Անսխալական ու հավակնոտ

23/05/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ ՀՀ Վիճծառայությունը հայտնեց հերթական «ավետիսը»՝ 2008թ. հունվար-փետրվարին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 9.3%։ Լավ ցուցանիշ է, խոսք չկա։

Ի դեպ, նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդիպում էր լրագրողների հետ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության նոր ծրագրով որդեգրված ծրագրերն ու հեռանկարները։

Այդ հանդիպման ժամանակ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, որը։ Երբ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ եթե ծրագրված ներդրումներն իրականանան, ապա հնարավոր կլինի ապահովել 8-10% տնտեսական աճ, հեռուստաընկերություններից մեկի օպերատորը, քթի տակ, բայց մոտ գտնվողներին լսելի ձայնով՝ ասաց՝ տեսնես էդ տնտեսական աճը ե՞րբ կզգանք մեր մաշկի վրա։ Այս մասին ընդհանրապես չէի խոսի, եթե համոզված չլինեի, որ հենց նրա՛, այդ թվում՝ նրա՛ նկարահանածի հիման վրա նույն հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ չի պատրաստելու՝ գովերգելով ներկա իշխանություններին, նրանց ծրագրերն ու փայլուն մտքերը։

Զարմանալիորեն այնպես է ստացվել, որ վերջին շրջանում տնտեսության մասին խոսելիս՝ գրեթե միշտ հոլովում ենք Ներսես Երիցյանի անունը։ Նրա դեմ ոչինչ չունենք, հակառակը՝ նա քիչ թվով գրագետ, պրոֆեսիոնալ ու պարկեշտ պաշտոնյաներից է։ Սակայն հենց նրան է վստահվում իշխանության ձախողումներն արդարացնելու, կամ ավելին՝ դրանք որպես ձեռքբերում ներկայացնելու անշնորհակալ գործը։ Պարզ օրինակ՝ լրագրողները հարցնում են՝ մինչեւ ե՞րբ է շարունակվելու մեծանալ ՀՀ-ի ներմուծման եւ արտահանման տարբերությունը։ Որպեսզի ընթերցողն ավելի հստակ պատկերացնի՝ ինչ տեմպերով ենք «արտաքին առեւտուր» անում, ներկայացնենք հենց երեկվա թարմ ցուցանիշները, որոնք հրապարակել է ԱՎԾ-ն։ Այսպես, 2008թ. հունվար-ապրիլին մեր երկիր ներմուծված ապրանքների արժեքը կազմել է 1 մլրդ 194.2 մլն դոլար, իսկ արտահանումը՝ ընդամենը 337.2 միլիոն դոլար։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 857 մլն դոլար կամ 264.3 մլրդ դրամ։ Հունվար-ապրիլին ՀՆԱ-ն կազմել է 696.1 մլրդ դրամ։ Ստացվում է՝ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ՀՆԱ-ի ավելի քան 35%-ը։ Սա, իրոք, շատ վատ ցուցանիշ է։ Մի պահ պատկերացրեք՝ ինչպե՞ս կարդարանայիք, եթե լինեիք տնտեսության համար պատասխանատու պետական պաշտոնյա։ Այդ 35%-ը նշանակում է, որ երկրի մրցունակությունը գնալով նվազում է, երկիրը դառնում է արտահանելու ոչ ունակ, արտադրությունը, պարզ ասած, մեռնում է։ Եթե ոչ մի հարմար արդարացում ձեր մտքին չեկավ, ուրեմն դուք երբեք նախարար չեք դառնա։

Իսկ ահա Ն. Երիցյանը «տակից դուրս գալիս» է։ Առաջին հերթին, նա չի հերքում, որ դա այդպես է՝ գնալով ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Հետո ասում է, որ իրականում մեր վիճակն այդքան էլ վատ չէ՝ անգամ զարգացած երկրներում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է ՀՆԱ շատ մեծ տոկոսը։ Եվ ամենակարեւորը՝ ըստ նրա, մենք այս առիթով ոչ թե պետք է տխրենք, այլ ուրախանանք, որովհետեւ զարգացման երկրորդ փուլում գտնվող երկրներում միշտ այդպես է, տեխնոլոգիաներ են ներմուծվում՝ հետագա թռիչք ապահովելու համար։ Պարզ ասած՝ հիմա «ստանոկներ» ենք բերում, որ հետո այդ «ստանոկներով» բան-ման արտադրենք ու արտահանենք։ Այսինքն՝ մի քիչ էլ դիմացեք, եւ ամեն ինչ լավ կլինի. ծրագրեր կկազմենք, ներդրումներ կլինեն, «ստանոկները» գործի կգցենք, եւ Հայաստանը կլողա միջազգային շուկայում։ Քիչ է մնում հավատաս, բայց հանկարծ բացում ես նույն ԱՎԾ-ի կայքէջը, նայում մեր ներմուծման կառուցվածքն, ու տխուր իրականությունը խամրեցնում է նախարարի ներշնչած դրական զգացողությունները: Ներմուծման կառուցվածքում երեւում է, որ մեր ներմուծման մեջ «տեխնոլոգիա» ասվածի տակ կարող է տեղավորվել ընդհանուր ներմուծման առավելագույնը 20%-ը։ Ներկայացված աղյուսակում բերված են ԱՎԾ-ի տվյալները (ընդամենն ավելացրել ենք մի սյունակ, որտեղ ավելի պարզ է երեւում, թե, օրինակ, պատրաստի սննդի արտադրանքը մեր ներմուծման քանի տոկոսն է կազմում)։

Թեեւ պետք է նշենք, որ անգամ այս տվյալները միանշանակ չեն։ Օրինակ, «Մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» հոդվածով ներմուծումը 2007թ. ընթացքում կազմել է 429 միլիոն դոլար, կամ ընդհանուր ներմուծման 13%-ը։ Սակայն արդյո՞ք կարելի է սա անվանել «տեխնոլոգիաների ներմուծում»։ Հազիվ թե, որովհետեւ մեր արտադրողներն այդքան փող չունեն, որ նոր տեխնոլոգիաներ ներմուծեն. նրանք հիմնականում բերում են «second hand», օգտագործված սարքավորումներ։

Մյուս հարցերում եւս պրն Երիցյանն անդրդվելի էր։ Օրինակ, երբ հարցնում են՝ ի՞նչ կասեք այն մասին, որ չնայած ծրագրերին, գների աճն արդեն այնքան զգալի է, որ մարդկանց մոտ վստահությունը թուլանում է, եւ նրանք չեն հավատում, թե ամեն ինչ կփոխվի դեպի լավը, նախարարը նախ հորդորում է թվերին ծանոթանալ, նոր հայտարարություններ անել, հետո ասում, որ գնաճը միայն մեր երկրում չէ՝ ամբողջ աշխարհում են գնաճային ճնշումներն ուժեղացել։ Համաշխարհային գնաճի մասին ոչինչ չենք ասի, իսկ ա՛յ մեր երկրում, անգամ պաշտոնական տվյալներով, 2007թ. դեկտեմբերի նկատմամբ գներն աճել են 6%-ով։ Մինչդեռ հիշեցնենք, որ բյուջեի համաձայն, այս ողջ տարվա ընթացքում գնաճը չպետք է գերազանցի 5.5%-ը։ Այստեղ հարցն այն չէ, թե ո՞վ է մեղավոր գնաճի համար: Խնդիրն այն է, որ աշխատավարձի, թոշակների խոստացված բարձրացումները փուչիկ են դառնում, իրական եկամուտները նվազում են գնաճի պատճառով։

Անցնենք առաջ։ Ժամանակին իշխանությունները, մասնավորապես՝ Կենտրոնական բանկի պաշտոնյաները, ասում էին, թե դրամի արժեւորումը օգուտ է տեղական արտադրողին, կարող են էժան տեխնոլոգիաներ բերել։ Հետո ասում էին, թե գազի գնի սուբսիդավորումից կարող են շահել, դառնալ մրցունակ։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ կարծիքը սխալ էր։ Ներսես Երիցյանն ընդունում է, որ այդ ենթադրյալ «օգուտը» մեծ չէր, սակայն լուրջ ընկերությունները կարողացան օգուտով աշխատել։ Իսկ «անլուրջնե՞րը»։ Թե՞ պետությանը միայն «լուրջերն» են հետաքրքրում, որ պատասխանատու հեռուստաալիքներով ցույց տալու բան լինի։

Ասուլիսում հնչած մյուս մտքերին չենք անդրադառնա, որովհետեւ նախ՝ մյուս մտքերը հաստատ երեկ լսած ու տեսած կլինեք պատասխանատու հեռուստատեսություններով։ Ու երկրորդ՝ որովհետեւ դրանք մեր իրականության հետ կարծես քիչ կապ ունեն։ Օրինակ` այս միտքը. «Պետք է անցում կատարվի էլեկտրոնային կառավարման համակարգի. դա լրջագույն չափանիշ է դարձել 21-րդ դարում: Բիզնես միջավայրի բարելավումը ենթադրում է որակ-սպառողների շահեր ամբողջ արժեշղթայի ձեւավորումը, ինչի համար անհրաժեշտ է նաեւ հանրապետությունում բիզնես-դպրոցների ստեղծումը»։ Սա գրեթե նույնն է, ինչ ասում էր Տիգրան Սարգսյանն այն ժամանակ, երբ շարքային խանութպանը իր հաշվապահության ձեռքն է անգամ կրակն ընկել, որովհետեւ ամեն օր մի նոր բան են մոգոնում։ Իսկ ամենամեծ հարցականը, որ առաջանում է մեր պաշտոնյաներին լսելիս՝ հետեւյալն է՝ կա՞ մի բան, որը մեր կառավարության սխալի արդյունքն է. գնաճը միջազգային միտում է, բացասական հաշվեկշիռը՝ զարգացող երկրներին բնորոշ նորմալ երեւույթ, դոլարի արժեզրկումը՝ շուկայական մեխանիզմի արդյունք, հայրենական արտադրողների անմրցունակությունը՝ նրանց անլրջության եւ անհեռատեսության հետեւանք։ Իսկ կառավարությունը միշտ ճիշտ է եղել, անսխալական, չնայած ժողովուրդն ասում է՝ սխալներ չի գործում նա, ով ոչինչ չի անում։ Ուղղակի «հավակնոտ» բառը նոր են սկսել օգտագործել՝ բյուջեի, ծրագրերի եւ այլն մասին խոսելիս։ Իսկ, որ երեկվա հեռուստաօպերատորը տնտեսական աճն իր վրա չի զգում, պատճառն այն է, որ նա բավականաչափ զգայուն չէ։