Ընթերցողներից շատերը, թերեւս, արդեն գիտեն, որ մայիսի 24-ին Դիլիջանում կազմակերպվել է Ֆինանսաբանկային առաջին կոնֆերանսը, որին մասնակցում էին ՀՀ նախագահը, վարչապետը, բանկերի նախագահներ եւ այլք։
Բնականաբար, խոսվել է ՀՀ-ի՝ ֆինանսական կենտրոն դառնալու, բանկային համակարգի բարելավման, համահայկական բանկ ստեղծելու եւ այլ լավ-լավ բաների մասին: Իսկ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետաքրքիր զուգադիպությամբ, ՀՀ նախագահի խոսքից մեջբերել էին հետեւյալ հատվածը. «Այսուհետ ֆինանսական կայուն համակարգի տեմպերը գնահատելու համար պատասխանատուներից պահանջվելու է ոչ թե ցուցանիշների համեմատություններ տարածաշրջանի երկրների հետ, այլ` փաստեր, թե որքանով է երկրի համակարգը տվյալ ժամանակահատվածում մոտեցել աշխարհի առաջատարների չափանիշներին»։ Անկեղծ ասած, երբ լուրերի թողարկումով լսում էի Ս. Սարգսյանին, «այլ» բառից հետո ուրիշ շարունակության էի սպասում. ասենք՝ պահանջվելու են ոչ թե ցուցանիշներ, այլ՝ իրական քայլեր, արդյունքներ։ Իսկ այսպես, ստացվում է, ցուցանիշներ ուռճացնելու հարցում մասնագիտացած կառույցներն ավելի եռանդով են լծվելու իրենց գործին։
Շատերն են նշում, որ Հայաստանի բանկային համակարգը, մյուս ոլորտների համեմատ, առավել զարգացած է։ Սակայն իր հիմնական ֆունկցիաներից մեկը՝ ռեսուրսների վերաբաշխումը, արդյունավետ չի կատարում, չի նպաստում, որ բնակչության ազատ միջոցները հայտնվեն այդ միջոցների կարիքն ունեցող գործարարների մոտ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է այդ խնդրին՝ նշելով, որ ԿԲ հետազոտությունների համաձայն, երկրում առկա են մոտ 2 մլրդ դոլար կանխիկ միջոցներ, որոնք չեն նպաստում տնտեսական զարգացմանը: Իսկ դրա համար, վարչապետի կարծիքով, պետք է ստեղծվեն տարաբնույթ ֆինանսական ծառայություններ եւ գործիքներ: Ի դեպ, Տ. Սարգսյանը նման երեւույթների մասին խոսելիս անպայման կարեւորում է վստահության առկայությունը, ինչը, թերեւս, ամենակարեւոր խնդիրն է։
Սակայն, նույն կոնֆերանսի ժամանակ Տ. Սարգսյանը խոսել է նաեւ մեկ այլ բանի մասին, որը դժվար է հասկանալ։ Մասնավորապես, Տ. Սարգսյանը տեղեկացրել է, որ երկրի նախագահի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը մշակում է «շահերի բախման բացահայտման ինստիտուտ ստեղծելու մասին փաստաթուղթ»: Ինչպես պարզաբանել է Տ. Սարգսյանը, այդ փաստաթղթով նախատեսված է, որ քաղաքական գործիչները, պատգամավորները, քաղծառայողները, նախագահներն իրենց պաշտոնը ստանձնելուց հետո չեն կարող բիզնեսով զբաղվել: Այսինքն` Հայաստանում կստեղծվեն ինստիտուտներ, որոնք կարող են իրենց վրա վերցնել այդ մարդկանց բիզնեսի կառավարումն այն ժամանակահատվածում, երբ նրանք զբաղեցնում են վերը նշված պաշտոնները:
Այս ամենը զարմանալի է մի շարք պատճառներով։ Առաջին. այն, որ պատգամավորներն ու պետական պաշտոնյաները բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն, նախատեսված է ոչ թե ինչ-որ մշակվող փաստաթղթում, այլ ՀՀ Սահմանադրությամբ։ Սահմանադրության 65-րդ հոդվածն ասում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Իսկ 88-րդ հոդվածը նույնը արգելքը սահմանում է նաեւ կառավարության անդամների համար: «Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»։
Վարչապետի խոսքերի վրա զարմանալու երկրորդ պատճառը հետեւյալն է. մեր երկիրը, «թարսի նման», այնքան փոքր է, որ դպրոցահասակ երեխաներն էլ կարող են ասել՝ ո՛ր պատգամավորը, ո՛ր նախարարը, փոխնախարարը ինչ բիզնես ունի։ Այնպես որ, լրացուցիչ կառույցի ստեղծումը՝ այն էլ «ինստիտուտ» վեհաշուք անունով, ոչ միայն անիմաստ «թիթիզություն է», այլ նաեւ՝ ռեսուրսների վատնում, որովհետեւ ինստիտուտը պետք է ունենա շենք, միջոցներ, մեքենաներ, տեխնիկա, աշխատողներ եւ այլն։ Ու չափազանց դժվար է հավատալ, որ մի օր այս կառույցը հայտարարելու է, թե այսինչ պատգամավորը զբաղվում է, օրինակ, ռեստորանային բիզնեսով, խախտում Սահմանադրությունը, ու հետամուտ է լինելու, որ նա զրկվի մանդատից եւ պատասխանատվության ենթարկվի՝ Սահմանադրությունը խախտելու համար։ Եվ ընդհանրապես, եթե նման կառույցն իրականում ամբողջությամբ կատարի իր պարտականությունները, ապա երկրի կայունությունը կխարխլվի. ԱԺ-ն կմնա առանց պատգամավորների։
Բացի այդ, եթե նման կառույցի առկայությունը պարզապես անհրաժեշտ է՝ «շահերի բախումը բացահայտելու» համար, ուրեմն կարող ենք ենթադրել, որ նախկինում, երբ կառույց չկար, շահերը միշտ բախվել են։ Ընդ որում՝ արդյունքը միշտ եղել է ի վնաս պետության։
Ակնհայտ է, որ նոր կառավարությունը շատ ջանասիրաբար է լծվել նորանոր կառույցներ ստեղծելու գործին՝ «Ազգային մրցունակության խորհուրդ», «Համահայկական բանկ», շահերի բախման բացահայտման ինստիտուտ եւ այլն։ Սակայն դժվար է ասել՝ որն է գլխավոր նպատակը՝ տնտեսությունն ավելի մրցունակ դարձնե՞լը, թե՞ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելը կոալիցիոն գործընկերների համար։ Եթե իրական նպատակը վերջինն է, ապա չենք զարմանա, եթե մի օր ստեղծեն «նորանոր կառույցների ստեղծման նպատակահարմարությունը հիմնավորող հետազոտությունների կենտրոն»։ Ում՝ ում, բայց կառույցի ղեկավարը գոնե ինքն իր համար կապացուցի այդ նպատակահարմարությունը՝ սեփական կաբինետի, «պադավատի» ու քարտուղարուհու առկայությամբ։