Բռնություն` դատարանի դահլիճում

25/05/2008

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 11-ի դատավճիռը, որով փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված Սիմոն Հենրիկի Ամիրխանյանը եւ Սամվել Սարգսի Կարապետյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ (դրդչություն) եւ դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

Այդ մասին տեղեկացնում է Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունը: Նույն դատավճռով մեղավոր էր ճանաչվել նաեւ Գավառ քաղաքի թիվ 22/21 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Լեւիկի Հայթյանը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»), եւ նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ` ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Հռիփսիմե Հայթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Սույն գործով վերաքննիչ բողոքը բերվել էր միայն Ս.Ամիրխանյանի եւ Ս.Կարապետյանի մասով վերջիններիս շահերի պաշտպան Ս.Սաֆարյանի կողմից:

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել նաեւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը, որով Անդրանիկ Մկրտչի Սափեյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Խուլիգանություն») եւ դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Անդրանիկ Սափեյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Նույն գործով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել նաեւ Մկրտիչ Հովհաննեսի Սափեյանին, Ժորա Հովհաննեսի Սափեյանին եւ Հայկ Սամվելի Գրիգորյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ դատապարտել ազատազրկման՝ Մկրտիչ Սափեյանին՝ 2 տարի, Ժորա Սափեյանին՝ 2 տարի 6 ամիս, եւ Հայկ Գրիգորյանին՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Ի դեպ, երեկ մինչ դատարանը կգնար խորհրդակցական սենյակ, դատարանի դահլիճում ուշաթափվել են նիստին ներկա Սափեյանների հարազատներից երկու մեծահասակ կանայք։ Ուշաթափության այդ պահերին ականատես են եղել նաեւ ամբաստանյալի աթոռին հայտնված Սափեյան եղբայրները։ Երբ նրանք փորձել են օգնություն ցույց տալ ուշաթափված կանանց, դատարանի դահլիճում գտնվող Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկսել են ուժ կիրառելով դահլիճից դուրս հրավիրել ներկա գտնվողներին: Սափեյան եղբայրներին եւս ձեռնաշղթաներ հագցնելով` փորձել են դուրս հանել դահլիճից։

Իսկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Սասուն» ջոկատի ազատամարտիկ Սոս Գեւորգյանին։ Վերջինս ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի քրոջ որդին է։ Մինչ դատավոր Հրայր Սարգսյանը կկարդար դատավճիռը, Ս. Գեւորգյանը հենց դատարանի դահլիճում հայտարարել է անժամկետ հացադուլ։ Իսկ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի եղբորորդու` Վարդան Մալխասյանի դատավարությունը։ Այս անգամ դատական նիստին չէին ներկայացել Դատախազության ներկայացուցիչն ու Վ. Մալխասյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը։ Վերջինս դատարանին տեղեկացրել էր, որ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում ինքը մասնակցում է մեկ այլ գործի դատաքննությանը։