«Մշակույթ» հեռուստաալիք ստեղծելու ցանկությունը մեր հանրապետության կառավարությունն արդեն հայտնել է։ Ալիքը գործելու է Հանրային հեռուստաընկերության կոմերցիոն մուտքերի հաշվին գոյատեւող «Նոր ալիքի» բազայի հիման վրա։ Եվ պետք է ենթադրել, որ ալիքն այլեւս կոմերցիոն լինել չի կարողանա, քանի որ մշակույթն ու կոմերցիան անհամատեղելի են մեդիայի ֆորմատում։ Երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ալիքի ձեւավորման հարցում խորհրդակցել էր ՌԴ Մշակույթի ու կինեմատոգրաֆիայի գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյի հետ, վերջինս իր մտավախություններն էր հայտնել։ «Ես վախենում եմ, որ դուք կամ խորհրդային ուղով կգնաք, կամ էլ չափազանց կերիտասարդացնեք ու «կթեթեւացնեք» հայկական «Մշակույթը»։ Միակ խորհուրդը, որը կարող եմ տալ, դա հետեւյալն է. փորձեք աշխատանքներում գրավել գրագետ երիտասարդներին, որոնք արժեքների մասին կարող են խոսել ժամանակակից լեզվով,- մեզ հետ զրույցում ասաց նա,- Բայց նրանք պիտի տեղյակ լինեն համաշխարհային մշակութային արժեքներից։ Իսկ եթե պետք է միայն արտասահմանյան հաղորդումներ ցուցադրեք, իմաստ չունի «Մշակույթ» ալիք ստեղծել»։ Մեկ այլ մտավախություն էլ կա. հնարավոր է, որ մշակութային ուղղվածություն ունեցող հաղորդումները պարզապես համալրեն արդեն իսկ «Նոր ալիքում» գոյություն ունեցող կլիպա-ժամանցային հաղորդումների ցանցը։ Եվ մեծ իմաստով, ալիքի քաղաքականությունը նույնը կմնա ու կշարունակի ուրախ-զվարթ քարոզել շոու-բիզնեսը։ Իսկ դասական երաժշտության համերգները մշակութայինի պատրանք կստեղծեն։ «Երբ մենք ստեղծում էինք մեր «Կուլտուրա» ալիքը, շատ լավ գիտակցում էինք, որ չենք կարողանալու մեծ լսարան ու բարձր ռեյտինգային հաղորդումներ ունենալ։ Մեզ հիմա դիտում է Ռուսաստանի բնակչության 4%-ը, եւ դա մենք շատ բարձր ցուցանիշ ենք համարում։ Ընդհանրապես նման ալիք ունենալը մեծ շքեղություն է։ Չի կարելի սկսել այն թողարկել, հետո ասել՝ չստացվեց, հիմա ստիպված պիտի գովազդ մտցնենք»,- նկատեց Մ.Շվիդկոյը։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վստահեցնում է, որ հայկական «Մշակույթում» առաջնահերթը լինելու է հայկական մշակույթը. «Ինչպե՞ս ենք դա անելու, դեռ պարզ չէ։ Մենք ռեսուրս չունենք, որը կարող է գրագետ հաղորդումներ պատրաստել։ Մենք պիտի բոլոր ուժերը հավաքենք, այլ կերպ՝ չենք կարողանա նման ալիք ունենալ։ Ես պատրաստ եմ լսել բոլոր առաջարկները, բայց ոչ ոք չի ուզում հետեւել իմ կոչին։ Չի կարելի միայն խոսել այն մասին, որ պետք է լավ մշակույթ ունենալ։ Ես գիտեմ, որ շատ դժվար է լինելու, քանի որ բոլորը «խոսող» են, այլ ոչ թե՝ աշխատող։ Շատ լավ ու ռոմանտիկ խոսում են մշակույթի մասին, բայց հենց գործել է պետք լինում, ետ են քաշվում։ Մենք հիմա պրակտիկ մարդկանց կարիքը շատ ունենք»։ Սակայն մինչ ռեսուրսի մասին խոսելը, դեռ հարկավոր է հասկանալ ապագա ալիքի կոնցեպցիան։ «Մշակույթի» մասին շատ խոսեցին մեկ ամիս առաջ, իսկ հիմա դադար է։ Ուզում ենք հավատալ, որ հիմա ժողովվում են ուժերն ու գաղափարները։