Քննարկում են

29/05/2008

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հավաստմամբ` Տրանսպորտի պետական տեսչությունը կանխում է ՀՀ-ում մայիսի 1-ից գազի սակագնի բարձրացման կապակցությամբ որոշ երթուղիներ սպասարկող ընկերությունների կողմից ուղեվարձերի կամայական բարձրացումը, քանի որ ուղեվարձերի հարցը դեռեւս քննարկման փուլում է: Ըստ նրա` ստեղծված աշխատանքային խումբը կատարում է վերլուծություններ, հաշվարկներ` պարզելու երթեւեկության կազմակերպման ինքնարժեքն ու եկամտաբերությունը, եւ, թե որքանով են ուղեվարձերի բարձրացման պահանջները ողջամիտ: «Եթե դրանք լինեն արդարացված, կվճռվի, թե որքան կլինեն բարձրացումները, եթե` ոչ, բարձրացումներ չեն լինի: Աշխատանքային խմբին 15-30 օր է տրվել ուսումնասիրությունների համար: Մինչ այդ բոլոր երթուղիները պետք է գործեն նախկին ուղեվարձերով»,- հավաստիացրել է նախարարը` հավելելով, թե երթեւեկությունը կազմակերպողների ասոցիացիան կատարել է հաշվարկներ, որոնք ներկայացվել են քննարկման, սակայն այնտեղ կան կետեր, որոնք կառավարության համար ընդունելի չեն: Գ. Սարգսյանի դիտարկմամբ` դրանք պետք է համեմատել իրողության հետ, վերլուծել, ապա որոշում կայացնել, որի հիմքում պետք է հավասարակշռվեն տնտեսավարողների եւ քաղաքացիների շահերը, որպեսզի տնտեսավարողը կարողանա տնտեսական դաշտում արդյունավետ գործել, եւ գնային քաղաքականությունը բխի նաեւ հասարակության սոցիալական վիճակից ու հնարավորություններից: «Կառավարության որոշումը կլինի հավասարակշռված երկու կողմի համար էլ»,- վստահեցրել է Գ. Սարգսյանը: