Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դավիթ Ղազարյանին ծեծելու վերաբերյալ մայիսի 19-ին նրա ներկայացրած գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցված քր. գործը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով տեղափոխվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ` նախաքննությունը շարունակելու համար: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Դ. Ղազարյանը գրավոր հաղորդում էր ներկայացրել, ըստ որի` մայիսի 18-ին, ժամը 02:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանի դիմաց, խաչմերուկ իջնող ճանապարհին վազանց կատարելու ժամանակ «թեթեւակի» բախվել է «Մերսեդես C» կլասի ավտոմեքենային, որից հետո նշված ավտոմեքենայի վարորդն իր ընկերների հետ միասին իրեն ծեծի են ենթարկել: Հայտարարության մեջ մատնանշված հանգամանքների շուրջ Դ. Ղազարյանը հարցաքննվել է, որի ժամանակ վերահաստատելով վերոնշյալ հայտարարությունը, ավելացրել է, որ իրեն ծեծողների մեջ ճանաչել է Գառնիկ Մուրադյանին, ում ինքը տարիներ առաջ բերման է ենթարկել ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Դ. Ղազարյանը, հիվանդի բժշկական քարտի համաձայն, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մայիսի 18-ին, ժամը 23:50-ի սահմաններում, որտեղ ենթարկվել է բուժզննման, եւ նրան ցուցաբերվել է բուժօգնություն: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի` Ոստիկանության մարմինները միջոցներ են ձեռնարկում Գ. Մուրադյանին հայտնաբերելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել նախաքննությունն իրականացնող մարմնին՝ ապահովելու քր.գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունը: Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների, Դ. Ղազարյանին իրականում ծեծել էր ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Սակայն դեպքի մասին մամուլում հրապարակվելուց հետո շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, որ ոստիկանին ծեծել է Կ. Գուլոյանի ընկերներից մեկը, նրա ներկայությամբ: Դժվար չէ կանխատեսել, որ սա դառնալու է հերթական հանցագործությունը կոծկելու հերթական դեպքը, որը կարող է նաեւ հրաշալի «ծառայողական քննության» հիմք դառնալ վարչապետի համար` մամուլի դեմ սկսած պայքարի ճանապարհին: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, անցած շաբաթ երեք ուսանողուհիների վրաերթի ենթարկելու գործը եւս փորձ է արվում կոծկել. մեր տեղեկություններով, այս օրերին իրավապահ մարմինները փորձում են վրաերթ կատարող, ներկայումս փախուստի մեջ գտնվող Վ. Ղահրամանյանի` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբորորդու փոխարեն «հայտնաբերել» մեկ ուրիշին: