Մայիսի 21-ին Տերյան փողոցում «Հելսինկյան ընկերակցություն» հ/կ նախագահ Միքայել Դանիելյանի եւ Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի արդյունքում քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ վերոնշյալ միջադեպի արդյունքում Մ. Դանիելյանը վնասվածք էր ստացել, մինչդեռ Տ. Ուրիխանյանը հավատացնում էր, որ կրակել է օդ` օրինականորեն իրեն պատկանող անգնդակ զենքով: Երեկ ՀԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Մ. Դանիելյանի կողմից տարածվել են «հասարակությանը թյուրիմացության մեջ գցող եւ բացարձակ սուտ տեղեկություններ»: Չնայած
Տ. Ուրիխանյանը վստահ է, որ անաչառ քննության պարագայում Դանիելյանը պետք է դատապարտվի ազատազրկման` անբարոյական եւ քրեորեն պատժելի արարքների համար, այնուամենայնիվ, նա պատրաստ է Դանիելյանին հնարավորություն տրամադրելու իր տեսակետն ու պնդումները հրապարակայնորեն ապացուցելու համար: Նա առաջարկում է Մ. Դանիելյանին «Իմ իրավունքը» հեռուստատեսային միջնորդ դատարանում` մեր հասարակության եւ ողջ աշխարհի առջեւ հակադարձել իրեն ներկայացվող մեղադրանքներին:
Փորձեցինք միջադեպի մասնակից երկու կողմերից էլ ճշտել, թե ներկայումս գործն ինչ ընթացքի մեջ է, եւ իրենք այս կապակցությամբ ինչ են պատրաստվում անել:
Տ. Ուրիխանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ արդեն տարածվել են Ոստիկանության պաշտոնական տվյալները, համաձայն որոնց` առաջինը հարձակվել է Մ. Դանիելյանը, ալկոհոլի ազդեցության տակ, հարվածել, ինչից հետո ինքը «ստիպված» է եղել կրակել: «Այդ դեպքում, սակայն, ինչպե՞ս է ստացվել, որ Մ. Դանիելյանը վնասվածք է ստացել»` մեր այս հարցին ի պատասխան` Տ. Ուրիխանյանը նշեց, որ ինքը միմիայն օդ է կրակել: «Անգնդակ զենքով օդ կրակելու դեպքում նա չէր կարող վիրավորվել, երեւի ինքն իրեն ճանկռտելով, կամ չգիտեմ ինչպես է վիրավորվել, ասելով` թե վնասվածք է ստացել կամ ես մահափորձ եմ կատարել»,- ասաց նա: Տ. Ուրիխանյանը կրկին պնդում է, որ ինքն է առաջինը զանգահարել Ոստիկանություն, եւ ոչ թե Մ. Դանիելյանի կողմնակիցները: «Առաջինը ես զանգահարել եմ Ոստիկանություն, ինչը տեսնելով, երեւի իրենք էլ են զանգահարել»,- ասաց նա` ավելացնելով, որ ոչ թե Մ. Դանիելյանն է վնասվածք ստացել, այլ` ինքը: «Ես աչքի երկու լուրջ վիրահատություն եմ տարել, ու նրա հարվածից վնասվեցի, հիմա դատաբժշկական փորձաքննություն եմ անցնում»,- ասաց նա` հավելելով, որ եթե «հետաքննությունը չենթարկվի ամերիկյան ազդեցությանը», Մ. Դանիելյանը պետք է պատասխանատվություն կրի իր վրա հարձակվելու համար: Տ. Ուրիխանյանը, իր խոսքերով` պատրաստ է Մ. Դանիելյանին արդարանալու հնարավորություն տալ` նրան հրավիրելով «Իմ իրավունքը» հեռուստատեսային միջնորդ դատարան: «Մ. Դանիելյանի պատասխանի վերջնաժամկետը մայիսի 28-ն է»,- հայտարարեց նա:
Միքայել Դանիելյանը, սակայն, չի պատրաստվում ընդունել այս առաջարկը: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ ինքը չի պատրաստվում աշխատել Տ. Ուրիխանյանի իմիջի վրա: «Տիգրան Ուրիխանյանը չկայացած քաղաքական գործիչ է, եւ ես էլ PR-ի մասնագետ չեմ: Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու, նրա ասածները ոչ մի կերպ չեմ մեկնաբանելու, ես շատ հանգիստ սպասում եմ գործի ընթացքին, տեսնեմ` ինչպիսին կլինի, նոր կորոշեմ հետագա անելիքներս: Ամեն դեպքում ես հավատում եմ քննության անաչառությանը»,- ասաց նա: Իսկ Տ. Ուրիխանյանի այն նկատառմանն ի պատասխան, թե գործն ի վնաս իրեն է, Մ. Դանիելյանը պատասխանեց. «Ուրեմն, եթե Ուրիխանյանը կապեր ունի քննչական մարմիններում, ես ի՞նչ կարող եմ անել»: Ի պատասխան Տ. Ուրիխանյանի այն պնդմանը, թե ինքը միայն օդ է կրակել, Մ. Դանիելյանը նշեց, որ ինքն իր ստացած վերքերն արդեն ցույց տվել է: «Եթե ինքը կրակում է, հետո վախենում է ասել, որ կրակել է, ոչինչ ասել չեմ կարող: Ես նրան չեմ հարվածել, միայն պաշտպանվել եմ: Ես մարդկանց չեմ հարվածում, նույնիսկ այնպիսի մարդկանց, ինչպիսին Տ. Ուրիխանյանն է»,- հակադարձեց Մ. Դանիելյանը: