Ալեսանդրո Բերիկո

29/05/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Իտալացի երաժշտագետ եւ գրող Ալեսանդրո Բարիկոն ծնվել եւ մեծացել է Տուրինում: Փիլիսոփայական ֆակուլտետն ավարտելուց հետո համագործակցել է տարբեր հրատարակությունների հետ, գովազդային տեքստեր է գրել եւ զբաղվել երաժշտագիտությամբ: 1988 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը` «Հանճարի փախուստը. Ռոսինիի երաժշտական թատրոնը» ծավալուն խոհագրությունը, այնուհետեւ` «Հեգելի հոգին եւ Վիսկոնսինի կովերը» էսսեն: Նրա առաջին վեպը՝ «Զայրույթի ամրոցները» (1991թ.), նրան բերեց հաջողություն եւ Կամպիելոյի մրցանակը: 1993-ին լույս տեսավ «Ծով-օվկիանոս» վեպը: Հաջորդ երկու ստեղծագործություններն են՝ «Մետաքսը» (1966թ.) եւ «City»-ին (1999թ.):

Ալեսանդրո Բարիկոն հիմնել է նաեւ «Հոլդեն» (Ջ. Սելինջերի «Անդունդի եզրին` տարեկանի արտում» վեպի հերոս Հոլդեն Քոլֆիլդի անունով) իր գրողական վարպետության դպրոցը, որտեղ դասախոսություններ է կարդում պատմվածքի եւ վեպի մասին, եւ որին կից ստեղծեց «Տոտեմ» գրական թատրոնը, որտեղ ներկայացվում են հատվածներ համաշխարհային գրականության ստեղծագործություններից:

Ինչպես գրում էր Տոմազո Լանդոլֆիի եւ շատ այլ երեւելի իտալացի գրողների թարգմանիչ Գենադի Կիսելյովը` «Իտալո Կալվինոյի հանկարծահաս մահվանից հետո (80-ականների կեսերին) «Բարձր հարգանիշի» գրականությունը, որի հատկանիշները, ինչ էլ ասես, մնում են Բառն ու Ոճը, Իտալիայում թայմ աութ վերցրեց: Գրական դադարը լցնող գործեր կարող ես թվարկել որքան ասես. Ումբերտո Էկոյի անվերջանալի ֆայլերից՝ մինչեւ Ս. Տամարոյի մատից ծծած շարքերը»:

Այդ դադարը խախտող թերեւս ամենաուշագրավ վեպերից մեկն էր Ա. Բարիկոյի «Ծով-օվկիանոս» երկը, որը 1993թ. արժանացավ Վիարեջոյի մրցանակի եւ թարգմանվել ու տպագրվել է 32 լեզվով:

«Ծով-օվկիանոսը» ռուսերեն առաջին անգամ տպագրվեց «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում, իսկ այնուհետեւ 2004թ.-ին առանձին գրքով՝ «The best of inostranka» շարքով, 1994թ. «Ինոստրաննայա լիտերատուրայում» «Ծով-օվկիանոս» վեպի մասին մի փոքրիկ գրախոսական հայտնվեց, որն աննկատ մնաց, քանի որ հեղինակը փորձել էր վերապատմել վեպը, ինչը անհնար է: Սակայն միայն վեպը կարդալուց հետո ես հասկանում, որ վեպի բովանդակությունը վերապատմելն անիմաստ գործ է, ինչպես, ասենք, երաժշտություն պատմելը կամ, ասենք, Ջեյմս Ջոյսի Մալիգանի խորհրդածությունները, նույնիսկ դժվար է վեպի ժանրը որոշելը, կարելի է այն ընկալել որպես արկածային վեպ, նաեւ որպես փիլիսոփայական առակ, եւ նույնիսկ ընկալման որոշակի առանձնահատկությունները հաշվի առնելով, որպես թրիլլեր, սակայն, նմանատիպ պիտակները կարեւոր չեն եւ ոչինչ չեն հավելում վեպն ընթերցելու հաճույքին:

2004թ. նույն շարքով ռուսերեն լույս տեսավ «Մետաքսը» վեպը, որը բառերի նախշակար հանդերձանքով հյուսված սիրո մասին պատմող չնաշխարհիկ մի տուփ է, որն իր հատակում է պահում անորսալի ճշմարտությունը: Գիրքը սեփական կնոջ հանդեպ քնքուշ եւ հուսալի, ինչպես նաեւ օվկիանոսի այն կողմում գտնվող` հեռու, անհասանելի եւ անհայտ կնոջ հանդեպ տածած սիրո մասին է: Իսկ գուցե ճշմարտությունն իրոք անորսալի է, քանզի, ինչպես ասում էր գրաքննադատներից մեկը` հավատարմությունը զարմանահրաշ թռչուն է բարալիկ ճաղավանդակում, երջանկությունը` ազատ, բայց կարճատեւ թռիչք է երկնքում: Իսկ սե՞րը: Սերը` մետաքս է: Անգին, նրբին եւ այնքան խոցելի…

2002թ. Ս. Պետերբուրգի «Սիմպոզիում» հրատարակչությունը լույս ընծայեց Ա. Բարիկոյի «City» երրորդ վեպը: Վեպի հրապարակումից հետո Բարիկոն ընթերցողներին պատմեց գրքի վերնագրի մասին ինտերակտիվ հարցազրույցում, հատուկ ստեղծված «City» կայքում. «City» վերնագրում ես նկատի ունեի ոչ թե ինչ-որ որոշակի քաղաք, այլ ավելի շուտ, ինչ-որ քաղաքի դրոշմ, կմախք, ես իմ մեջ կրում էի պատմվածք-թաղամասերի մտահղացումներ, իսկ իմ պերսոնաժներին պատկերացնում էի փողոցներ. ոմանք սկիզբ էին առնում մի թաղամասում եւ վերադառնում էին այնտեղ մահանալու, այլք` երկայնությամբ եւ լայնությամբ հատում էին ողջ քաղաքը, հավաքելով միմյանց չնմանվող թաղամասեր եւ աշխարհներ, սակայն, միեւնույն է, դա նույն քաղաքն է: Ես երազում էի մի գիրք գրել, որի ներքին շարժումը կհիշեցնի քաղաքում մոլորված մարդուն, երբ այդ մարդը տուն վերադառնար, նրան կհարցնեին, թե ինչ է նա տեսել, եւ նա կպատասխաներ` ես տեսել եմ «City»:

Բարիկոն քայքայում է պատմողականության ավանդական սկզբունքները: Նա իր ստեղծագործություններում վիրտուոզ կերպով օգտագործում եւ վերադասավորում է մինի-սյուժեները, անվերջանալի պատկերները, միակցելով դրանք ոչ թե դասական մոնտաժի սկզբունքով, այլ` պատահականության: Գրողին հետաքրքրում են ոչ թե իրադարձությունները, այլ զուգադիպումները, անսպասելի ընդհատումները, դեֆորմացիան, ճակատագրական սխալները: Ինչպես նշում է Ալինա Ռոմանովան իր «Անտեսանելի քաղաքը» հոդվածում, «City»-ի ընթերցումը հիշեցնում է հեռուստատեսային մի ալիքից մյուսը փոխելը: Թեպետ, սա գրողի առաջին «լիարժեք» ստվար վեպն է, այն, միեւնույն է, ասես ձեւված է բազում ուրվանկարներից, փոխաբերություններից, մինի-սյուժեներից: Մանրամասնումների հնարքների միջոցով Բարիկոն ջանում է ստեղծել գերաճած իրականությունը: Նրա արարած քաղաքը, ասես խաղալիքային քաղաքիկ լինի, որն ինչ-որ բանով հիշեցնում է Հյուսիսային պողոտան, որը կարելի է դիտարկել ամենայն մանրամասնությամբ, սակայն անկարելի է այնտեղ բնակվել. «…երբ քեզ վիճակվում է տեսնել մի վայր, որտեղ դու անվտանգության մեջ ես, դու միշտ հայտնվում ես այն մարդկանց մեջ, ովքեր դրսից են նայում, եւ երբեք` ներսից: Դա քո տեղն է, բայց դու երբեք այնտեղ չես»: Բարիկոյի պերսոնաժներին այդպես էլ չի հաջողվում հասկանալ, որ հենց իրենք էլ այդ տեղն են ընդմիշտ փոխակերպվելով կողմնակի դիտորդների:

2003-ին «Սիմպոզիումը» հրատարակեց «Առանց արյան» վիպակը, իսկ 2004-ին նույն հրատարակչությունը լույս ընծայեց Բարիկոյի առաջին վեպը` «Զայրույթի ամրոցները», որից էլ հենց սկսվեց Բարիկոյի գրական հաջողության պատմությունը: Այս վեպում Բարիկոյին հաջողվեց այն, ինչը չէր հաջողվում այդ վեպի հերոսներից եւ ոչ մեկին` «որսալ այն նոտան, որը գոյություն չունի» (ոչ դո, ոչ սի-բեմոլ, ոչ լյա-դիեզ, այլ դրանց միջեւ ինչ-որ բան), եւ հաջողվեց «միավորել մի քանի նվագախմբերի, որոնք տարբեր մեղեդիներ են նվագում»: «Զայրույթի ամրոցները» վեպը լեցուն է անհուսությամբ եւ սահմռկելիությամբ, սակայն դրա հետ մեկտեղ՝ զարմանալիորեն գեղեցիկ է` այլ կերպ Բարիկոն գրել չի կարողանում: Մեքենայի աստծո ֆուտուրիստական գեղեցկությունը, գեղեցկությունը շոգեքարշի, որը վերածվում է ինքն իր հուշարձանի (Ա. Բրետոնի շոգեքարշը, որն անշարժանում է արեւադարձային անտառում, Ջորջիո դե Կիրիկոյի բուխարիից դուրս թռչող շոգեքարշը), որը միաձուլվում է կնոջ գեղեցկությանը: Բարիկոն ընտրում է հանելուկի գրավչությունը: Վեպում ամենագրավիչը երաժշտական, այլ ոչ թե իմաստային անցումներն են, եւ յուրահատուկ ռիթմը:

2007թ. «Ինոստրաննայա լիտերատուրա» հրատարակչությունը լույս ընծայեց Բարիկոյի «Հոմերոս: Իլիական» դեռեւս վերջին գիրքը, որտեղ հեղինակը, մեր օրերի ամենահանրահայտ ու հանելուկային գրողներից մեկը, յուրակերպ վերապատմում է Հոմերոսի «Իլիականը»: Ըստ Բարիկոյի խոստովանության, նա ջանում է «Հոմերոսյան աղյուսներից կառուցել ավելի խիտ պատ», եւ անտիկ տեքստը արժեքավոր է նրա համար հատկապես այն բանի համար, որ ունակ է լուսաբանելու արդի քաղաքակրթության հանելուկները:

Մի քանի տարի առաջ Բարիկոն այցելեց Լիտվա, ուր առաջինն էին թարգմանել նրա բոլոր գործերը, եւ Վիլնյուսում կազմակերպված գրքի տոնահանդեսի ամենապատվավոր հյուրն էր: Լիտվայում նա կամենում էր տեսնել Էյմուդ Նեկրոշյուսի ներկայացումներից մեկը եւ ծանոթանալ գրող Սաուլյուս Թոմաս Կոնդրոտասի հետ, ում «Մայրամուտների հավաքածու» պատմվածքը կարդացել էր մի տասներկու տարի առաջ, եւ ում համարում է իր ուսուցիչներից մեկը: Վիլնյուսում իր ելույթի ժամանակ, Բարիկոն խորհուրդ տվեց «օգտագործել իր գրքերը, ինչպես սառնարանի պարունակությունը` գիշերը, գիշերազգեստով եւ լիակատար մենության մեջ»: Դեռեւս չհասցնելով պատկերացում կազմել Լիտվայից իր տպավորությունների մասին, Բարիկոն ասաց. «Ճամփորդելով աշխարհով մեկ, առանձնապես ուշադիր ես լինում, ամեն բան հիշում ես, իսկ հետո այդ ամենը դնում ես միքսերի մեջ եւ պատմություններ ես ստանում»:

Ա. Բարիկոն 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի իտալական գրականության խորհրդանիշն է, ով գրականություն եկավ երաժշտության աշխարհից, եւ ըստ գրաքննադատների, իր ստեղծագործությունները կառուցում է երաժշտության սկզբունքներով` նոտաները վերածում է բառերի, պարտիտուրան` տեքստի, սոնատները` մենախոսության, նախերգանքները` այլաբանությունների, իսկ սիմֆոնիաները` վեպերի:

Բոլոր նրանք, ովքեր տող իսկ չեն կարդացել Բարիկոյից, գուցե հիշեն հրաշալի մենախոսությունները (Թիմ Ռոտի կատարմամբ) Ջուզեպպե Տորնատորեի «1900-ը» կամ «Լեգենդ դաշնակահարի մասին» ֆիլմից, որը նկարահանվել էր Բարիկոյի «Novecento» վիպակի հիման վրա:

Ինչպես «Մետաքսը» վեպի հերոսի կյանք է ներխուժում արտասովոր Ճապոնիան եւ աղջկադեմ կինը, ում հպումները ցնորական մետաքս են, ում ձայնը` լոկ հիերոգլիֆների սյունիկներն են, որ նմանվում են ճնճուղի տոտիկների հետքերին, այդպիսին են եւ Բարիկոյի տողերը…