Պաշտոնական չոր լեզվով ասած՝ մեր հանրապետության մշակույթը գերակա ուղղություններ է ստացել։ Երեկ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց մշակութային գերակայությունները, որոնք մշակել է ու կյանքի է կոչելու ՀՀ կառավարությունը 2008-2012թթ. ընթացքում։
Պահպանման, զարգացման, խթանման, հռչակման եւ էլի շատ խնդիրներ ունեցող մշակութային ոլորտը (չշփոթել ամենօրյա ու ամեն քայլափոխի աչքի ընկնող կենցաղային «կուլտուրայի» հետ, որի համար լավ կլիներ առանձին նախարարություն ստեղծել) խմբավորվել է 3 կետի շուրջ։ Առաջին գերակա կետը նախատեսում է համաչափ զարգացնել մշակույթն ու այն դեպի մարզեր շարժել։ Այդ ապակենտրոնացման շնորհիվ մարզերում ուշադրության կարժանանան արվեստի դպրոցները։ «Պետք է ապահովել գեղագիտական կրթության մատչելիության ապահովումը եւ ստեղծել հենակետային մարզային դպրոցներ»,- ասաց նախարարը եւ հույս հայտնեց, որ դպրոցների զարգացումը որոշ իմաստով կդադարեցնի մարդկային հոսքը դեպի մայրաքաղաք։ Նախատեսվում է արվեստի դպրոցների հետ մեկտեղ՝ զարգացնել նաեւ արհեստագործական ուսումնարանները, հիմնել կիրառական, հուշանվերային պարագաների արտադրություններ։ Հեռավոր մարզեր ու սահմանամերձ շրջաններ կուղեւորվեն շարժական գրադարաններն ու թանգարանները։ Մարզային ծրագրերը հիմնված կլինեն մոնիտորինգային խմբերի ուսումնասիրությունների վրա։ Այդ խմբերը կնախանշեն 3 տարվա անելիքների ցանկերը։ Ընդ որում՝ նախարարն ասաց, որ շատ սուր է դրված կադրերի հարցը, եւ ոչ՛ մարզերում, ո՛չ էլ մոնիտորինգային խմբերում աշխատողներն այնքան էլ շատ չեն։
Երկրորդ գերակա ճյուղ համարվող՝ մշակութային արժեքների պահպանման, հաշվառման ոլորտում եւս կադրերի պակաս կա։ Պատմամշակութային արժեքների պահպանման ու վերականգնման համար մասնագետներ են հարկավոր, որոնց մենք սովորաբար արտասահմանից ենք հրավիրում։ Իսկ հաջորդ տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը կփորձի մասնագիտական բազա, դպրոց ստեղծել հենց մեր հանրապետությունում ու ռեստավրացիայի կանոններին ծանոթ մասնագետներ կպատրաստի։ «Կարեւոր է անել այնպես, որ մեր մշակութային ժառանգությունը պահպանվի նաեւ արտասահմանում»,- ասաց Հ. Պողոսյանը։ Իսկ այդ գործը պետք է սկսել հաշվառումից, ինչը նախատեսում է սկզբից «տեր կանգնել» մեր ունեցվածքին։
Մարզային դպրոցների ու ժառանգության պահպանման հետ զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը ցանկանում է «խթանել մշակութային գործընթացները»։ Պարզ ասած՝ պետք է զարգացնել ժամանակակից, արդի արվեստը։ Ինչի համար պետք է լուծել կադրային խնդիրներն ու լավ զինված նյութատեխնիկական բազա ստեղծել։ Նախատեսվում է ձայնային ու լուսային սարքավորումներով ապահովել թատերային ու համերգային դահլիճները։ Նաեւ՝ վերանայել պետպատվերների տրամադրման մեխանիզմները։ «Պետությունը կադրեր է պատրաստում, եւ հետո այդ կադրերը ոչ թե ծառայում են պետությանը, այլ՝ ազատ շուկա են մտնում»,- ասաց Հ.Պողոսյանը։ Պետությունն ուզում է տեսնել, թե ինչի՞ համար է փող ծախսում, ո՞ւմ է կրթում եւ ինչպիսի՞ բեմադրություններ ու ֆիլմեր է ֆինանսավորում։ «Բովանդակության մոնիտորինգ պիտի անցկացնենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հաջողված բեմադրություններն ու համերգները չի կարելի գնահատել դահլիճների ծանրաբեռնվածության ու տոմսերի քանակի վաճառքի չափանիշներով։ Հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս գնահատել։ Կամ էլ՝ արդյոք պե՞տք է գնահատել, քանի որ գնահատականը երբեք անաչառ ու միանշանակ չի լինում։ «Հասարակությունն ինքը պիտի արվեստի գնահատող լինի»,- ասաց նա:
Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ արվեստը գնահատելու համար, առնվազն, պետք է տեղյակ լինել արվեստից, պետք է գրքեր կարդացած, լավ ֆիլմեր դիտած լինել։ Մեր հասարակությունը պետք է գեղեցիկ եւ մաքուր փողոցներով գնա համալսարան, աշխատանքի կամ դպրոց, պետք է սովորի օգտվել քաղաքից, այգիներից ու թատրոններից, որպեսզի կարողանա ընկալել արվեստի ուղերձները։ Այլապես աչքը «կեղտոտվում» է։ Կեղտոտվում են նաեւ մտքերն ու փոխհարաբերությունները։ Ափսոս, որ մեր հանրապետության կառավարությունը հատուկ կետով գերակա ճյուղ չի համարել կենցաղային մշակույթի կանոնների սերտումը ու հանրամատչելի դասընթացներ չի մշակել՝ «կուլտուրան մասսաների մեջ» ներարկելու, կուլտուրան առօրյա աննկատ ու անհրաժեշտ տարր դարձնելու համար։
«Ազգայինի» շուրջ
Մշակույթի նախարարը երեկ բողոքեց, որ հաճախ նախարարություն են հասնում «ազգային շահերից չբխող ծրագրերն ու նախագծերը»։ «Մեր ոլորտի համար դա համարում եմ շատ լուրջ խնդիր։ Իհարկե, արվեստն ու ստեղծագործական կյանքը ազատ են, բայց պետության աջակցությունը պիտի ստանան միայն ազգային շահերից բխող ծրագրերը։ Արվեստագետները թող սթափվեն ու հասկանան, թե ի՞նչ նյութ են առաջարկում պետությանը»,- ասաց նա եւ օրինակ բերեց կինոն։ Երբ պետությունը ցանկացավ կատակերգություն նկարահանել, շատերն ուրախ ֆիլմի սցենարի փոխարեն՝ առաջարկեցին իրենց գռեհիկ սցենարները։ «Պետությունը պիտի ֆինանսավորի միայն այն, ինչը բխում է ազգային շահերից։ Դա միանշանակ է, կարծում եմ՝ մեր արվեստագետներն ու հեղինակները պիտի կամաց-կամաց սկսեն հարմարվել այդ տրամաբանությանը»,- ասաց նախարարը։
Սա մշակութային դաշտի ամենավիճահարույց կետն է։ Բոլոր քաղաքական ֆորմացիաներն ու բոլոր ազգերն իրենց արվեստը ցանկացել են ինքնության «դրոշ» դարձնել, ներկայանալի ու արժեքավոր ներդրում համարել՝ միահյուսելով այն համաշխարհային ժառանգությանը։ Այսպես թե այնպես, յուրաքանչյուր ստեղծագործող ազգություն ունի, սակայն արվեստի գործը ազգություն ունենալ չի կարող։ Մեր նախարարը արվեստի գործերում շեշտը ցանկանում է տեսնել «լեզվա-մշակութային կերպի պահպանմանն ուղղված ծրագրերում», որոնք «նպաստում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեւավորմանն ու դաստիարակմանը՝ իր ազգային ձեւի մեջ»։ Ձեւակերպումը շատ հնչեղ ու, ըստ էության, ոչինչ չասող է։ Նախարարը մանրամասնեց. «Մեզ, օրինակ, առաջարկում էին արեւմտյան հեղինակի ռոք-օպերա բեմադրել։ Դա, իհարկե, լավ է։ Բայց դրանով մենք ի՞նչ արժեք ենք քարոզում»։ Որպես ազգային ոգեշնչման օրինակ, նախարարը նշեց մայիսի 27-ին ցուցադրվող Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված թատերականացված միջոցառում-համերգը, որն ընդգծված ազգային-դաստիարակչական ուղղվածություն է ունենալու։