Այց

25/05/2008

Երեկ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ էր մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության, առողջապահության նախարարներ Արամ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, Հարություն Քուշկյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ստեփան Բարսեղյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Գեղարքունիքում մարզպետի, փոխմարզպետների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների եւ պաշտոնական այլ անձանց մասնակցությամբ քննարկվել է Սեւանա լճի ափամերձ հատվածներում իրականացված քաղաքաշինական անօրինական կառուցապատումների, տեղական բյուջեների կատարման ընթացքի, ՏԻՄ որոշ մարմիններում աշխատանքային եւ կատարողական կարգապահության հետ կապված խնդիրներ: Ըստ Կառավարության հաղորդագրության` քննարկված հարցերի շուրջ փոխվարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել: Մասնավորապես` «Սեւան» ազգային պարկի տնօրինությանը հանձնարարվել է ապահովել հողի վարձակալության մրցույթների հրապարակայնությունը, իսկ պետական եւ տարածքային իրավասու մարմիններին` այսուհետ բացառել Սեւանա լճի ափամերձ գոտում թույլատրելի նիշից ցածր կառուցապատումների իրականացումը: Այնուհետեւ նրանք մեկնել են Մարտունի, իսկ վերջում` Վարդենիս: