«Մաման մենակ ա, բան չի հասցնում»

29/05/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ալինայի սենյակի դատարկությունը նույնքան ճնշող է, որքան ճնշող է նրա հայացքի դատարկությունն ու անորոշությունը: 26 տարեկան այս կնոջ նրբանկատության համար հագած ժպիտի դիմակն, այնուամենայնիվ, չի թաքցնում նրա մենակությունն ու թախիծը:

Աղջիկը`չորս տարեկան Անժելան, ով դեռ չի հասցրել հստակ յուրացնել բառերը` մտքերն արտահայտում է մանկական անփութությամբ` մոտենում ու ասում է` «Գիտե՞ս, ես ամենաշատը Մանուկին եմ սիրում: Ախր Մանուկը չի հասկանում, թե ինչքան եմ իրան կարոտում: Երբ Մանուկին տեսնում եմ` շատ եմ ուրախանում, ծիծաղում ենք իրար հետ: Մեկ էլ բանան եմ սիրում, Մանուկին ասել եմ, որ ես բանան շատ եմ սիրում»: Անժելայի խոսքերից մայրը տխրում ու աչքերը թաքցնում է ափերի մեջ, կարծես իրենից բացի՝ Մանուկի բաժին չկատարած պատասխանատվության համար մեղավոր է իրեն զգում: «Մանուկն ո՞վ է»,- հարցնում եմ: Ալինան ասում է, որ նախկին ամուսինը, երեխաների հայրն է, ով մի քանի տարի առաջ իրենց լքել եւ ամուսնացել է մեկ այլ կնոջ հետ: Մանուկը հայկական բազմաթիվ ընտանիքներում տիրող սոցիալական վատ պայմաններից փախել եւ իր ապահովությունը գտել է մեկ այլ կնոջ հովանու ներքո: Երկար ժամանակ բանվորություն անելով՝ վարձակալած բնակարանի պարտքերը մարելու անզորությունից ու երեխաներին պաշտպանել չկարողանալուց Մանուկը հոգնել ու նախընտրել է հեռանալ: «Ոչնչի չէինք հասնում, չէր հասցնում բնակարանի վարձը, երեխեքի սնունդը ու տենց սկսեց իրան խմելուն տալ: Խմում էր, շատ էր խմում, հարբում էր ու ինձ ահավոր ծեծում էր»,- պատմում է Ալինան` ասելով, որ ամուսնալուծությունից հետո ինքն ու երկու երեխաներն անօթեւան են մնացել, քանի որ այլեւս անհնար է եղել բնակարանի վարձավճար տալը: Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանում ապրող Ալինայի բարեկամը, ով մի քանի տարի Ռուսաստանում էր` թույլ էր տվել, որ իր սենյակում նրանք ժամանակավոր ապրեն: Երեք տարի նրանք հանրակացարանի դատարկ սենյակում են հանգրվանել, մինչդեռ ներկայումս Ալինայի բարեկամը վերադառնում է, եւ պահանջել է ազատել սենյակը: Ալինան շփոթության մեջ է, որովհետեւ երկու մանկահասակ երեխաների հետ շուտով հայտնվելու է փողոցում: Ասում է` բազմիցս դիմել է Նոր Նորքի թաղապետարան` խնդրելով հանրակացարանի բազմաթիվ ազատ սենյակներից մեկը հատկացնել իրենց, սակայն մշտապես մերժվում է: «Չգիտեմ, երեխաներիս հետ ո՞ւր եմ գնալու, ի՞նչ եմ անելու, անելանելի վիճակում եմ: Ախր լիքը ազատ սենյակներ կան, կարող են, չէ՞, մեկում տեղավորել: Ես ի՞նչ անեմ, էս փոքր երեխեքիս հետ փողոցներում եմ մնալու»,- ասում է նա: Չորրորդ դասարանցի Կարենի աչքերում այնքան հոգս կա, որ այս փոքրիկ տղան մանկությունը վայելելու ժամանակ ու «հավես» չունի: Կարենը դպրոցում սովորում է բացարձակ գերազանց գնահատականներով, գովասանագրեր ունի:

Չնայած ընդունակություններին՝ Ալինան նրան գիշերօթիկ դպրոց է տարել, որպեսզի երեխան գոնե պատշաճ սնունդ ստանա: Թեեւ Կարենը 10 տարեկան է, այդուհանդերձ, ընտանիքի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ու շտապում է մեծանալ: Ասում է` «Ես պիտի շուտ մեծանամ, մամաս մենակ ա, բան չի հասցնում: Եթե ես մեծանամ` կաշխատեմ, ընտանիքիս հոգսը կքաշեմ, մամայիս կպահեմ: Թե չէ, սենց դժվար ա, փող չկա, ուտելիք չկա, հագուստն էլ դպրոցն ա տալիս: Քույրս փոքր ա, չի հասկանում, որ բանան առնելու համար փող ա պետք: Մամային ասում ա` բանան առ, ինքը հըլը շատ բան չի հասկանում»: Ալինան երկու մանկահասակ երեխաներին պահում է ընդամենը 19.000 դրամ նպաստով, որը ստանալուն պես բաշխում է խանութների ու կոմունալ ծախսերի պարտքերը: Ասում է, որ առաջ Անժելային ուղարկում էր մանկապարտեզ, որտեղ վարձավճարը 2000 դրամ էր, ու ինքն էլ հավաքարարություն էր անում: Հիմա մանկապարտեզի վարձավճարը թանկացել, դարձել է 5500 դրամ, ու հնարավորություն չունի վճարելու: Երեխային խնամող չկա, հետեւաբար՝ չի կարողանում աշխատել: Ալինան ասում է` որպես միայնակ մայր՝ պետությունը նպաստի հետ մեկտեղ, այլ օգնություններ է սահմանել` ալյուր, բուսական յուղ, ձավարեղեն եւ այլ մթերքներ, սակայն իրեն այդ օգնությունը չեն տրամադրում միայն նրա համար, որ` «Սոցապի տեսուչը` Շուշանիկն ինձ ասում ա` մի ամսվա նպաստը պիտի ինձ թողնես, որ էդ օգնությունից քեզ էլ տամ: Ես էլ ասում եմ` իմ երեխաների հացի գումարը չի կազմում էդ 19.000 դրամը, եթե ես դա քեզ տամ` բա իրանց ինչո՞վ պահեմ, ուրիշ եկամուտ չունենք: Քանի անգամ ինձ ասում ա, որ եթե երկու ամսվանը չտամ, գոնե մեկ ամսվա նպաստն անպայման իրան պիտի թողնեմ, որ օգնություն տա»: Ալինան վստահեցնում է, որ կարգն այդպես է, եւ իր հարեւանուհիներից շատերի հետ տեսուչ Շուշանիկը ձեռք բերելով նման համաձայնություն` տրամադրում է օգնությունը: Հակառակ դեպքում պետության տրամադրած ալյուրն ու մյուս բոլոր մթերքները հասցեատերերը չեն ստանում, այլ ստանում են նրանք, ովքեր մեկ կամ երկու ամսվա նպաստը նվիրում են տեսուչ Շուշանիկին: Ալինան մեզ է դիմել` խնդրելով, որ միջամտենք եւ Շուշանիկին կաշառք տալու հարցին խոչընդոտենք: Մեկ էլ խնդրում է, որ Նոր Նորքի թաղապետարանի գութը շարժվի ու դատարկ սենյակներից մեկը հատկացնեն իրենց:

Մենք միջամտում ենք ու Սոցապ նախարարությանն ահազանգում ենք` տեղեկացնելով, որ տեսուչ Շուշանիկն ուզում է գրպանել այս անօգնական կնոջը պետության տրամադրած 19.000 դրամն, ինչպես նաեւ՝ մթերքի տեսքով օգնությունը: Այսինքն` պետությանը թվում է, թե հաղթահարում է աղքատությունը, բայց պարզվում է, որ սոցապի տեսուչներն այդ աղքատությունը հաղթահարելու ճանապարհին աղքատներից գրպանում են պետական փողերը: