Նախագահի օգնականը՝ մանր ձեռներեց

22/05/2005

Որոշ տեղեկությունների համաձայն` Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) են պատկանում
15-ից ավելի ընկերություններ՝ «Դար 21» հեռուստաընկերությունը, «Արդինի»
ստուդիան, «Օպերա ակումբը» եւ այլն, որոնք ամբողջանում են դեռ
իրավաբանորեն չձեւակերպված «Հրազդան» հոլդինգի մեջ, որի գործադիր տնօրենն
ու փայատերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Արմեն Գեւորգյանն է: Սա
հաստատեց նաեւ հոլդինգի մամլո քարտուղար Սեւակ Մանուկյանը:
«Հրազդանից» մեզ տեղեկացրին, որ ազատամարտիկների մոտ 200 ընտանիքներից
յուրաքանչյուրին ամեն ամիս մոտ 30 դոլար օգնություն են տալիս: Դա մոտավոր
հաշվարկներով, հավասարվում է 15 տաղավարի վարձավճարի ընդհանուր գումարին:
Այսպիսով, մեր հաշվարկներով «Հրազդան» տոնավաճառը տարեկան հավաքում է մոտ
4 մլն 200.000 դոլար վարձավճար, որից պարոն Աղաբաբյանի ասելով՝ 305 մլն
դրամ կամ մոտ 650.000 դոլար հարկ է վճարում: Ազատամարտիկների ընտանիքներին
հատկացված օգնությունն էլ հանած, առանց որեւէ ներդրումների, ձեռքները
գրպանները դրած՝ սեփականատերերը միայն տոնավաճառից ստանում են մոտ 3 մլն
դոլար եկամուտ: Իսկ եթե վարձավճարն ավելացնեն 100 դոլարով, այս եկամուտն
ամսական մի 300.000 դոլարով էլ կավելանա: