Անկախության բանակ (ԱԲ) ռազմա-քաղաքական միավորումը հիմնադրվել է 1989թ. հոկտեմբերի` Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) խորհրդի (Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ) եւ Ազգային Միացյալ Կուսակցության նախկին անդամների (Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ) կողմից:
1990թ. հունվարի 19-ին Երասխում, Մովսես Գորգիսյանի զոհվելուց հետո, ԱԲ-ն ստեղծեց Ռազմական խորհուրդ, որի նախագահ եւ գլխավոր հրամանատար ընտրվեց Աշոտ Նավասարդյանը, հրամանատար` Լեոնիդ Ազգալդյանը, իսկ շտաբի պետ` Աշոտ Աղաբաբյանը:
Դեռեւս 1989թ. արդեն պարզ էր, որ արցախյան շարժումը բուն Արցախում բերելու է զինված պայքարի անհրաժեշտության, եւ արցախյան թնջուկը հանգուցալուծվելու է պատերազմով:
Այդ ժամանակ իրավիճակն արդեն անհանգիստ էր նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Հայաստանում եւ Արցախում տարերայնորեն ստեղծվում էին զինված ջոկատներ, ինչի արդյունքում ձեւավորվեց ֆիդայական շարժումը: Եվ որպես հետեւանք` ծնվեց կանոնավոր բանակի կազմավորման հրամայականը: Սրանք այն ժամանակներն էին, երբ քչերն էին հավատում, որ հնարավոր է անջատվել Խորհրդային Միությունից եւ հիմնադրել անկախ պետություն: Քչերն էին, որ իրապես համոզված էին, թե մեր ազգային խնդիրներն ու, հատկապես, Արցախի հարցը, հնարավոր է լուծել միայն անկախ ազգային պետության ստեղծման միջոցով:
«Թուրք խփելու» ֆիդայական հոգեբանությունից պետք էր ձերբազատվել, արմատավորել սեփական երկիրն ու ժողովուրդն օտարից պաշտպանելու մտածողությունը: Դա ոչ միայն ցանկություն էր, այլեւ անխուսափելի անհրաժեշտություն: 1990թ. մայիսի լույս 27-ի գիշերը գնդակահարվել էին ՀՀՇ ջոկատների 7 տղաները: Բաքվում ու Թբիլիսիում իրականացրած ջարդերից հետո Խորհրդային իշխանությունների արյունոտ ձեռքերը հասել էին Երեւան. անկարգություններ հրահրելով` նրանք փորձում էին հիմքեր ստեղծել ապագա պատժիչ գործողությունների համար: Սակայն Նուբարաշենից Երեւան մտնող ճանապարհին Անկախության բանակի մարտիկները կասեցրին Խորհրդային բանակի մուտքը մայրաքաղաք:
Մայիսի 27-ին Անկախության բանակը Երեւանում գտնվող ջոկատների հետ կազմակերպեց մայրաքաղաքի պաշտպանությունը. փակված էին քաղաք մտնող բոլոր ճանապարհները, դեպի Երեւանի կենտրոն տանող ճանապարհներին տեղակայված էին կամավորական ջոկատներ:
1990-93թթ. ԱԲ-ն մասնակցել է հետեւյալ մարտական գործողություններին.
1990թ. Երասխ, Նյուվադի, Վայք, մայիսի 27-ին՝ Նուբարաշեն Երեւան, Վարդենիս, Նոյեմբերյան (Ոսկեպար, Բաղանիս-Այրում), Գորիս (Խնձորեսկ):
1991-92թթ. մշտական ջոկատները տեղակայվել են ԼՂՀ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում, մասնակցել են Շուշիի եւ Լաչինի ազատագրմանը:
1993-94թթ. մասնակցել են Քելբաջարի ազատագրմանը եւ Օմարի լեռնանցքում իրականացված «Կոլցո» օպերացիային:
«Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպություն
Այս կազմակերպությունը ստեղծվել է 2000թ., եւ նրա հիմնական նպատակն Ազգային միասնության ապահովումն է, որից ածանցվում են Մայր հայրենիք-սփյուռք-Արցախ սոցիալ-տնտեսական, մշակութային կապերի ամրապնդումը, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, խաղաղ ժամանակներում Անկախության բանակի ազատամարտիկների միավորումը, սոցիալական աջակցությունը հաշմանդամներին եւ զոհվածների ընտանիքներին, նրանց աշխատանքով ապահովումը:
Որպես գերակա նպատակ՝ «Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպությունը տեսնում է Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական, սոցիալական պետության կայացումն ու քաղաքացիական հասարակության կերտումը: Այդ ճանապարհով է միայն, որ որոշակի հանգրվանում, երբ կգա հայ ազգի նկատմամբ կատարված պատմական անարդարությունների շտկման պահը, հնարավոր կլինի ողջ ազգային ներուժով նպաստել այդ պատմական պահի կայացմանը: ՀՀ պաշտպանունակության հարցերը եւս մշտապես կազմակերպության ուշադրության կենտրոնում են:
Ստեղծման պահից կազմակերպության ամենամյա միջոցառումների ծրագիրն անփոփոխ է. մայիսի 27-ին նշվում է Անկախության բանակի օրը, պետական եւ այլ պարգեւներով պարգեւատրվում են ԱԲ-ի ազատամարտիկները: Համագործակցելով 2000թ. կազմակերպության նախագահ Աշոտ Աղաբաբյանի կողմից հիմնադրված «ԱՍԱ» բարեգործական հիմնադրամի հետ, այն ամենամսյա օգնություն է հատկացնում 300 ազատամարտիկների, որոնց մեծամասնությունն այլ ջոկատներից են: Կազմակերպությունը հոգում է կարիքավոր նախկին ազատամարտիկների առողջական, ինչպես նաեւ՝ նրանց երեխաների ուսման վարձավճարների հետ կապված խնդիրների լուծումը: