«Մենք մտահոգված ենք այն հիմնախնդիրներով, որոնք ծագեցին ընտրությունների ընթացքում, եւ այն բռնություններով, որոնք տեղի ունեցան ընտրություններից հետո: Մենք Հայաստանի լավ բարեկամն ենք եւ ուզում ենք, որ Հայաստանը ժողովրդավարական լինի»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը: Վերջինիս գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են կոնգրեսականներ Էլիսն Շվարցը եւ Ուեյն Գիլքրեսթը, անցած շաբաթվա վերջին ժամանել էր Երեւան եւ հանդիպումներ ունեցել Հայաստանի ղեկավարների, կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես Ա. Շիֆի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի, Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի, Ավետիս Ավագյանի եւ Արման Մուսինյանի հետ:
«Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը տեղյակ է այն հիմնախնդիրների մասին, որոնք ծագեցին ընտրությունների ընթացքում եւ դրանցից հետո: Իշխանությունները գիտեն նաեւ, որ այդ ամենն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում»,- ներկայացնելով հանդիպումներից ստացած իր տպավորությունները` ասել է Շիֆը: Խոսելով հետընտրական շրջանում քաղաքական հայացքների համար կալանավորվածների մասին՝ Ադամ Շիֆը նշել է. «Այդ հարցը ես քննարկել եմ Պետդեպարտամենտի հետ: Եվ Պետդեպարտամենտը շատ մտահոգված է, որ կալանավորված մարդիկ կան, ովքեր կալանավայրում են հայտնվել քաղաքական արշավի ժամանակ ելույթ ունենալու եւ իրենց տեսակետները արտահայտելու համար: Դա մարդուն կալանավորելու հիմք չէ: Ոչ ոք չի ասում, որ պետք է ազատ արձակվեն այն մարդիկ, ովքեր բռնարարքներ են գործել: Բայց մարդիկ չպետք է ձերբակալվեն եւ դատվեն միայն իրենց տեսակետներն արտահայտելու համար, քանզի, որքանով ես գիտեմ, ազատ արտահայտվելու իրավունքն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությունում»: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կարո՞ղ է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, կասեցնելով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, որով առաջիկա տարիներին Հայաստանին հատկացվելու է մոտ 260 միլիոն դոլար, կոնգրեսականը հայտարարել է: «Կարծում եմ, մեծ ողբերգություն կլինի, եթե այդ ծրագիրը կասեցվի, որովհետեւ դա չափազանց կարեւոր ծրագիր է: Ամոթալի կլինի, եթե այն վտանգվի ժողովրդավարությունից շեղվելու պատճառով: Ծրագրի իրականացման պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ ծրագիրը կասեցվեր, ոչ մի երկրում նման բան չի եղել: Եվ մենք չէինք ցանկանա, որ Հայաստանն առաջինը լիներ»: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատում ներկայացրել էր մի նախագիծ, որը պահանջում է Թուրքիայից` վերացնել Հայաստանի շրջափակումը: Արդյոք դա նշանակում է, որ կոնգրեսականի կարծիքով՝ Բուշի վարչակազմը բավարար ջանքեր չի՞ գործադրում Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար: Այս հարցին ի պատասխան՝ Ադամ Շիֆն ասել է. «Կարծում եմ, պետք է արվի ավելին: Նման բան չպետք է լինի Կովկասում, Եվրոպայում կամ որեւէ այլ վայրում: Մենք ցանկանում ենք ասել վարչակազմին, որ այս հարցին պետք է ուշադրություն դարձվի, որովհետեւ Հայաստանի շրջափակումը մեծապես բարձրացնում է ապրանքների գները Հայաստանի բնակչության համար, եւ սրան պետք է վերջ դրվի: Եվ մենք ցանկանում ենք հարցնել վարչակազմին` «ի՞նչ քայլեր եք դուք ձեռնարկում շրջափակումը վերացնելու համար: Մենք կուզեինք, որ Հայաստանը դառնար Կովկասի Silicon Valley-ը («Սիլիկոնե հովիտը»), որտեղ զարգանան նորագույն տեխնոլոգիաները,- հայտարարել է Ա. Շիֆը` ավելացնելով,- «Հուսով եմ, որ մոտ ապագայում իմ առաջարկած բանաձեւը կդրվի քվեարկության, բայց գիտեմ նաեւ, որ Թուրքիան պայքարելու է այդ փաստաթղթի դեմ, ինչպես պայքարել է իմ առաջարկած այլ բանաձեւերի դեմ»: Ըստ նրա, Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել նաեւ ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի դեմ: «Մենք ցանկանում ենք այդ բանաձեւը քվեարկության դնել Ստորին պալատում այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ բավարար թվով ձայներ կստանանք: Մենք ցանկանում ենք ավելի լայն աջակցություն ապահովել: Ես հավատում եմ, որ Կոնգրեսը կճանաչի ցեղասպանությունը, եւ կարծում եմ, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ դեռ ողջ կլինեն ցեղասպանությունը վերապրածներից գոնե մի քանիսը»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը: Ադամ Շիֆը դեմոկրատ է, իսկ դեմոկրատների ճամբարում այժմ թեժ ընտրապայքար է ընթանում Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի միջեւ: «Ես, իհարկե, այս հարցում շատ սուբյեկտիվ եմ, բայց ես մի քանի նահանգում քարոզել եմ Բարաք Օբամայի օգտին: Կարծում եմ, նա շատ լավ նախագահ կլինի»,- ի պատասխան հարցին` թե դեմոկրատ թեկնածուներից ով է իր համար ավելի գերադասելի, ասել է Ադամ Շիֆը: