Մայիսի 21-ին ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովում կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր երկար ելույթում հայտարարել էր, թե մարտի 1-ը ձեռնտու չէր ո՛չ երկրին, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ իշխանությանը:
«Ձեռնտու էր միայն նրան, ու ցավոք նա ստացավ»,- հայտարարել էր Հ.Մարգարյանը` նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Շատ ավելի վաղ ՀՀ առաջին նախագահը Համազգային շարժման երկրորդ կոնգրեսում հայտարարել էր, թե մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռ.Քոչարյանի վրա: Սրան հետեւեց Ռոբերտ Քոչարյանի պատասխան մեղադրանքը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում: «Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյուն` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք»,- ասել էր նախկին նախագահը: Եվ չնայած կոալիցիոն բոլոր կուսակցություններն էլ իրենց արդարացնելու համար որպես այդ իրադարձությունների պատասխանատու ներկայացնում են ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն նրանցից ոչ մեկը դեռեւս նման կոնկրետ հայտարարություն չէր արել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն ամբողջությամբ միայն ՀՅԴ-ն է պաշտպանում: Բոլոր դեպքերում հետաքրքիր է, թե այս փոխադարձ մեղադրանքների ֆոնի վրա կոալիցիային մաս կազմած կուսակցությունները կոնկրետացրե՞լ են մարտի 1-ի դեպքերի մասին ունեցած իրենց դիրքորոշումը եւ արդյոք ՀՅԴ-ի նման թափված արյան համար մեղադրո՞ւմ են Լ.Տեր-Պետրոսյանին: «Կարծում եմ՝ ոչ մեկին պետք չէր դա, որեւէ մեկը չէր ցանկանում, որ այնտեղ արյուն թափվեր»,- ասաց բոլորովին վերջերս Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Սուքիաս Ավետիսյանը: «Ես կարծում եմ մի բան, եթե կա մի հայ, որին անհրաժեշտ էր հայի արյուն, կամ ընդհանրապես արյուն, ես այդ մարդուն հայ կամ մարդ չեմ համարում»,- պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցը: «Նույնաբովանդակ ելույթներ հնչեցին նաեւ մարտի 1-ի գիշերը հրավիրված նիստում, երբ անընդհատ նշվում էր, որ Լ.Տեր-Պետրոսյանն իրականացրեց իր ծրագիրը, որը վաղուց էր նախապատրաստում, Լ.Տեր-Պետրոսյանը հասավ իր նպատակին: Այստեղ ամենադիպուկ պատասխանը տալիս է Լարիսա Ալավերդյանը` իսկ ինչո՞վ էին զբաղված մյուսները: Նրա՞նք էլ էին իրականացնում Լ.Տեր-Պետրոսյանի ծրագիրը: Ինձ համար անհասկանալի է նման մեղադրանքն այն դեպքում, երբ գործով առկա փաստերը ցույց են տալիս իշխանության մեղավորությունը, եւ անկախ ամեն ինչից՝ իշխանությունն է երկրում պատասխանատվություն կրողը եւ պատասխանատու է ամբողջովին: Ցանկալի է, որ ստեղծված իրավիճակում առավելապես քննարկվեին առաջ շարժվելու եղանակները, եւ ոչ թե շարունակեինք կրկին մեղադրանքներ հասցեագրել միմյանց»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Հետեւելով ՀՅԴ-ի եւ մասնավորապես Հրանտ Մարգարյանի ելույթի տրամաբանությանը՝ հարց է առաջանում` այդ դեպքում ինչո՞ւ մարտի 1-ից հետո իրավապահները չեն ձերբակալել մեկին, ով մեղադրվում է կրակելու, նռնակ նետելու եւ «արյուն թափելուն» ուղղված այլ գործողություններ իրականացնելու մեջ: Չէ՞ որ այդ օրը հրազենից եւ հատուկ միջոցներից 10 մարդ էր զոհվել, եւ հարյուրավորներն էլ վիրավորվել էին: Քանի որ ՀՅԴ-ի գրեթե ողջ վերնախավն այս օրերին Ծաղկաձորում մասնակցում է կուսակցության ընդհանուր ժողովին, Երեւանում մնացել էին միայն անցած ընտրություններին ԱԺ պատգամավոր դարձած անդամները, եւ մեզ հաջողվեց խոսել միայն Արա Նռանյանի հետ: «Երբ գլխավոր դատախազը ԱԺ-ում ներկայացնում էր չորս պատգամավորների նկատմամբ քրեական գործ սկսելու թույլտվության հարցը, ես հարցրեցի` հարգելի գլխավոր դատախազ, խնդրում եմ՝ կոնկրետ ասել, թե ով ինչի համար է մեղադրվում: Ո՞վ է զենք գնել, ո՞վ է կրակել եւ այլն: Ի վերջո, այս ամենը պետք է ներկայացվի: Ասեմ, որ իրականում այս ինֆորմացիան կա, եւ մենք իշխանություններին առաջարկում ենք դրանք հրապարակել: Սակայն Դատախազությունն առայժմ զերծ է մնում հրապարակելուց: Որպեսզի այսպիսի հարցեր չառաջանան, ցանկալի կլինի, որ հասարակությանը ներկայացվի, թե ո՞վ է կրակել եւ կոնկրետ ո՞վ է մեղավոր այդ սպանությունների համար: Ես կարծում եմ, որ Դատախազությունը քննության շահերից ելնելով՝ չի հրապարակում իր ինֆորմացիան, քանի որ այս գործն ունի քաղաքական հնչեղություն: Պատգամավորների նկատմամբ քրեական գործ սկսելու թույլտվության հարցը քննելու օրը ես իմ հարցի մեջ նաեւ հնչեցրի, թե պետական պաշտոնյային պետք է պատժել ոչ միայն իր գործողությունների, այլ նաեւ անգործության համար: Փաստ է, որ այդ ընթացքում մի շարք իրավապահ պաշտոնյաներ եւս իրենց գործառույթները չեն իրականացրել»,- ասում է Ա.Նռանյանը:
Իսկ իշխանական մյուս կուսակցությունների ներկայացուցիչները խուսափեցին ավելի կոնկրետ պատասխաններ տալուց: «Որքան ես տեղյակ եմ՝ ուսումնասիրությունները տեղի են ունենում, գուցեեւ կլինեն այնպիսի դեպքեր, կլինեն մարդիկ, ովքեր կմեղադրվեն: Ես չեմ ուզում որեւէ բանի գնահատական տալ, ես չէ, որ պիտի որոշեմ` մարդիկ մեղավո՞ր են, թե՞ ոչ: Ես չեմ կարող ասել այդ մասին»,- ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Քանի դեռ քննություն է գնում, դեռ դատական պրոցեսները չեն ավարտված, մենք պիտի չշտապենք, պիտի սպասենք՝ դատական պրոցեսներն ավարտվեն, եւ բացառված չէ, որ այդ քննությունների ընթացքում կարող է պարզվեն լրացուցիչ դրվագներ, եւ ի հայտ գան նաեւ հրազենից կրակողներ: Եվ կարծում եմ՝ մինչեւ այդ բոլորը վերջնակետին չհասնեն, մենք չենք կարող վերջնական գնահատական տալ»,- ասում է ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: «Կարծում եմ, որ շրջանառության մեջ են եղել թե նռնակներ, թե ավտոմատիկ զենքեր, թե տարբեր պայթուցիկ նյութեր: Այդ մանրամասներին ես ծանոթ չեմ»,- սա էլ ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի պատասխանն է:
Մեր զրուցակիցներին խնդրեցինք գնահատել նաեւ, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են կատարում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջները: Իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները, բնականաբար, լավատես են եւ վստահ, որ մինչեւ ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը կհասցնեն կատարել առաջադրված պահանջները: Ըստ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, ըստ որի՝ «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու է միայն սեպտեմբերին: Պատգամավորի ասելով, այն ընդունվելու է հունիսի 9-11-ի քառօրյա նիստում, եւ այդպիսով այդ պահանջը կատարվելու է: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Ավոյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցում էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «երկխոսության դրսեւորում էր»: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանն էլ լրագրողներին հիշեցրեց, որ Եվրոպայի խորհուրդը բոբո չէ, եւ պետք չէ նրանից վախենալ: Պատգամավորի խոսքերով՝ այն քայլերը, որ այսօր անում է իշխանությունը, անում է ոչ թե վախից, այլ դրանք առաջին հերթին մեր երկրին ու ժողովրդին են անհրաժեշտ: Իսկ ահա Ս.Սաֆարյանի կարծիքով՝ ԵԽ ԽՎ բանաձեւի որեւէ կետ մինչեւ այսօր չի կատարվել: «Հատկապես քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելու, քաղաքական երկխոսություն սկսելու, հեռուստատեսությամբ ընդդիմությանը «բավարար եթեր» տրամադրելու, հանրահավաքներին առնչվող օրենսդրության մեջ պահանջված փոփոխությունները չեն կատարվել»,- ասաց պատգամավորը: