Ինտերնետի միջոցով սեպտեմբերին կստեղծվի վիրտուալ «Հայ թուրքական երիտասարդական ակումբ»` «Հայաստան-Թուրքիա տարածաշրջանային երկխոսություն եւ համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրին հայկական կողմից մասնակցում է «Երիտասարդական ակադեմիա» հասարակական կազմակերպությունը: Ծրագրի տնօրեն Արտակ Բարսեղյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. հավաքվում է տարբեր բնագավառներին` մշակույթ, էկոլոգիա, այլ ոլորտներին առնչվող տեղեկատվություն, որը հետաքրքրում է երիտասարդներին: Հայ եւ թուրք երիտասարդների միջեւ երկխոսություն ու համագործակցություն հաստատելու նպատակով ստեղծվելու են համատեղ ղեկավարվող վեբ-ռեսուրսներ, այդ թվում` էլեկտրոնային առցանց (online) ֆորումներ: Դրանց կմասնակցեն ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ այլ երկրների երիտասարդներ: Եռամսյակը մեկ անգամ լույս կընծայվի էլեկտրոնային թերթ` «Ակումբային գոտի»: Կկազմակերպվեն համատեղ կլոր-սեղաններ, երկու երկրների երիտասարդների փոխադարձ այցելություններ: