Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2007» միջազգային կոնֆերանսի երկրորդ օրվա նստաշրջանը վարում էր ԼԿՄ-ի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա անկեղծանալով ասաց, թե կոնֆերանսների երկրորդ օրերը շատ է սիրում, երբ ԶԼՄ-ներն արդեն արել են իրենց նկարահանումները, դրել իրենց ստանդարտ վերնագրերն, իսկ մասնակիցները մնացել են «յուրայիններով»։ Սակայն երկրորդ օրը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ ելույթ էր ունենալու հայտնի վերլուծաբան, Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա ելույթի առաջին մասը նվիրված էր Ռուսաստանի ներքաղաքական վիճակին՝ Չեչնիա, Ինգուշեթիա, Դաղստան։ Նա սուր քննադատության ենթարկեց ՌԴ իշխանությունների քաղաքականությունը, որը, ըստ նրա, պարունակում է գաղութատիրության վտանգ։ Օրինակ, Չեչնիայում, առաջին հայացքից, ամեն ինչ լավ է, Չեչնիան լոյալ դիրքորոշում ունի ՌԴ-ի նկատմամբ, փոխարենը՝ ՌԴ իշխանությունները նրանց քարտ-բլանշ են տալիս, որ երկրի ներսում անեն այն, ինչ ուզում են։ «Ռուսաստանը Չեչնիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար աջակցեց մի մարդու (նկատի ունի նախագահ Ռամզան Կադիրովին.- Բ.Թ.), ում հայրը 2003-ին բացահայտ ասում էր՝ ռուսներն ընդամենը 140 միլիոն են, այնպես որ, ամեն չեչեն պետք է սպանի ընդամենը 140 ռուսի»։ Մարկեդոնովը սա ընդգծեց՝ համոզմունք հայտնելով, որ ՌԴ-ի համար պետք է կարեւոր լինի ոչ թե իշխանական էլիտաների, այլ՝ բնակչության վերաբերմունքն իր նկատմամբ։ Իսկ «168 Ժամին» տված հարցազրույցում նա նույն դիրքորոշումը հայտնեց նաեւ Հայաստանի առնչությամբ։ Մարկեդոնովը խոսեց նաեւ ազգայնականության խնդրի մասին՝ նշելով, որ թեեւ սքինհեդների գործողություններին իշխանությունները պատշաճ ձեւով չեն արձագանքում, սակայն սխալ է այն կարծիքը, թե այդ երեւույթի ետեւում կանգնած է ՌԴ ղեկավարությունը, դա ՌԴ-ին ձեռնտու չէ։ Անդրադառնալով ՀՀ-ին, վերլուծաբանն ասաց, որ ռուսներն աջակցում էին Սերժ Սարգսյանին, որովհետեւ մտայնություն կար, թե Սարգսյանը ռուսամետ գործիչ է, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հակառուսական։ Սակայն նա հիշեցրեց, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հիմքը դրվել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ։
– Դուք նշեցիք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հակառուսական գործիչ չէ, եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը սկսվել է հենց նրա օրոք։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում այն տեսակետները, ըստ որոնց՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գունավոր հեղափոխության փորձ էր։
– Իհարկե, Ռուսաստանի եւ Հայաստանի ներկայիս պետությունների միջեւ գործընկերության հիմքը դրվել է Բորիս Ելցինի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, որքան էլ այդ միտքը ոմանց դուր գա, կամ դուր չգա։ Մեր երկրների ղեկավարներն այն ժամանակ այդ ընտրությունը կատարեցին, իմ կարծիքով՝ լավ ընտրություն էր եւ ճիշտ։ Ինչ վերաբերում է գունավոր հեղափոխություններին… երբ դրանք հաջողությամբ են ավարտվում, դրանց այլ կերպ են կոչում. եթե ձեզ մոտ գունավոր հեղափոխություն լիներ, իշխանության գլուխ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Անկեղծ ասած, ես չեմ սիրում այդ տերմինները՝ գունավոր հեղափոխություն եւ այլն։ Պարզապես Հայաստանի իշխանությունը ցույց տվեց, որ ուներ վստահության որոշակի ռեսուրս…
– Ընդդիմությունն էլ ուներ ռեսուրս, առանց այդ ռեսուրսի հնարավոր չէր լինի մարդկանց բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպել՝ որքան էլ խոսեն դրսի աջակցության մասին։
– Այո, ընդդիմությունն էլ ուներ որոշակի ռեսուրս, սակայն ինչպես պարզվեց՝ ոչ բավարար չափով՝ իրավիճակը փոխելու համար։ Սակայն իշխանության համար սա ահազանգ էր, որ ընդդիմության որոշ կարգախոսներ, որոշ պահանջներ իրե՛նք պետք է կյանքի կոչեն։ Հակառակ դեպքում՝ իշխանության եւ ժողովրդի միջեւ անջրպետ կառաջանա։ Տեղի ունեցածը զանգ էր, նախազգուշացում։
– Ելույթի ժամանակ Դուք նշեցիք, որ թեեւ երբեք չեք ընտրել Գենադի Զյուգանովին, սակայն կարծում եք, որ նա եւ իր կուսակիցներն իրական, ուժեղ ընդդիմություն են, ոչ թե Կասպարովի համախոհների նման, ովքեր մարգինալ ընդդիմություն են եւ չեն վայելում հասարակական մեծ աջակցություն։ Ձեր կարծիքով՝ ո՞վ է Հայաստանում իրական ընդդիմությունը։
– Կարծում եմ՝ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե Տեր-Պետրոսյանը որքանով կարող է դառնալ իրական ընդդիմություն։ Նա կարողացավ մեկ ընտրարշավ անցկացնել, կկարողանա՞ նա արդյոք պահպանել 25%-անոց կայուն վստահության քվեն՝ ցույց կտա ժամանակը։ Որովհետեւ այդպես՝ առանց կուսակցության, առանց գաղափարախոսության, միայն բողոքական էլեկտորատի վրա հիմնվելով՝ երկար չես դիմանա։ Դրա մասին էր վկայում նաեւ Վազգեն Մանուկյանի կազուսը։ Հիմնականում կրկնվեց 1996-ի իրավիճակը, այն տարբերությամբ, որ Տեր-Պետրոսյանն այն ժամանակ գործող նախագահն էր, այժմ՝ ընդդիմադիր է։
– Սերժ Սարգսյանն ընտրվելուց հետո իր առաջին մոսկովյան այցելության ժամանակ շնորհակալություն հայտնեց ՌԴ ղեկավարությանը՝ ընտրությունների ժամանակ իրեն ցույց տված աջակցության համար, ինչը, միանշանակ չընդունվեց նաեւ Ռուսաստանում: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում դա:
– Իհարկե, այդպես է։ Հայերի մեծ մասը հարցնում են՝ ե՞րբ է Ռուսաստանը հասկանալու, որ Հայաստանը միայն Քոչարյանը չէ (հիմա՝ Սերժ Սարգսյանը)։ Կարծում եմ՝ դա պետք է հասկանալ։ Եթե Հայաստանի մասին խոսում ենք՝ որպես ռազմավարական գործընկերոջ կամ ֆորպոստի (ինչն, ի դեպ, այստեղ ոչ միանշանակ ընդունվեց), ապա Ռուսաստանը պետք է գնահատի բոլո՛ր հայերի աջակցությունը, ոչ թե միայն նրանց, ովքեր աշխատում են նախագահի ապարատում։ Հայերը միայն այդ ապարատում չեն աշխատում. նրանք նաեւ գիտնականներ են, տաքսու վարորդներ կամ շուկայում առեւտուր անողներ։ Ռուսաստանին պետք է նրանց բոլորի աջակցությունը, ոչ թե միայն նրանց, ովքեր պաշտոն են զբաղեցնում։ Սա է ամբողջը։
– Իսկ ի՞նչ է պետք դա հասկանալու համար։
– Դրա համար պետք է թեկնածուներին աջակցել ոչ այնպես, ինչպես աջակցում են ֆուտբոլում, որեւէ թիմի։ Սա ֆուտբոլ չէ, ոչ էլ՝ տոտալիզատոր։ Մեկ անգամ եւս նշում եմ. ցանկացած հայ քաղաքական գործիչ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին կողմ է լինելու, եւ սա առաջին հերթին բխում է հենց Հայաստանի շահերից, եւ այդ շահերի մեջ Ռուսաստանի դերն ավելի մեծ է։