«Արեւելյան հարեւանություն»

25/05/2008

ԵՄ-ը կարող է վերացնել վիզային սահմանափակումները ՀՀ-ի եւ «Նոր հարեւանության» ծրագրում ընդգրկված մյուս երկրների համար: Նման տեղեկություն է հաղորդել «Ազատություն» ռ/կ-ն` վկայակոչելով «EUobserver»-ին եւ «Deutsche Welle»-ին: Ըստ այդմ, Լեհաստանը եւ Շվեդիան պատրաստել են համատեղ առաջարկների մի փաթեթ, որով նախատեսվում է ստեղծել, այսպես կոչված` «Արեւելյան համագործակցություն»: Նոր ծրագիրը ենթադրում է միջազգային մի նոր ձեւաչափի ստեղծում, որի շրջանակներում ԵՄ անդամ 27 երկրներն իրենց հարաբերությունները է՛լ ավելի են սերտացնելու ՀՀ-ի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Ծրագիրը ներկայացնելու են Լեհաստանի եւ Շվեդիայի վարչապետներ Դոնալդ Տուսկը եւ Ֆրեդերիկ Ռայնֆելդը՝ մայիսի 26-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, իսկ հունիսին՝ ԵՄ գագաթաժողովին: «Արեւելյան համագործակցություն» ծրագրով նախատեսվում է վերացնել վիզային սահմանափակումները ճանապարհորդությունների համար, ազատականացնել առեւտուրը, ստեղծել ազատ առեւտրի գոտիներ, իրականացնել մշակութային, ուսանողական փոխանակումներ եւ օգնության նոր ծրագրեր: Փոխարենը՝ ԵՄ-ը այդ երկրներից պահանջելու է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել: Արեւելյան համագործակցության ծրագիրը չի առաջարկելու ԵՄ-ին անդամակցելու հեռանկար: Այնուհանդերձ, Լեհաստանը համոզված է, որ Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային այդպիսի հեռանկար պետք է առաջարկվի: ՌԴ-ը չի հրավիրվելու մասնակցելու «Արեւելյան համագործակցությանը»: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին նպատակ ունի Միջերկրական տարածաշրջանի եւ ԵՄ միջեւ սերտ համագործակցության իր ծրագիրն իրականություն դարձնել ԵՄ Ֆրանսիայի նախագահության ժամանակ, որը սկսվում է այս տարվա հուլիսից: «EUobserver»-ի փոխանցմամբ` Ֆրանսիան աստիճանաբար սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Հարավային Կովկասի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու Լեհաստանի ծրագրի նկատմամբ, քանի որ առանց Լեհաստանի աջակցության չի կարող իրագործել իր միջերկրական նախաձեռնությունը: