Պայմանական պատիժ

29/05/2008

Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանը հանցավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանի հանցանքն այն է, որ «2008թ. փետրվարի 29-ին` ժամը 24-ի սահմաններում, նույն բաժնի պետ Ա.Կարապետյանից հանձնարարություն ստանալով՝ ժամ 05:30-ին ապահովել անձնակազմի ներկայությունը` զննության գնալու համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ ի պաշտոնե իրեն հայտնի դարձած հիշյալ գաղտնի տեղեկությունը նույն գիշեր հեռախոսով փոխանցել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված զանգվածային միջոցառման ակտիվ մասնակից, հորաքրոջ որդի Սուրեն Հայրապետյանին»: Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության` «արդյունքում` 2008թ. մարտի 1-ին` ժամը 06:00-ի սահմաններում, երբ Ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել զննություն կատարելու` ստուգելու նրանց մոտ զենքի եւ զինամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, հանրահավաքի մասնակիցները, Ա.Նիկողոսյանի փոխանցած տեղեկատվությունից նախապատրաստված, դիմադրություն են ցույց տվել Ոստիկանության աշխատակիցներին»: Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Արմեն Նիկողոսյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: