Ազատության լլկված կերպարանքը

29/05/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ազատությունը նորածին մանկան պես հանկարծ ընկավ չբեր ու չտես մոր ձեռքն ու սկսեց լլկվել, լլկվել բոլոր առումներով՝ կույր նախանձից սկսած՝ մինչեւ տգիտության հանճարի թյուրըմբռնում։

Ամեն ինչ սկսեց վերագրվել ազատությանն ու բխել նրանից։ Երբեւէ չունեցածի նկատմամբ անորոշ տենչը վերածվեց բռնության, եւ ազատությունը խաչ բարձրացավ մեր աչքի առաջ, եւ մարդիկ մոլուցքով մատնացույց արեցին նրան ու չարախնդացին, քանզի սպասելիքները նրանից ավելին էին, քան այն, ինչ նա կարող էր տալ ինքնին։

Մարդկային թուլություններից ու արատներից մեկն իրենից դուրս եղածի ժխտումն է, այսինքն՝ ոչինչ արժեք չէ ու գոյություն չունի, եթե ինքը դրա կրողը չէ: Թերեւս ամենավառ վկայությունը Քրիստոսի խաչելությունն է: Աստված ոչ թե իրենց մեջ էր, այլ իրենցից դուրս եւ ավելի բարձր էր, քան իրենք կարող էին լինել, եւ անընդհատ աչքի առաջ ունենալով նրան եւ չլինելով նրա մասնիկը, նվաստացման զգացումներով հետապնդված, խաչ հանեցին այն, ինչ տրված չէր իրենց, եւ աստվածացրին այն զգացումը, ինչն ազատեց նրանց ավելորդ «բեռից»: Այսինքն՝ տեղերը փոխվեցին՝ Աստծու հետ խաչ բարձրացած նվաստացումը դարձավ նրա մասնիկը եւ «աստծու» կերպարանք առավ, իսկ Աստվածն ինքը դարձավ անտեսանելի ու անըմբռնելի…

Սահմանել ազատությունը կամ որեւէ երեւույթ ու կատեգորիա, նշանակում է՝ միտքը տանել փակուղի, սակայն մտորել դրա շուրջ, փորձել հասկանալ իրողությունը, թերեւս մարդկային թուլություններից ամենաարժեքավորն ու հաճելին է։ Նայենք մեր շուրջը եւ կտեսնենք, որ յուրաքանչյուր առարկա իր սահմանն ունի, իր ֆիզիկական սահմանը։ Սեղանին դրված է ապակե բաժակը, եւ այն կարելի է հանգիստ տեղաշարժել սեղանի վրա, սեղանի սահմաններում, եւ մենք ունենք ազատություն՝ այն դուրս բերելու սեղանի սահմաններից, սակայն մտածենք. արժե՞, արդյոք, գայթակղվել այդ մտքով, եթե չենք ուզում կորցնել բաժակը, չէ՞ որ տեղաշարժելով բաժակը սեղանի սահմանից դուրս, այն ուղղակի կտապալվի գետին ու կփշրվի։ Մենք նստած ենք աթոռին, որ նույնպես իր սահմանն ունի, եւ մենք կարող ենք հանգիստ մեր դիրքը փոխել աթոռի վրա, սակայն, եթե գայթակղություն ունենանք անցնելու աթոռի սահմանը, դարձյալ կտապալվենք։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրս բազմաթիվ նման օրինակներ կարող է բերել ու պատկերացնել։ Օրինակներն արդեն թույլ են տալիս ինչ-որ չափով սահմանել խնդրո առարկան. Ազատությունը սահմանն անցնելու հնարավորության գայթակղությանը չենթարկվելն է, քանզի գայթակղությունը ոչ մի կապ չունի ազատության հետ, որովհետեւ սահմանից այն կողմ ուրիշ սահման է։ Հայաստանի Հանրապետության հաստատումից ի վեր Ազատություն եւ Անկախություն բառերը դարձել են մենյուի պես մի բան, որ տեղի-անտեղի հայտնվում են մեր սեղանին թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին, ինչպես հանկարծ մեր սեղանին հայտնվի խորհրդային ժամանակներում այնքան թանկարժեք ու հազվագյուտ սեւ ձկնկիթը։ Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, ձկնկիթի բացակայություն չի եղել ու չկա, ուղղակի ոմանք ունեցել են, ոմանք՝ ոչ։ Այդպես էլ Ազատությունն ու Անկախությունը ո՛չ մեզ համար, ո՛չ էլ, առավել եւս, աշխարհի, նորություն չեն, եւ, ինչպես ձկնկիթը, ոմանք ունեն, ոմանք չունեն, ավելին՝ ոմանք հասկանում են, որ ունեն, ոմանք չեն հասկանում՝ ունե՞ն, թե՞ չունեն։ Ձեռքբերովի ազատությունը թույլ տվեց խոսել ամեն ինչի մասին ու ցանկացած ձեւով։ Շրջանառության մեջ դրված ամենաանհեթեթ հարցը Քրիստոսի խաչելությունն է, որ այսպիսի ձեւակերպում ունի. «Եթե Նա եկել էր փրկելու մարդկությանը, ինչո՞ւ չփրկեց ինքն իրեն»։ Եթե հարց տվողն ուշադիր լինի, ապա կհասկանա, որ հարցի պատասխանը հենց հարցի մեջ է: Նա եկել էր փրկելու մարդկությանը, այսինքն՝ Նրա խնդիրը մարդկությանը փրկելն էր, այսինքն՝ Ինքը փրկվելու խնդիր չուներ, եւ արդյո՞ք Ինքը փրկված չէ…

Աշխարհում բազմաթիվ ստեղծագործություններ անդրադարձել են սույն թեմային եւ դիտարկել տարբեր տեսանկյուններից: Հատկապես մատչելի օրինակներ են վերջերս էկրաններին հայտնված ֆիլմերը, որ նաեւ քննարկման առարկա դարձան հանդիսատեսի շրջանում: Ուզում եմ զուգահեռներ անցկացնել երեք մոտեցումների միջեւ, որ տարբեր ճանապարհներով հանգում են նույն մտքին։

Քրիստոսի խաչելության առաջին եւ ավանդական ենթատեքստը մարդկության միջից Աստծուն արտաքսելն է, Նրան պատժելը: Նրա անսպասելի հայտնվելը մարդկանց մեջ, կասկած է հարուցում, եւ մարդիկ չեն հասկանում ու չեն հաշտվում Նրա կերպարի ու առաքելության հետ, եւ մարդիկ ազատություն ունեն Նրան պատժելու եւ պատժում են։ Քրիստոս ազատություն ունի փրկվելու, սակայն Նրա խնդիրը մարդկությանը փրկելն է, եւ Նա կրում է մարդկության սահմանած պատիժը: Նա «պատժվում» է որպես մահկանացու, բայց ոչ՝ որպես Աստված: Նա հարություն է առնում եւ համբարձվում. մարդիկ կորցնում են Աստծուն տեսնելու հնարավորությունը, քանզի ընտրությունն իրենցն է, եւ Աստված չի բռնանում նրանց կամքին, այլ կերպ՝ մարդիկ ընտրում են մահկանացու լինելու իրենց ազատությունը։

Քրիստոսի խաչելության մյուս ենթատեքստը (Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում) այլ խտացում ունի։ Այստեղ Նրան ոչ թե արտաքսում են մարդկության աշխարհից, այլ յուրաքանչյուրը Նրան արտաքսում է իր միջից, եւ յուրաքանչյուրը ջանում է գանահարել Նրան: Այստեղ հանդիսատես չկա, ինչպես նախորդ ֆիլմի (ֆիլմերի) խաչելության տեսարանում, եւ չկան կարեկցողներ: Նույնիսկ Հիսուսի մոր դեմքը ցավ ու կարեկցանք չի արտահայտում, եւ նա որդուն փրկելու քայլ չի անում, քանզի Նա փրկության խնդիր չունի։ Այստեղ յուրաքանչյուրն ազատություն ունի գանահարելու իր միջի Աստծուն ու վտարելու Նրան իրենից, եւ յուրաքանչյուրը՝ տրվելով հնարավորության գայթակղությանը՝ վտարելով Աստծուն, իր մեջ արթնացնում է գազանին: Ոչ թե Քրիստոսն է դադարում Աստված լինելուց, այլ մարդիկ են կորցնում Աստծուն. այս դեպքում նույնպես մարդիկ ընտրում են մահկանացու լինելու իրենց ազատությունը։

Քրիստոսի խաչելության մյուս ենթատեքստը Նրան խաչից իջեցնելն է, այլ կերպ՝ «փրկված» Քրիստոսը։ Այս տեսանկյունն իսկապես հետաքրքիր է` ի՞նչ է կատարվում Քրիստոսի հետ, կարելի է ասել՝ ոչ մի արտառոց բան. Նա ուղղակի դադարում է Աստված լինելուց եւ ապրում է մարդկային կյանքով՝ հովվություն է անում, ամուսնանում, երեխաներ ունենում եւ մեռնում օր ծերության։ Այսինքն՝ Աստծու խնդիրը մարդկության համար լուծում չունի: Քրիստոսին փրկելու ազատությունը նույնպես փակուղի է, քանզի Քրիստոսը փրկվելու խնդիր չունի, խնդիրը մարդկությանն է…

Ո՞րն է ելքը. մարդիկ ազատություն ունեն հարաբերվելու Աստծու հետ, սակայն պետք է չափազանց զգույշ լինել այդ սահմանն անցնելու հարցում. ո՛չ հավասարվել Նրան, ո՛չ Նրան հավասարեցնել իրեն, այլապես մարդկության ճակատից դժվար է մաքրել սահմանն անցնելու գայթակղության խարանը, քանզի սահմանն անցնելու անխոհեմությունից մարդկությանը մնաց միայն Աստծու հեգնական ժպիտը Մոնա Լիզայի շուրթերին…