդ է պատրաստել, քանի որ «արվեստանոց» բառն արդեն իսկ ենթադրում է ստուդիա ունենալու ու փորձարկելու կարեւորությունը։ Այս թատրոնում են կայացել Քսենիա ու Պոլինա Կուտեպովա քույրերը, Գալինա Տյունինան ու Մադլեն Ջաբրաիլովան, մեծ պահանջարկ ունեցող դերասանուհիները, որոնք ունեն իրենց սեփական բեմական ֆակտուրան ու ոճը։
Թատրոնը մարդկանց վրա հսկայական ներգործություն կարող է ունենալ, թատրոնը ծնվում ու մահանում է հենց քո աչքի առաջ՝ թողնելով հիշողության մեջ վերապրելու գեղեցիկ ունակության կարեւորությունը։ Եթե, իհարկե, բեմադրության հեղինակն իր գործի վարպետն է լինում։ Ռուսաստանում Պյոտր Ֆոմենկոն վաղուց արդեն մեծ վարպետ է համարվում։ Նա անսամբլային խաղի կարգավորող է։ Եվ որպես լավ ռեժիսոր՝ իր ներկայացումները կառուցում է դերասանների խաղն ընդգծելով ու խաղի մեջ ընդգրկելով ողջ բեմական տարածքն ու ռեկվիզիտը։ Շատ հաճախ թատերային էքսպերիմենտ ասելով՝ ռեժիսորները գլուխկոտրուկ ներկայացումներ են ստեղծում, ցանկանալով պարզ բաների մասին խճճված ասել ու գլուխկոտրուկների գաղտնիքները չհասկացած հանդիսատեսին կշտամբել՝ թատրոնը չհասկանալու մեջ։ Իսկ Ֆոմենկոյի թատրոնն անում է ճիշտ հակառակը, պարզ կառուցվածքի մեջ է վերցնում կյանքի բազմագույն դրվագներն ու բեմ է տեղափոխում բազմաթիվ ենթատեքստերն ու կիսաերանգները։
Երջանկության բանաձեւը
Ոչ երիտասարդ մարդն ամուսնանում է երիտասարդ աղջկա հետ, աղջիկն անցնում է աշխարհիկ կյանքի գայթակղությունների միջով ու դժբախտ է դարձնում ամուսնուն։ Հետո, սակայն, նա խելքի է գալիս ու ընտանիք է վերադառնում։ Ահա այսպիսի պարզ սյուժետային գիծ ունի Լեւ Տոլստոյի վեպի հիման վրա արված «Ընտանեկան երջանկություն» ներկայացումը, որը հարստանում է բազմաթիվ դետալներով ու մանրուքներով ու զարմանալի էֆեկտ է ստանում։ Հատուկ լուսային կամ ձայնային էֆեկտներով հագեցած թատրոնները, նույնիսկ՝ ֆիլմերը, այդքան մեծ ներգործություն թողնել չեն կարող, որքան թողնում է կամերային ու «կենդանի» այս ներկայացումը։ Դադարները, շարժումները, ինտոնացիան, ժպիտը, նույնիսկ թարթիչների մեկ թռիչքը փոխհարաբերությունների այնքան շերտեր է բացում, որ սյուժեն դադարում է կարեւոր լինել: Կարեւորը դառնում է խաղը։ Այս ներկայացման մեջ ամեն ինչը «խաղում» է՝ վարագույրները, բարձերը, մուրաբան ու թեյը։ Դետալները ներկայացման մեջ շատ խոսուն են, թեյն էլ, մուրաբան էլ` իսկական են։ Հենց այնպես ոչինչ չկա, երկու դաշնամուր է, երկուսն էլ խաղի մեջ են մտնում։ Եվ բեմական կյանքը շատ ավելի ռեալ է դառնում, քան իսկական կյանքը, քանի որ բեմում այնքան չասված, բայց ենթադրվող մտքեր ու էմոցիաներ կան, որ նույնիսկ դժվար է դրանք գիտակցել։ Պետք է գործի դնել ենթագիտակցությունը։
«Ընտանեկան երջանկություն» կամերային ներկայացման հերոսուհուն (Քսենիա Կուտեպովա) Պյոտր Ֆոմենկոն խաղ-պարի միջոցով է հայտնագործում։ Գլխավոր դերասանուհին իր դերը պարում է, նրա խոսքերն էլ են պարում։ Սկզբում նա որպես անփորձ ու կյանքի ծարավը սրտում աղջիկ է, որը թռչկոտում է, փորձում է կյանքի անհագ ռիթմին հարմարվել, իսկ հետո արդեն պարում է որպես հասուն կին, որը թեթեւամտորեն աշխարհիկ կյանքի հաճույքների մեջ է սուզվում ու ինքն իրեն փորձում համոզել, որ իսկական կյանքը ոչ թե գյուղական կալվածքում է, այլ՝ Պետերբուրգի պարահանդեսներում։
Լեւ Տոլստոյն ընդհանրապես կանանց չէր սիրում, կանանց նա թեթեւամիտ ու անլուրջ էակներ էր համարում, այս վեպում էլ նա քննադատում էր իր հերոսուհուն, որն ընտանեկան պարտավորությունները փոխում է զվարճանքի հետ։ Սակայն Ֆոմենկոն սոցիալական կամ քննադատական հարցադրումներ չի անում, այլ՝ խնդիրը շատ թատերային տարրերով է լուծում։ Նա խնդիր չի էլ ներկայացնում, պարզապես գեղեցիկ գծագրում է հերոսների բնավորությունները, եւ հրավիրում է հանդիսատեսին՝ հիանալ իր հերոսուհու կերպարով։ Միամիտ եւ, միաժամանակ, սեթեւեթ Մաշան, ինչպես իրեն կոչում էին՝ «աղջիկ-մանուշակը», փորձում է հասկանալ՝ ինչո՞ւ է պատրանքի պես կորչում երջանկության զգացումը։ Նույնը փորձում է անել իր ավելի հասուն ամուսինը, որի համար սիրել՝ նշանակում է՝ չվնասել սիրած էակին։ Նա հասկանում է, որ այդ դեպքում նա ինքն իրեն է վնասում։
Երջանկությունն ընդհանրապես շատ տարօրինակ զգացում է, այն հայտնվում է այն պահին, երբ ինքդ քեզ երջանիկ ես համարում։ Ֆոմենկոյի արվեստանոցի այս ներկայացման մեջ մի քանի անգամ տարբեր կոնտեքստներում կրկնվում է երեք հերոսների համատեղ թեյ խմելու տեսարանը։ Այն նաեւ բեմադրության ֆինալն է։ Երբ կրակը հարաբերություններում ավարտվում է, բայց հաճելի է միասին թեյ խմել (անպայման բալի մուրաբայով), ուրեմն, կյանքը շարունակվում է։ Ուրեմն, կարող ես քեզ երջանիկ համարել։ Նույնիսկ՝ եթե հազիվ ես զսպում արցունքներդ։
Երջանկության բանաձեւը միշտ անորսալի է, եւ «Ընտանեկան երջանկություն» ներկայացումն ավարտվում է այնպես, ինչպես ավարտվում է ընտանեկան զույգերի յուրաքանչյուր օրը՝ բազմակետով։ Ուզում եք՝ ձեր կյանքը երջանիկ համարեք, ուզում եք՝ ոչ, դա ձեր գործն է։
Ներկայացման մեջ չկա պաթոս, կա միայն թատրոն։ Եվ դրա շնորհիվ Տոլստոյի բավականին ձանձրալի ու խրատական վեպը վաղանցիկ երջանկության մասին պատմող մի պատմություն է դառնում, որը պատմվում է հենց թատրոնի լեզվով։
Թատրոնի դերասանները պատմում էին, որ Պյոտր Ֆոմենկոն անընդհատ իր ներկայացումների մեջ ինչ-որ բաներ է ավելացնում, կասկածում է, փոփոխում է, փորձում է թույլ չտալ, որ իր ներկայացումները կարծրանան, քարանան, մեկընդմիշտ հաստատված ֆորմա ունենան։ Չէ՞ որ թատրոնի գաղտնիքը կենդանության մեջ է։ Միգուցե, եթե նման խստությամբ ու պրոֆեսիոնալիզմով իրենց աշխատանքին մոտենան մեր թատրոնների ղեկավար-ռեժիսորները, թատրոնի խաղացանկային բնույթն այդքան սարսափելի չի թվա։ Բեմադրելը, ներկայացում հանձնելն ու, որքան կարելի է, երկար խաղացանկում պահելը կարելի է միայն այն ժամանակ, եթե ասելիքն ու ասելու կերպը չեն հնանում։
Խոսելով լավ դերասական դպրոցի մասին (որի մասին ուսերը թափ տալով խոսում էին մեր հանրապետության դերասաններն ու ռեժիսորները, կարծես ասելով՝ դե, մենք այդպես չենք կարող, որովհետեւ ռուսները «շկոլա» ունեն, իսկ մենք՝ ոչ), պետք է նշել, որ դերասանները, հատկապես՝ դերասանուհիները դերերը կենդանացնում են ոչ այնքան խոսքերի, որքան՝ շարժումների միջոցով։ Պսեւդո-պաթոսային գոռգոռոցները, որոնք հատուկ են մեր գրեթե բոլոր դերասանների արտիստական մաներային, կարծես քարե դար են հիշեցնում։ Կարեւորի մասին ոչ թե գոռալու, այլ՝ իմիջիայլոց շշնջալու կարողությունը լավ թատրոնի հատկություններից է։ Եվ շատ լավ էր, որ մեր՝ թատերական իրադարձությունների պակաս ունեցող քաղաքում մենք տեսանք ամենալավ թատերային խմբերից մեկի աշխատանքները։ Տեսան նաեւ ուսանող-դերասաններն ու ուսանող-ռեժիսորները, որոնք հիացմունքով պատմում էին, որ ռուսական բեմի աստղ, անսահման հմայքի տեր դերասանուհի Քսենիա Կուտեպովան ներկայացումից երկու ժամ առաջ էր գալիս թատրոն ու մինչ վարագույրի բարձրանալը՝ երկու ժամ փորձ էր անում։ Ով էլ որ լինի հանդիսատեսը, դերասանը ստելու իրավունք չունի։ Իսկ դերասանի մարմինն ու ձայնը կարող են ստել, եթե ֆորմայի մեջ չեն։ Գուցե հենց դա հասկանալու մե՞ջ է «շկոլա» բառի բանալին։