Պրիմիտիվությունը միայնակ չի գալիս

25/05/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Գուցե վիճակագիրները չեն էլ հասցրել արձանագրել, որ մեր աչքի առաջ մարտի 1-ից հետո հայաստանցու կյանքի միջին տեւողությունը դառնում է 40-50 տարեկանը: Ինֆարկտները եւ նախաինֆարկտային վիճակները, համաձայն մեր սրտաբաններից մեկի պնդման, աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն կյանքի անցողիկությունը մեր քաղաքական գործիչների համար այն «արժեքը» չէ, որը կարող է դրդել, ասենք, այնպիսի վիճակի, որպիսին լրջությունն է:

Մեր քաղաքական դաշտում տասնամյակներով հարմար տեղավորված քաղաքական գործիչները, ովքեր վաղուց արդեն երիտասարդ չեն եւ բնության օրենքներով` պիտի որ արդեն լուրջ լինելու երկարամյա ստաժ ունենային, հասարակությանն անուղղակիորեն, բայցեւ անընդմեջ պահում են դեպրեսիայի ու լարվածության վիճակում: Նրանք, 50-ը, 60-ը բոլորած այդ մարդիկ, իրենց տարիքն ամենեւին չեն ընկալում որպես իմաստություն ձեռք բերելու, որոշ արժեքներ վերագնահատելու, գիտելիքների շրջանակը լայնացնելու հնարավորություն: Մինչ հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են մեկուսարաններում ամիսներով պահվում քաղաքական մի շարք գործիչները, ՀՅԴ-ն համառորեն գումարում է իր ժողովները, որն այս անգամ հոբելյանական էր` 30-րդը: Նաիվության հասնող գաղտնիությամբ` դաշնակցականները համառորեն ժողովներ են գումարում: Ընդ որում, մեկուսանում են Ծաղկաձորում` թյուրիմացաբար կարծելով, թե իրենց ժողովների բովանդակության հանդեպ հասարակության հետաքրքրությունը հասնում է այն աստիճանի անհամեստության, որ իրենք պարզապես ստիպված են քաղաքից դուրս մի գողտրիկ անկյունում հավաքվել: Այս նույն սցենարն` առանց թարմացնելու եւ առանց հոգնելու, հարյուրամյակը վաղուց բոլորած այս կուսակցությունը նույն պաթոսով մատուցում է հասարակությանը: Իհարկե, հավատարիմ մնալով կոնսպիրացիայի հին կանոններին, որոնք, նկատենք, վաղուց արդեն չեն աշխատում:

Սակայն մեր քաղաքական դաշտում պրիմիտիվությունը միայնակ չէ: Այն գալիս է կոալիցիայով: Արթուր Բաղդասարյանի` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն ունենալուց հետո, երբ կուսակցության բազում անդամներ սկսեցին քննադատել իրենց ղեկավարի վարքագիծն ու հրաժարվել կուսակցական տոմսից, մամուլում անկեղծացավ ԱԺ պատգամավոր, ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը: Իր երախտամոռ կուսակցի իրական դեմքը հասարակությանը ներկայացնելու նպատակով` Մարգարյանը հրապարակեց կուսակցության «նվիրյալների» երդման տեքստը: Այդ տեքստը, պարզվում է, արտասանվում է եկեղեցում: Այսինքն` ՕԵԿ-ի նոմենկլատուրան Աստծո եւ, որ կարեւոր է` Ա. Բաղդասարյանի առաջ երդվում է հավատարիմ մնալ կուսակցության նախագահի քաղաքական կուրսին: Երդումը խախտողները պատրաստ են արժանանալ ամեն կարգի նզովքի, ընդհուպ` կուսակիցների եւգ Աստծո նզովքին: Եվ խնդիրն ամենեւին երդման տեքստի գրագիտությունը չէ, այլ այն, որ հասուն տղամարդիկ, ՕԵԿ-ի դեպքում` նաեւ կանայք, կարող են այդքան կաղապարված ու պարզունակ մտածել: Եվ այդքանով հանդերձ` հավակնել մասնակիցը լինել երկրի կառավարմանը:

Սակայն պարզունակության խնդրի առաջ է կանգնած նաեւ ՀՀԿ-ն: Երկրի նախագահը առայժմ չի հաջողում իրականացնել այն քաղաքական կամքը, որի մասին խոսում էր մարտի 1-ից հետո, թե` ինքը կարող է միավորել հասարակության բեւեռները: Թեեւ ՀՀԿ-ի շարքերում շատ են գիտության դոկտորներն ու թեկնածուները, ավելին` ՀՀԿ շարքերը համալրում է անգամ մի կին ատամնատեխնիկ, այդուհանդերձ, ԱԺ-ում ՀՀԿ-ի կազմն այնքան էլ ներկայացուցչական չէ: Խորհրդարանում փիլիսոփայի, սրամիտի եւ խոշոր մտածողի դափնիները ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանինն են: Նրա թիկունքից լսվում է Արմեն Աշոտյանի շնչառությունը: Այսինքն, ԱԺ-ում երկար տարիներ լուռ մնալու արվեստում հմտացած պատգամավորների համար խոսքի անզուգական վարպետն ընդամենը Գալուստ Սահակյանն է:

Դեպրեսիայի մյուս աղբյուրն օլիգարխներն են` շրջապատված իրենց գաղափարակից կուսակցականների հոծ բազմությամբ:

Այս կամ այն ակումբում բամբասանքը` որ բիզնեսն ումն է, ում սիրուհին է ավելի գեղեցիկ, ում կոստյումն է ավելի թանկ, որ ոլորտի կաշառքը որ նախարարի կամ պաշտոնյայի մենաշնորհն է, եւ նման դատարկ ինֆորմացիայով օրը լցնելը, երեկոները եւ գիշերները, մեղմ ասած, ընթերցանությանն ու գիտելիքների թարմացմանը չնվիրելը մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներին բերել է մի վիճակի, երբ հասարակությունը նրանց այլեւս լուրջ չի ընկալում:

Եթե այս ամենին ավելացնենք նաեւ մարտի 1-ի լույս 2-ի դեպքերը, ապա, հասկանալի է, որ գիտակից ու մտածող հայաստանցու կյանքի միջին տեւողությունը խիստ պակասում է:

Մարդիկ սկսում են չդիմանալ: Ինչպես պատահեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Հովակիմյանի դեպքում:

Երբ ձերբակալեցին Կարապետ Ռուբինյանին, իսկ մի քանի ամիս անց փոխեցին նրա խափանման միջոց կալանքը` չբացակայելու մասին ստորագրությամբ, իրավապահներն իրենց բարեհոգությունը կապեցին Կ. Ռուբինյանի հետ կատարած քննչական աշխատանքի բարեհաջող ավարտի հետ: Կարապետ Ռուբինյանը տարակուսեց` նշելով, որ իր հետ որեւէ կարգի աշխատանք չի կատարվել: Սակայն աշխատանքն, այնուամենայնիվ, կատարված էր: Թող որ աննրբանկատություն է այն, ինչ կգրենք ստորեւ, սակայն ձերբակալության ընթացքում Կ. Ռուբինյանի ճերմակած մազերը վկայությունն են, որ «բացատրական աշխատանքներ», թող որ անուղղակի, նրա հետ տարվել են: Եվ դա նկատելի է այն մարդկանց դեպքում, ովքեր մարտի 1-ից առաջ եւ հետո ամիսներ են անցկացրել մեկուսարաններում:

Մեկուսարաններում պահվող մտավորականները, քաղաքական գործիչները այդպես էլ չեն կողմնորոշվում, թե ինչու իրենց հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվում` կարծելով, թե ԱԱԾ քննիչներն ու այդ ոլորտի մյուս աշխատակիցներն այնքան ոչ պրոֆեսիոնալ են, որ շփոթում են «բացատրական աշխատանքը» կալանավորին մոռանալու հետ: Սակայն «բացատրական աշխատանքը» հենց դա է: Մարդկանց մոռանալը: Սակայն սրանք պայմանականություններ են, որոնք երբեւէ չեն կարող խանգարել, դիցուք, ՀՅԴ-ականներին` անվրդով շարունակել իրենց հույժ գաղտնի եւ բոլորին մահու չափ ձանձրացրած ժողովը` Ծաղկաձորում: Ի դեպ, այնտեղ կերակրում են օրը չորս անգամ: Պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան: