ՀՀ Ոստիկանությունն այս շաբաթ որոշում է կայացրել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսելու վերաբերյալ: Այդ մասին երեկ «Ազատությանը» հայտնել է Ժ. Սէֆիլյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը: «Որպես որոշման հիմնավորում՝ ներկայացվել է, որ այս տարվա հունիսի 9-ին Սէֆիլյանի ազատազրկման ժամկետը լրանալուց հետո՝ նա ՀՀ-ում կմնա առանց բնակության իրավունքի»,- ասել է փաստաբանը` ընդգծելով, որ Սէֆիլյանի դեպքում օրենքն արգելում է արտաքսումը: «Նրան, ըստ օրենքի, արգելվում է արտաքսել այն պատճառով, որ նա իր խնամքին ունի 2 անչափահաս երեխա»,- նշել է Վ. Գրիգորյանը` ավելացնելով, որ բողոքարկելու է որոշումը: «Բողոքարկման ողջ ընթացքում Սէֆիլյանին չեն կարող արտաքսել»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ Ժ. Սէֆիլյանը 2 անգամ դիմել է ՀՀ իշխանություններին՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Իսկ նախօրեին նա նամակով դիմել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` նրանից խնդրելով քաղաքական ապաստան: