19 «կողմ» եւ 29 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ երեկ չընդունվեց ՄԱԿ
խմբակցության հեղինակած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Իսկ
Արշակ Սադոյանի նախագիծն արժանացավ 13 «կողմ», 35 «ձեռնպահ» եւ 1 «դեմ»
ձայնի: Արդյունքում, ինչպես սպասվում էր, 77 «կողմ», 8 «դեմ» ձայնով ԱԺ-ն
առաջին ընթերցմամբ ընդունեց կոալիցիայի ներկայացրած Սահմանադրական
փոփոխությունների նախագիծը, որը հունիսի սկզբին կներկայացվի Վենետիկի
հանձնաժողովի ուսումնասիրմանը եւ անհրաժեշտ փոփոխություններից հետո այն
կներկայացվի երկրորդ ընթերցման: Դրանից հետո այն կդրվի հանրաքվեի:
Իսկ կոալիցիայի հաղթանակն ապահովելու համար երեկ խորհրդարան էին բերվել
անգամ այն պատգամավորները, ովքեր սովորաբար ԱԺ են գալիս հենց նման
իրավիճակներում` իշխանություններին հերթական ձախողումից փրկելու համար:
Սահմանադրական փոփոխությունների երեք նախագծերի քվեարկության ժամանակ
ուշագրավ էր մեկ այն հանգամանքը, որ ՄԱԿ խմբակցության նախագծին «կողմ»
քվեարկեցին ՕԵԿ պատգամավորներ Արտակ Առաքելյանն ու Գրիգոր Մարգարյանը
(«Բելաջիոյի» Գրիշը), մեկ այն, որ ներկայացված երեք նախագծերին էլ «կողմ»
քվեարկեց ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը: «Ներկայացված երեք նախագծերից մենք
նախընտրելի տարբերակ չունեինք, որովհետեւ երեք տարբերակներն էլ խոցելի
էին,- ասաց խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը` պարզաբանելով,- մենք երեք
նախագծերին «կողմ» եւ ոչ թե «դեմ» քվեարկեցինք, որովհետեւ ընտրությունը
պետք է կատարվեր գործող եւ առաջադրված երեք նախագծերի միջեւ: Իսկ մենք
կարծում ենք, որ նախկինը փոփոխությունների կարիք ունի` մասնավորապես
իշխանությունների տարանջատման, ժողովրդավարական ինստիտուտների ամրագրման
ու զարգացման առումով: Եթե ընտրությունը չլիներ հնի եւ նորի միջեւ,
ենթադրվում է, որ մենք «դեմ» կքվեարկեինք բոլոր երեք նախագծերին: Բայց
մենք գտնում ենք, որ պետք է փոխել Սահմանադրությունը, բայց ոչ այն
փոփոխություններով, ինչպես ներկայացվել է»: Մեր հարցին, թե արդյոք
նմանատիպ մոտեցման մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա՞, Կ. Կարապետյանը
պատասխանեց. «Ոչ, քաղաքական որեւէ ենթատեքստ չկա, մենք փորձում ենք գործել
մեր պատկերացումների շրջանակում եւ շատ նորմալ եմ համարում նման
քվեարկությունը»:
Իսկ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գ. Արսենյանը երեկ ԱԺ միջանցքներում
հայտարարում էր, թե իրենք պատրաստվում են իրենց հեղինակած նախագիծը նորից
դնել շրջանառության մեջ` հավաստելով, թե այդ պարագայում Վենետիկի
փորձագետները, որոնք հունիսին ժամանելու են Երեւան, ստիպված կլինեն
փորձաքննության ենթարկել նաեւ իրենց նախագիծը, որը դեռեւս անավարտ
վիճակում համարել էին դրական: Մեր դիտարկմանը, թե կոալիցիոն
կուսակցությունների ներկայացուցիչների հավաստմամբ՝ Վենետիկի հանձնաժողովը
փորձաքննելու է միայն ընդունված նախագիծը, Գ. Արսենյանը նկատեց, թե, եթե
«չնստեն այդ մարդկանց շնչին ու չարգելեն նրանց, ապա նրանք անպայման
կուսումնասիրեն նաեւ շրջանառության մեջ եղած տարբերակը: Այ, եթե նման բան
չանեն, հաստատ կնայեն նաեւ մեր նախագիծը»: Իսկ «Օրինաց երկիր»
խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն այն համոզմանն է, որ, եթե
այլընտրանքային երեք նախագծերից հիմք ընդունվեց կոալիցիայի նախագիծը, ապա
Վենետիկի հանձնաժողովը պետք է «իր աշխատանքները ծավալի հենց այդ նախագծի
վրա: Իսկ Արսենյան Գուրգենի նախագիծը, որը նա ուզում է նորից դնել
շրջանառության մեջ, ինձ թվում է, հավասար պայմաններում չի լինի: Այն կլինի
շրջանառության մեջ, իսկ սա հիմք կընդունվի»:
Ի դեպ, Գ. Արսենյանին ցանկանում է հետեւել նաեւ Ա. Սադոյանը, որը նույնպես
պնդելու է, որ իր նախագիծը հայտնվի Վենետիկի փորձագետների ձեռքում: