«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, մենք որակում ենք որպես հակաքրիստոնեական ոճիր»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ հրավիրված մամուլի ասուլիսում: Իսկ լրագրողների հարցին` ի՞նչ նկատի ունի՝ «ոճիր» ասելով, Հ. Առաքելյանը պատասխանել է: «Ոճիր ասելով՝ մենք նկատի ունենք բոլոր մեղավորներին, որոնք դեռ առայժմ քննության ընթացքում են»: Ինչ վերաբերում է կատարվածի քաղաքական գնահատականին, ապա, ինչպես ՀՌԱԿ ատենապետն է ասել, մարտի 1-ին ինքը չի տեսել քաղաքական գործընթաց: «Մարտի 1-ին անձամբ ես չտեսա որեւիցե քաղաքական գործընթաց, որպեսզի խորամուխ լինեմ քաղաքական գնահատականների մեջ»,- ասել է նա:
«Հակառակը, ես համարում եմ, որ դա քաղաքական բախում էր, որովհետեւ կուտակվել էին խնդիրները, որոնք չէին գտնում լուծում, արդեն տասնյակ տարիներ: Ես գտնում եմ, որ, այո՛, դա պոռթկում էր որոշակիորեն, չնայած, այդ զանգվածի մեջ կային, այո՛, տարբեր ուժեր»,- ՀՌԱԿ ատենապետին հակադարձել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, ինչին ի պատասխան՝ Հ. Առաքելյանը, իր խոսքերով, գնահատել է «ոչ թե մարտի 1-ը, այլ ամբողջ գործընթացը, որ հանգեցրել է դրան»: «Նախ, մեր գնահատմամբ, մինչեւ 1998-2008 թվական իրականացվեց շատ գրագետ հակաքարոզչություն: Բայց զուգահեռաբար՝ եւ՛ ընդդիմության դեմ ծայրահեղ, եւ՛ իշխանության դեմ: Ընդհուպ՝ մինչեւ 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններ: Ցավը նա եղավ, որ որեւիցե ընդդիմադիր ուժ, բլոկ չձեւավորվեց, բոլորը գնացին առանձին: Այստեղ իր դերակատարությունն ուներ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ տեղեկությունների, հավաքվել էին հայտնի ուժեր ընդդիմադիր, պետք է միավորվեին եւ չմիավորվեցին: Միավորվելու պարագայում աշնանը, նախագահական ընտրություններում, հնարավոր է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չդներ, որովհետեւ կար ալտերնատիվ ուժ, կամ կարող է ինքը չդառնար միասնական թեկնածու: Միգուցե մտածված, կամ անկախ իր կամքից, Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազգային ժողովի ընտրություններին ապահովեց Սերժ Սարգսյանի 70-ից ավելի պատգամավորների ներկայությունը»,- ահա այսպիսի ֆանտաստիկ «վերլուծություն» է ներկայացրել Հ. Առաքելյանը: Իսկ ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից: «Ամեն մեկն ունի ինչ-որ փոքր նպատակ, ծրագրավորված, որն այն ժամանակ կիրականացնի, երբ իր կարծիքով՝ լինի քաղաքական ավելի հարմար եւ նպաստավոր դիրքում»,- հարցին այսպես է պատասխանել Տ. Կարապետյանը, նշելով, թե, օրինակ, իր կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը սպասում է հունիսի 20-ի հանրահավաքին, որից հետո իշխանության հետ առավել նպաստավոր դիրքում կնստի երկխոսության: «Ի՞նչ ենք մենք առաջարկում: Ընդամենը քաղաքական հնարավորություններ, որ բոլոր քաղաքական ուժերն ունենան իրենց քաղաքական նպատակին հասնելու հավասար հնարավորություններ: Իշխանությունը պետք է լուծի այդ հարցը»,- նշել է Տիգրան Կարապետյանը:
Իսկ ըստ Հ. Առաքելյանի, նախաձեռնություններ եղել են, առաջարկներ են ներկայացվել ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովին, բայց խորհրդարանական ուժերն այդ հարցում անհանդուրժող են: «Քաղաքական կացությունը, տրամադրությունը երկրում արտահայտված չէ խորհրդարանում: Խորհրդարանը դա եղել եւ մնում է քաղաքական արենան, բոլոր երկրներում: Իսկ քաղաքական արենայում, ցավոք սրտի, ներկայացված անձինք, առանձնապես չի երեւում նրանց քաղաքական տրամադրվածությունը, նրանց գաղափարական ուղղությունը, թե ինչն են ուզում, ինչ օրենքներ են ընդունում, եթե ընդունում են՝ ինչի են ընդունում»,- ասել է ՀՌԱԿ ատենապետը` ավելացնելով, որ իշխանությունը պետք է հասկանա, որ ներկայիս ԱԺ-ն իր համար հենարան չէ: «Ինչ վերաբերում է ելքերին, մի բան էլ կուզենամ նշել, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատում պատասխանատվություն են կրում այսօրվա մեր հասարակության երկփեղկվածության համար», – հայտարարել է Հարություն Առաքելյանը:
Ի դեպ, երեկ Տ. Կարապետյանը ներկայացրել է իր հերթական ստեղծագործություններից մեկը, սակայն, ոչ ՀՌԱԿ-ի մասին, ինչպես եղել էր նախորդ ասուլիսում, երբ նա ՀՌԱԿ-ին անվանել էր «քամի»: Երեկ ԺԿ նախագահը ներկայացրել է հետեւյալ բանաստեղծությունը.
«Լսում ես ինձ, կեղծակենտրոն բազարյան
Հատով վաճառքի շտեմարան,
Անհայր մեռելների ու փախածների տեր,
Վերջում մնալու ես մենակ ու անտեր:
Էն որ ասում ես, հիմքեր չկան,
Ցողունը տակդ է, նստած ես վրան:
Պաշտոնն է քեզ չարին կցել,
Աբրահամի բախչան գցել:
Հիմա դու էլ էս դարձել Աբրահամ,
Ստին ծառա, լկտի եւ անհամ,
Իսկ ողչագուլյանին ոնց էլ չափես,
Միշտ էլ կմնա բոլորին անտես:
Ինչ էլ տաս ձեռքը կկարդա,
Օր ու գիշեր կմռնչա,
Իմացեք եւ դուք, կեղծ հաշվապահներ,
Ազգի առաջ դարձել եք դավաճաններ»:
Ասուլիսին ներկա լրագրողները, թերեւս նկատելով ԿԸՀ նախագահի տեղակալ Աբրահամ Բախչագուլյանին ուղղված ակնարկները, Տ. Կարապետյանին հարցրել են, թե ինչո՞ւ է մեծ պաշտոնյաներին թողած՝ փոքրերի մասին գրում: «Ուրեմն, առուն որ անցնում ես, թռնում ես առվի վրայով: Ուրեմն, այդ մարդիկ, որ այնտեղ նստած կեղծում են, դա փոքր չեն, դա ավելի մեծ գողեր են, քան թե այն մարդիկ, որոնք վերեւից հրահանգ են տալիս: Որովհետեւ, եթե հրահանգը վերեւից է, պետք է փչացած հեռախոսի էֆեկտը գործի»,- ասել է Տ. Կարապետյանը։