«…երբ բարերարը, հիմնադրամը, շահառուն եւ կապալառուն դժգոհ են»

25/05/2008 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

– Հյուսիս-հարավ մայրուղին պետք է պատրաստ լիներ 2007թ. աշնանը: Ի՞նչն է պատճառը, որ աշխատանքներն առայսօր չեն ավարտվել:

– Հեռուստամարաթոնին մեծ մասամբ լինում են կանխիկ գումար փոխանցելու խոստումներ: Բայց ոչ միշտ է, որ գանձվում է խոստումների 100 տոկոսը, ընդ որում` կատարվող գանձումներն էլ իրականացվում են առաջիկա 11 ամիսների ընթացքում: Մենք այսօր ունենք դեռ չիրականացված խոստումներ` տրված 2007թ. նոյեմբերի 23-ի հեռուստամարաթոնում: Անցյալ 2-3 տարիներին Հայաստանում դոլարն անկում էր ապրում: Տարվա կտրվածքով դա ընդհանուր գումարից մոտ 30 տոկոսի խնդիր էր առաջացնում: Դրա հետ մեկտեղ՝ շինանյութերի գների աճ եղավ: Օրինակ` բիտումի մեկ տոննան 300 դոլար էր, իսկ այսօր 500-ից անցնում է: Հասավ մի պահ, երբ խոստումներից ակնկալվող գումարներն ընդհատվեցին, եւ ստացանք այն, ինչ ունենք` Հյուսիս-հարավ մայրուղուց մոտ 30 կմ մնաց անավարտ: Հոգաբարձուների անցյալ տարվա նիստին հայտարարվեց, որ հիմնադրամը սպառել է իր միջոցները, բայց քանի որ Հյուսիս-հարավը ստրատեգիական նշանակություն ունի եւ պետք է ավարտվի, ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ բյուջեից կհատկացնի 2 մլն դոլար, Արցախի կառավարությունը խոստացավ 1 մլն դոլարի ներդրում, որոնց շնորհիվ մայրուղին պետք է ավարտվեր: Անցյալ ամսվա դրությամբ գործընթացն արդեն սկսվել է: Ճանապարհի բաց մնացած հատվածների համար արդեն կնքվել են եռակողմ պայմանագրեր` «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀՀ), Արցախի կառավարություն եւ կապալառու: Առնվազն մեկ հատվածի վրա աշխատանքներն արդեն սկսված են: Հուսով ենք, որ մինչեւ 2008 թ. վերջ Հյուսիս-հարավ մայրուղին կհանձնվի լիարժեք օգտագործման:

– Ծրագրերի ուսումնասիրությունից երեւում է, որ ամեն ինչի պատճառը ծրագրերի բացակայությունն է: Գործը սկսելուց հետո են միջոցներ փնտրում: Ի սկզբանե ինչ-որ մեկը պատասխանատվություն չի՞ ստանձնում ծրագրի համար:

– Ձեր ասածում իրականություն կա: Բայց արդար լինելու համար պետք է ասեմ, որ սատանան թաքնված է գների այս արտառոց վերիվարումների մեջ: Երկու ամիս առաջ երկաթի 1 տոննան 300 դոլար էր, իսկ այսօր 3 անգամ բարձրացել է: Այսինքն` բարեխղճորեն արված նախագիծը 3 ամիս հետո իբրեւ հուսալի նախագիծ արժեզրկվում է: Ես ունեմ «ՀայՌուսգազարդից» նախագծային գներ` 2007թ. փետրվարի դրությամբ: Այդ նախագծի հիման վրա ես գումար եմ հավաքել: Բայց այսօր գները 100 տոկոսով թանկացել են, 30 միլիոնանոց ծրագիրն այսօր արդեն արժե 60 մլն: Իրականում ծրագրերի կյանքի տեւողությունը պետք է լինի 6 ամիս: Եթե այդ ընթացքում գումարը չխոստացվեց, չհավաքվեց, հիմնադրամ չհասավ եւ դրամի չվերածվեց, ուրեմն` շանսը մեծ է, որ ծրագիրը ֆինանսապես կտապալվի: Լուծումներից մեկն է նաեւ, որ հիմնադրամն ունենա լուրջ պահուստային ֆոնդ, որը կուղղվի գների այս վերիվարումների հետեւանքները վերացնելուն:

– Պատճառը, կարծում ենք, նաեւ այն է, որ որոշումները շատ դանդաղ են կայացվում: Բյուրոկրատական քաշքշուկների պատճառով ամեն ինչ ձգձգվում է: Հակառակ պարագայում, եթե ամեն ինչ արվեր 3 ամսում, թանկացումները ծրագրերի իրականացման վրա էական ազդեցություն չէին ունենա:

– Եթե ամեն ինչ լիներ այդպես օպերատիվ, մենք կլինեինք ոչ թե զարգացող, այլ զարգացած երկիր: Մեր ամբողջ մարտահրավերները հենց այսպիսի գործոնների շուրջ են: Եթե հիմնադրամը եզակի օրինակ լիներ, ուրիշ բան: Դա արդեն կարելի էր համարել մեկ անհատի կամ կազմակերպության մեղքը: Բայց երբ այս պրոբլեմը համատարած է, արդեն իրականության թելադրանքն է: Իհարկե, ինչ-որ տեղ ծայրահեղություն է ասածս, բայց կարծես հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ բարերարը, հիմնադրամը, շահառուն եւ կապալառուն դժգոհ են: Ուրախ մարդ չկա, դա ես լավ եմ պատկերացնում: Սակայն չկա գրքում գրված որեւէ բանաձեւ, որը կարելի է կիրառել: Սա, իսկապես, պահանջում է յուրահատուկ լուծումներ` ամեն դեպք իր առանձնահատուկ պայմաններով:

– Մարաթոնի 2006թ. ցուցակում կային մի քանի խոշոր նվիրատուներ, ովքեր կոնկրետ խոստումներ էին տվել: Ասենք` Արա Աբրահամյանը 1 մլն դոլար էր խոստացել Ստեփանակերտում դպրոցի կառուցման համար: Ես որեւէ տեղից պատասխան չեմ ստանում` նա տվե՞լ է այդ գումարը, դպրոցը կառուցվե՞լ է:

– Կարծում եմ` դա մեծ գաղտնիք չէ: Եթե դպրոցը կառուցվել է, շենքը կա, ուրեմն` գումարը տվել է, եւ հակառակը: Կոնկրետ Արա Աբրահամյանի հետ կապված` չգիտեմ: Գումարի ինչ-որ մասը տրվել է, բայց կոնկրետ ինչքա՞նը, չգիտեմ: Որովհետեւ իմ ժամանակաշրջանից առաջ է եղել, ես գիտեմ, որ Ա. Աբրահամյան եւ ուրիշ անուններ մեր ստանալիք գումարների անվանացանկի մեջ կան:

– Անցյալ հեռուստամարաթոնին Ազոխ գյուղի մասին ֆիլմ էր ցուցադրվում, որը պատմում էր, թե ինչպես են գյուղացիներն առավոտից երեկո դույլերով ջուր կրում: Մարդիկ, այդ պատկերները տեսնելով, գումար են հատկացնում: Սակայն հետո հայտարարվում է, որ Ազոխի ջրագիծը չի անցկացվելու ինչ-ինչ օբյեկտիվ համարվող պատճառներով: Չե՞ք կարծում, որ նման մոտեցումը սխալ է:

– Վերջին հաշվով` հիմնադրամի կատարած ցանկացած աշխատանքի դատավորները նվիրատուներն են: Իսկապես, եթե ես փոքր-ինչ կասկած ունենայի, որ այստեղ կա չար միտում, անպատասխանատու վերաբերմունք, հանիրավի մոտեցումներ, ձեզ հետ լիարժեք կհամաձայնվեի: Բայց այդպես չէ: Բերեմ Մեծ Թաղլարի ջրագծի օրինակը: Կապալառուն եղել է ոչ հուսալի: Մեզ առաջարկվել են գներ, որոնց կապակցությամբ մեր հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, թե դրանք շատ ցածր են, բայց կապալառուն հավաստիացրել է, թե իր ունեցած պահուստային խողովակների հաշվին են ցածր: Ծրագիրը սկսեցինք, սակայն կապալառուն կարողացավ իրականացնել աշխատանքների ընդամենը 2 տոկոսը: Փաստն այն էր, որ մենք ստորագրել էինք արժանապատիվ եւ արդար մոտեցմամբ պայմանագիր, տրամադրել էինք ֆինանսներ, անշուշտ, մեր դեֆիցիտի հաշվին: Ուզում եմ ասել, որ հիմա մեր միջոցների կառավարման, ծրագրերի սեղմացման խնդիր ունենք: Պետք է պարզենք, թե որ ծրագրերն են, որոնք չարժե շարունակել, որ կապալառուն հուսալի չէ: Եթե մենք ունենայինք կանխիկ գումար, անբարեխիղճ կապալառուի հետ պայմանագիրն անմիջապես կխզեինք, նորը կկնքեինք եւ առաջ կգնայինք:

– Խոսենք ձեր բերած` Մեծ Թաղլարի օրինակից: Հայտարարել եք մրցույթ, հեռուստատեսությամբ այդ մասին ասվել է, գյուղացիները գիտեն, որ հիմա իրենց ջրագիծն անցկացվում է: Բայց հանկարծ ջրագիծը չի անցկացվում, եւ մարդկանց նույնիսկ բացատրություն չեք տալիս: Երբ գյուղացիներին հարցնում ես ջրագծի մասին, ասում են` չգիտենք, փողերը կերան: Գնահատականը սա է, եւ նրանց չի կարելի մեղադրել, որովհետեւ որեւէ մեկը չի բացատրել, թե ինչու է այդպես:

– Ճիշտ եք ասում, բացթողումներ կան ամեն օր: Դա անձնակազմի մակարդակի արդյունքն է: Ուզում եմ ասել, որ ունենք մի կազմակերպություն, որը կարիք ունի արդիականացման: Ես 21-րդ դարում իբրեւ գործադիր տնօրեն ամիսը 1800 ստորագրություն եմ տալիս: Հաշվել եմ, որովհետեւ հոգնել եմ ստորագրելուց: Եթե պատճենահանման թուղթ է անհրաժեշտ, պետք է ստորագրեմ: Ես ստեղծագործելու համար ժամանակ չունեմ: Հիմնադրամի կառույցը, որ կերտվել է տարիներ առաջ, ժամանակների հետ չի ապրել: Ես սա բարձրաձայնում եմ ամեն օր, որովհետեւ միտում ունեմ վիճակը փոխելու: Խոսում եմ Հիմնադրամի հոգաբարձուների հետ, առաջարկում եմ ստեղծել մի հանձնաժողով, որը կվերանայի Հիմնադրամի կառուցվածքն ու իրավիճակը եւ կբերի 21-րդ դար: Որպեսզի, երբ պայմանագիր ես խզում, հաջորդ տրամաբանական քայլը շահառուներին տեղեկացնելը լինի: Ոչ թե մինչեւ դրանք անելը 18 կրակ հանգցնելու խնդիր ունենաս եւ շահառուին ընդհանրապես մոռանաս: Դեռ շահառուն ոչինչ, մոռանաս բարերարին: Երբ իսկապես տրամաբանում ես, երեւակայեք` մեծ պրոբլեմներ չկան, կնճիռները վերանում են:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք www.hetq.am-ում