Վրաստանի միավորված ընդդիմության պատգամավորներն ու ղեկավարները մտադիր են հատուկ հայտարարություն անել խորհրդարանում: Այդ մասին հանրահավաքում հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Խաինդրավան: Նա կոչ է արել խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիայի հավաքված մարդկանց՝ շղթա կազմել շենքի շուրջ: Մինչդեռ միավորված ընդդիմության պատգամավորներն ու ղեկավարները չեն կարողացել մտնել խորհրդարան: Հատուկ նշանակության ստորաբաժանումներն արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը եւ թույլ չեն տվել, որ ներս մտնեն ընդդիմությունից ընտրված պատգամավորները: Հանրահավաքին հավաքվածների մի մասը, որին մասնակցել է ավելի քան 20.000 մարդ, շարժվել է դեպի Վրաստանի Հանրային հեռուստատեսության շենք, որի ղեկավարությանը Միավորված ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել՝ ակցիան հեռարձակել ուղիղ եթերում: Ավելի վաղ ընդդիմությունը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին երկու ժամ էր տվել այն բանի համար, որ նա դուրս գա ժողովրդի առջեւ եւ խոստովանի, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են: