Ռուս իրավապաշտպանները մտահոգություն են հայտնել Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա կատարված հարձակման առիթով: «Մենք խորապես համոզված ենք, որ ցանկացած պետության իշխանություն պարտավոր է ապահովել պայմաններ իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների եւ կազմակերպությունների նորմալ եւ անվտանգ աշխատանքի համար եւ երաշխավորել արդյունավետ պաշտպանություն հարձակումներից եւ սպառնալիքներից»,- ասված է հայտարարության մեջ, որ ստորագրել են 34 ռուս իրավապաշտպաններ: Նրանք կոչ են արել Հայաստանի համապատասխան մարմիններին՝ անցկացնել արագ, անկախ եւ համակողմանի քննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորին: Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Երեւանի Տերյան-Մոսկովյան փողոցում Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը գազային ատրճանակից կրակել էր Միքայել Դանիելյանի վրա, ապա հարվածել նրան:
Իսկ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել այս հարձակման hետաքննության շրջանակներում պարզել, թե որքանով է շարժառիթ հանդիսացել Մ. Դանիելյանի իրավապաշտպան գործունեությունը: «Մ. Դանիելյանի նկատմամբ հարձակման հանգամանքները հուշում են, որ որպես իրավապաշտպան նրա հայտնի լինելը շարժառիթ է եղել: ՀՀ իշխանությունները պետք է դա հաշվի առնեն հարձակման փաստով ամբողջական եւ անաչառ հետաքննության շրջանակներում»,- հայտարարել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հոլի Քարթները: Մայիսի 21-ին քաշքշուկ է տեղի ունեցել Միքայել Դանիելյանի եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախկին ղեկավար Տիգրան Ուրիխանյանի միջեւ, որի ընթացքում վերջինս գազային ատրճանակով կրակել է, եւ իրավապաշտպանը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել: