Մինչեւ 2010 թիվը ջուրը չի թանկանա

25/05/2008

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել մինչեւ 2010 թվականը Երեւանում եւ մայրաքաղաքի մերձակա բնակավայրերում խմելու ջրի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության բաժնի պետ Արմեն Արշակյանը, «Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագնի բարձրացման հայտ էր ներկայացրել, որը պայմանավորել էր տարեկան բարձր գնաճով, եվրո-դրամ փոխարժեքի հարաբերակցությամբ, էլեկտրաէներգիայի սակագնով, ինչպես նաեւ՝ ջրի սպառման նախատեսված եւ իրական ծավալների հարաբերակցությամբ:

Առաջին երեք գործոնների հետ կապված հանձնաժողովն ու ընկերությունը տարաձայնություններ չեն ունեցել, քանի որ հանձնաժողովին ներկայացված տվյալները եղել են պաշտոնական: Հանձնաժողովը չի համաձայնել ջրի սպառման իրական ծավալների վերաբերյալ ընկերության ներկայացրած տվյալների հետ: Ըստ Ա. Արշակյանի, Հանձնաժողովն աշխատանքային խումբ է ստեղծել եւ «Երեւան Ջուրի» ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ ջրի սպառման մոնիտորինգ է իրականացրել: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Երեւանի ջրամատակարարման ծավալների կրճատումն այն աստիճանի մեծ չէ, ինչպիսին ի սկզբանե ներկայացված է եղել ընկերության կողմից: «Դրա կապակցությամբ մենք ճշգրտումներ մտցրեցինք, որոնց համաձայն՝ սակագինը բարձրացվում է ոչ թե 13.14 դրամ, ինչպես պահանջում էր ընկերությունը, այլ` 8.4 դրամ: Այդպիսով մեզ հաջողվեց հետաձգել թանկացումը մինչեւ 2010 եւ 2011 թվականները` համապատասխանաբար 3.6 եւ 4.8 դրամով»,- տեղեկացրել է Ա. Արշակյանը: Նշենք, որ այսօր խմելու ջրի սակագինը մեկ խորանարդ մետրի դիմաց կազմում է 172.8 դրամ: