Համապատասխան աշխատանքից հետո

25/05/2008

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում հանդիպել է Ռազմական հոգեբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այնտեղ Ս. Օհանյանը հայտարարել է, թե ապրիլին Նախիջեւանում հայտնված ՀՀ 4 քաղաքացիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ համապատասխան բանակցություններ ադրբեջանական ԶՈւ ղեկավարության հետ տարվել է:

«Սկզբում նրանք պատրաստակամություն հայտնեցին գերիներին վերադարձնելու, բայց հետո սկսեցին ձգձգել: Նրանք պատասխանում են, որ պետք է գերիների հետ համապատասխան աշխատանք կատարվի եւ հետո նրանց կվերադարձնեն: Դա նաեւ կախված է, թե ցանկություն ունե՞ն արդյոք գերիները վերադառնալու. մենք ունենք ադրբեջանցի մի ռազմագերի, որը ցանկություն չի հայտնում վերադառնալու Ադրբեջան»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ ապրիլին ՀՀ քաղաքացիներ Վանիկ Զմբոյանը (Գավառ), Արտյոմ Զոհրաբյանը (Նորադուզ), Կարեն Թորոսյանը (Նորադուզ) եւ Աղասի Ենոքյանը (Նորադուզ) գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Զորամասում տեղի ունեցած միջադեպից հետո նրանք դիմել էին փախուստի, կորցրել ճանապարհը եւ անցել Նախիջեւանի կողմ: Ս. Օհանյանը ուսանողներին վստահեցրել է, որ զինծառայության ժամկետների հետ կապված առայժմ փոփոխություններ չեն նախատեսվում: