Երեկ ՀՀ ԱԺ-ն միանգամից երկու ընթերցմամբ քննարկեց եւ 80 «կողմ», 4 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Օրենքների այս անուններն, իհարկե, ոչինչ չեն ասում, սակայն կարելի է կարճ ասել, որ այս փոփոխությունը կատարվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ եւ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանի լիազորություններն ու հնարավորությունները մեծացնելու համար: Այսինքն, սա օրինագիծ էր ԱԱԽ-ի համար կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին: Թեեւ օրինագծին դեմ արտահայտվեց միայն «Ժառանգություն» խմբակցությունը, սակայն նկատելի էր, որ ՀՀԿ-ն եւս խանդավառված չէ, որ նաեւ իր միջոցով այդքան մեծանում են ՕԵԿ-ի լիազորությունները: Օրինակ` ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը կասկածի տակ առավ նման փոփոխությունների անհրաժեշտությունը, նշելով, որ դա նպատակահարմար չէ ԱԱԽ մասին օրենքի բացակայության պայմաններում: Պատգամավորի խոսքերով՝ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը նախ ներկայացներ օրենք ԱԱԽ-ի մասին, եւ միայն դրանից հետո նախաձեռներ նոր աշխատակազմի ստեղծումն ու դրա կադրերի համալրումը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հարցնում էր, թե մինչ այսօր ի՞նչ խնդիր է լուծել Անվտանգության խորհուրդը, եւ ի՞նչ ենք կորցրել աշխատակազմի բացակայության պայմաններում: