Երեկ ժամը 14։30-ի սահմաններում Երեւանի Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում «77 SL 800» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք երիտասարդ աղջիկների` 1990թ. ծնված Մարիամ Վ. Հարությունյանին, 1990 թ. ծնված Հասմիկ Բ. Պողոսյանին եւ 1987 թ. ծնված
Քրիստինե Գ. Գրիգորյանին: Աղջիկներից երկուսի վիճակը շատ ծանր է (մեր տեղեկություններով՝ նրանցից մեկի՝ երկու, մյուսի` մեկ ոտքը կտրվել են), եւ երեկ երեկոյան նրանք դեռ վիրահատության էին ենթարկվում: «Մերսեդեսի» վարորդը վրաերթից հետո` թողնելով մեքենան, դիմել է փախուստի, իսկ մեքենայից հայտնաբերվել են 22-ամյա Վահան Վարդանի Ղահրամանյանի փաստաթղթերը: Վերջինս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբորորդին է: Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ Երեւանի այս հատվածում նախկինում էլ հաճախ են ծանր հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներ արձանագրվել, իսկ վերջին ամիսներին` շինարարական աշխատանքների պատճառով, այն գրեթե միշտ անանցանելի է լինում: