Սարդարապատից` հրապարակ

25/05/2008

Համաժողովրդական շարժման կոմիտեն հաղորդագրություն է տարածել կապված մայիսի 28-ի տոնակատարության հետ: «Մեզնից յուրաքանչյուրը տոնական այդ օրը համակված է լինելու հակասական զգացումներով։ Մի կողմից՝ գնում ես հարգելու ազատության համար ընկած հերոսների հիշատակը, տոնելու նրանց տարած կարեւոր հաղթանակի տարեդարձը, մյուս կողմից՝ 90 տարի անց, ոչ թե օտար նվաճողի, այլ սեփական հայանուն բռնապետների կողմից բռնադատված են քո իրավունքներն ու ազատությունը, բանտերը լցված են քո այսօրվա հերոսներով, նույն ժողովրդի ազատության համար պայքարի ելած մարտիկներով։ Գնում ես տոնախմբության մի երկրում, որտեղ դեռ շարունակվում են քաղաքական հետապնդումներն ու բռնությունները։ Ու քանի դեռ մեր այսօրվա հերոսները քաղբանտարկյալներ են, քանի դեռ հետապնդումները շարունակվում են, մենք պարտավոր ենք ցանկացած նշանակալի օր, լինի դա հիշատակի տարելից թե հաղթանակի տարեդարձ, վերածել նրանց ազատության համար պայքարի օրվա՝ ցուցադրելով ազատության հասնելու մեր անկոտրում վճռականությունը եւ հաստատակամությունը՝ ինչպես դա արեցինք ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին»։ Շարժման ներկայացուցիչները մայիսի 28-ին ժամը 13-ին այցելելու են Սարդարապատի հուշահամալիր, իսկ երեկոյան տոնական զբոսանք են անցկացնելու Ազատության հրապարակում: