Առաջին մեծ հանրագիտարանն արդեն վաճառքում է

25/05/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

«Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից վերջերս լույս է տեսել Դպրոցական մեծ հանրագիտարանի առաջին գրքի առաջին մեծ հատորը:

Այդ առիթով երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալվել էին «Հայաստանի հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, ԳԱԱ Հայագիտության հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը եւ ՀՀ Մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության պետ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Դպրոցական հանրագիտարանի 1-ին հատորում ճշգրիտ գիտություններին առնչվող շուրջ 414 հոդվածներ կան` Ա-ից մինչեւ Կ տառերը: Հանրագիտարանն ընդհանուր առմամբ բաղկացած է լինելու երկու գրքից, որոնցից յուրաքանչյուրը կունենա երկուական հատոր: «Դպրոցականների նախասիրություններից ելնելով՝ գիրքը բաժանել ենք՝ ըստ հումանիտար եւ ճշգրիտ գիտությունների: Կարծում ենք, որ նմանօրինակ բաժանումը կհեշտացնի ինչպես մեր աշխատանքը, այնպես էլ երեխաների գրքից օգտվելը: Այս գրքով մենք լրացնում ենք նաեւ «Ոսկեփորիկի» բացթողումները, որի վերջին հատորը լույս է տեսել 1993 թվականին»,- ասաց Հ. Այվազյանը: Վերջինիս հավաստմամբ` այս նոր հրատարակված հանրագիտարանը նախորդներից տարբերվում է եւ՛ ընդգրկման ծավալով, եւ՛ մատուցման նոր եղանակով, եւ՛ գունավոր պատկերազարդմամբ: Սակայն, ըստ հրատարակչության տնօրենի` ինչպես Ռուսաստանում, Հայաստանում եւս հանրագիտարանային տպագրությանը պետական հոգածություն է պետք։ Նա հույս հայտնեց, որ շուտով կհաստատվի նաեւ հայկական առավել ընդգրկուն հանրագիտարանի ստեղծման առաջարկը։ «Ռուսական առավել ընդգրկուն հանրագիտարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը Վլադիմիր Պուտինն է եղել, իսկ գլխավոր խմբագրի պատասխանատվությունը Ռուսաստանի ԳԱԱ նախագահին է վստահվել: Միայն բառացանկը կազմելու համար Ռուսաստանի իշխանությունները 1 մլն դոլար են հատկացրել: Մեզ եւս նման ուշադրություն է պետք այդ ծրագիրն իրականացնելու համար»,- նշեց Հ. Այվազյանը: ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էլ նկատեց, որ դպրոցական հանրագիտարան ստեղծելը հրատարակչական այսօրվա դժվարին պայմաններում իսկական հերոսություն է: Ակադեմիկոսն առաջարկեց, որ դպրոցական հանրագիտարանի գինը սահմանվի շատ ավելի էժան, քան այն որոշված է` 8500 դրամ, քանի որ այն նախատեսված է մասնավորապես երեխաների համար: Վ. Բարխուդարյանը խոստացավ նաեւ առաջիկայում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԳԱԱ այցելության ժամանակ բարձրացնել մեծ, առավել ընդգրկուն հանրագիտարանների ստեղծման հարցը: Հիշեցնենք, որ ՍՍՀՄ 13-հատորանոց մեծ հանրագիտարանների վերջին հատորը հրատարակվել է 1988թ.: Հ. Այվազյանի պետական հոգածության մասին արված դիտարկմանն ի պատասխան՝ Է. Միլիտոնյանն ասաց, որ առանց այն էլ «առյուծի» բաժինը հատկացվում է հանրագիտարանային տպագրությանը. «Պետական պատվերով հանրագիտարանային հրատարակումների համար հատկացվել է 30 մլն դրամ, որից 20 մլն-ը փոխանցվել է դպրոցական հանրագիտարանի ստեղծման աշխատանքներին»: Վերջինս ամփոփեց նաեւ 2007 թվականին կատարված աշխատանքները եւ նշեց, որ հատկացված գումարներն արդեն գրքի տեսք են ստացել: Արդեն տպագրվել են հայկական ժողովրդական նվագարանների, ՀՀ Պատմության եւ խորհրդանշանների մասին պատմող գրքերը, ինչպես նաեւ՝ «Ակնարկներ հայ կինոյի պատմության» գրքի երկրորդ հատորը: Իսկ 2008-ին պատրաստ կլինի Դպրոցական հանրագիտարանի առաջին գրքի երկրորդ հատորը, «19-20-րդ դարերի հայ կերպարվեստի պատմություն» եւ հայկական խաչքարային պատմությանն անդրադարձող գրքերը: Ի դեպ, Է. Միլիտոնյանը խոստացավ գրահրատարակչական հանձնախմբին առաջարկել, որպեսզի պետպատվերով լույս տեսած 2000 օրինակ դպրոցական հանրագիտարանները ինքնարժեքից ավելի ցածր գնով վաճառվեն կամ պետպատվերով լույս ընծայված գրքերը բաժանվեն հանրապետության գրադարաններին եւ դպրոցներին: