Երեկ մեկնարկած ՀՅԴ ընդհանուր 30-րդ ժողովում միակ ելույթ ունեցողը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էր, որի ելույթը պայմանականորեն կարելի է անվանել՝ «Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Երեկվա ժողովը, ըստ էության, Համաժողովրդական շարժման կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթի պատասխանն էր, եւ ՀՅԴ-ն եւս մեկ անգամ ապացուցեց, որ անխզելի կապով կապված է Ռ. Քոչարյանի հետ: Այսպիսով, ՀՀ-ում տեղի ունեցած վերջին բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը երեկ Հ. Մարգարյանը վերագրեց Լ. Տեր-Պետրոսյանին, ում թիկունքում սփյուռքահայ Մարգարյանը տեսնում է ոչ միայն «ՀՀՇ-ի ականջները», այլեւ` օտար ուժերի, որոնք ուզում էին «բերդը ներսից գրավել»: Մինչ դրան անդրադառնալը, սակայն, նշենք, որ ՀՅԴ ժողովին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ մասնակցեց դրան ու երկար տեքստ կարդաց: Ըստ Ս. Սարգսյանի` այսօր մեր երկրի առջեւ ծառացել են կարեւոր մարտահրավերներ` այնպիսիք, որոնց լուծումը պահանջելու է «բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավորումը, որոնց հաղթահարման գործում իր դերն ունի հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն»: «Պետք է արդիականացնենք քաղաքական դաշտն ու տնտեսությունը, վերականգնենք հասարակական համերաշխությունը, նորոգենք ՀՀ միջազգային հեղինակությունը, խոր բովանդակություն հաղորդենք հայրենիք-սփյուռք կապերին, հասնենք Արցախի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը»: Ըստ Ս. Սարգսյանի` այդ խնդիրներն անլուծելի չեն ու պահանջում են հետեւողական եւ համատեղ աշխատանք, «տեսլականի ու նպատակների հստակություն, համազգային շահի կարեւորում քաղաքական հիմնական ուժերի կողմից: Համոզված եմ, որ նաեւ մեր հուսալի գործընկերոջ` ՀՅԴ-ի հետ կկարողանանք կառուցել ավելի ժողովրդավարական, պաշտպանված ու ամուր պետություն»:
Իսկ ԱԺ «լավ» ընտրություններից հետո «կայուն, թռիչքաձեւ» զարգացում նախատեսող ՀՅԴ-ն, Հ. Մարգարյանի ասելով` մասնակցեց նախագահական ընտրություններին, որովհետեւ համարում էր, որ երկրում չկար ծրագրված պայքար կոռուպցիայի դեմ, որովհետեւ անհանդուրժելի էր արտոնյալ խավի, քրեական, կիսաքրեական տարրերի անօրինական պահվածքը: Նաեւ համարում էին, որ դրանք «երկիրը տանում է միահեծանության կամ ցնցումների»: «Ընդունենք` նախկին, ներկա իշխանությունները, հրապարակի վրա գտնվող աղմկող ընդդիմադիր ուժերն այս հարցերում չէին զանազանվում միմյանցից»,- հայտարարեց Հ. Մարգարյանը՝ պատճառաբանելով իրենց թեկնածուի մասնակցությունը: Անդրադառնալով նախագահական ընտրություններին, Հ. Մարգարյանն ասաց. «ԱԺ ընտրություններում ի հայտ եկած նոր որակը հույս էր ներշնչում, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում, ուր այլեւս ընտրությունը չի կայանա «ընդդեմի» հասկացողությամբ, կույր ու համրերի միջավայրում: Բայց այդպես չեղավ: ՀՀ-ում վերջին 4 նախագահական ընտրությունները գերլարված մթնոլորտում են անցել: Հիշենք 1996, 1998, 2003, 2008 թթ. ընտրությունները: 2 դեպքում` 1996 եւ 2008թթ., արյունալի բախումներ են եղել: Արդյո՞ք պատահական է, որ այդ 2 ընտրություններում էլ գլխավոր դերակատար-մասնակից եղել է նույն անձը. առաջին դեպքում` իբրեւ իշխանություն, երկրորդ դեպքում` իբրեւ ընդդիմություն: Պատահականությո՞ւն է. դուք եզրակացրեք: Սակայն փաստ է` այս բոլոր ընտրություններն էլ տեղի են ունեցել բեւեռացած մթնոլորտում, ընդդեմի տրամաբանությամբ»: Ակնհայտ էր, որ Հ. Մարգարյանի այս խոսքերը հասցեագրված էին բացառապես Լ. Տեր-Պետրոսյանին, սակայն, չգիտես ինչու` նա իր ամբողջ ելույթում նրա անունը չհնչեցրեց: Ըստ նրա` իշխանությունները մտահոգ չէին նախագահական ընտրություններով, նրանց ծրագրերի, գաղափարների պայքարը պետք չէր, եւ ամեն ինչ արեցին, որ այն ընթանա ապաքաղաքական մթնոլորտում. «Մյուս կողմից, 10 տարվա լռությունից հետո ասպարեզ եկավ մի մարդ, որին կամ որի իշխած տարիները, եթե հիշում էր ժողովուրդը, ապա` միայն ատելությամբ: Մեր երկրում նրա դավանած քաղաքական ուղեգիծը ջախջախիչ պարտություն է կրել: Հրաշալի գիտակցելով այդ` նախկինը վերադարձավ իր կազմակերպություն ՀՀՇ-ն, իր շրջապատի մարդկանց, իր ունեցած-չունեցած ծրագրերը եւ վերջապես՝ ինքն իրեն թաքցնելով երկրում առկա արդարացի դժգոհության ետեւում: Պարզվեց` նա չի եկել ծրագրային, գաղափարական պայքար մղելու: Եվ ի սկզբանե որդեգրեց վերամբարձ, թշնամական ոճ ու գործելաձեւ, որն ի վիճակի էր միայն ատելության ալիք բարձրացնել: Իր շուրջ համախմբելով անգլուխ մնացած ընդդիմադիր զանգվածը` նա այնպիսի մթնոլորտ ստեղծեց, ուր խոսքը, տրամաբանական միտքը, պայքարի բարոյական նորմերը իրենց տեղը զիջեցին կազմաքանդելուն, հայհոյանքին, ատելությանն ու ամբոխավարությանը»,- հայտարարեց Հ.Մարգարյանը` հավելելով, թե ընտրությունը ոչ թե թեկնածուների միջեւ էր, այլ` նախկին եւ ներկա իշխանությունների: «Նախկինի վերադարձից սարսափածները քվեարկում էին ներկային, ներկայից դժգոհները` նախկինին: Մեկը մյուսի համար քվե ապահովեց: Մեկը մյուսով ահաբեկեց ժողովրդին»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն քարոզարշավի ընթացքում, իշխանություններին քննադատելուց հետո, այնուամենայնիվ, մաս կազմեց կոալիցիային, Հ. Մարգարյանը երկար էքսկուրս կատարեց ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին: «Երկրում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր: Մեր երկիրը 18 տարի պարարտ դաշտ է եղել այլոց համար, մեր քթի տակ ձեւավորել է կազմակերպված մի մեխանիզմ կամ, ինչպես սիրում են իրենք ասել` ցանց, հար ու նման այլ պետությունների` Վրաստանի, Սերբիայի եւ Ուկրաինայի, ձեւավորվել է օտարի պատվերով, գծած պատկերով եւ ֆինանսներով: Նույն խորհրդանիշները, նույն նշանախոսքերը, պայքարի նույն ձեւերը` բամբասանք, սուտ, զրպարտանք. ամենը կիրառվեց նաեւ մեզ մոտ: Մերօրյա արտահանության` «հեղափոխականները» մեթոդիկայի առումով չեն զանազանվում նախկին գերուժի` ԽՍՀՄ արտադրության «հեղափոխականներից», սրանք եւս հավատում են` նպատակը արդարացնում է միջոցը. նրանք ունեն նաեւ մեկ այլ նմանություն` կոսմոպոլիտ են, աշխարհաքաղաքացի: Իսկ նպատակը. թեպետ նրանք ամենուր խոսում են մարդու իրավունքներից, ազատություններից, արդար ընտրություններից, սակայն իրականում օտարի համար ազդեցության նոր դաշտ են ձեւավորում, այլ խոսքով` ազատությունը, արդար ընտրությունները, մարդու իրավունքները խնդիր են միայն այն երկրներում, որոնք դեռեւս ամբողջովին պատվիրատուի ազդեցության դաշտում չեն»,- ասաց նա: Հ. Մարգարյանի գնահատականներով` աշխարհում ձեւավորվում է մի ուժ, որը հավակնում է բոլոր ժողովուրդների հարցերը ենթակա դարձնել իր շահին ու նպատակներին, եւ սա, ըստ նրա` միայն մեր երկրի իրականությունը չէ, այսպիսին է ժամանակաշրջանը: «Նրանք աշխատում են միջազգային NGO-ների, հիմնադրամների, ինստիտուտների անունով, նրանց թիրախն են ամբողջական ազդեցությունից դուրս երկրները, որտեղ իրենց քաղաքականությունը խանգարող, նույնիսկ ակամա խանգարող հարցեր, հարցերին լուծում բերող ինքնուրույն քաղաքականություն եւ ընթացք է առկա»,- ասաց նա: Հ. Մարգարյանի ասելով` ազատության, արդար ընտրությունների, մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության բացակայությունն էր, որ նպաստավոր պայմաններ ստեղծեց «այլոց գործունեության» համար: «Մենք հակա ուժ չենք ու չենք դառնալու: Մենք ո՛չ հակաամերիկյան, ո՛չ հակաանգլիական, ո՛չ էլ հակառուսական ուժ ենք, բայց գիտենք ամեն ինչից վեր դասել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր արժանապատվությունը: …Անկախ այլոց տրամադրություններից, ունենք ազգային հարց` Արցախի ազատագրումը հավերժացնելու, երկրի անվտանգությունն ապահովելու հարց: Եվ հենց այստեղ է խնդիրը. ինչո՞ւ են միջազգային կազմակերպությունները, զանազան NGO-ներ, հիմնադրամներ, այսպես կոչված՝ ինստիտուտներ մարդուժ տրամադրում, փող ծախսում այս փոքրիկ ու դեռեւս իրենց բարեկամ երկրում իշխանափոխություն իրականացնելու կամ իշխանություններին թուլացնելու նպատակով: Ցանցը ձեւավորեց օտարը, ցանցի վրա դրվեց, հագցվեց նախագահի ընդդիմադիր թեկնածուն: Եվ նա ինքնադրվեց հաճույքով: Իրեն հեռացնողների հանդեպ վրեժխնդրությունի՞ց դրդված, սեփական «ես»-ը չգոյությունից փրկելո՞ւ, թե՞ այլ մղումով` արդեն կարեւոր չէ: Այսպես կոչված` գունավոր կամ, ինչպես իրենք են սիրում կոչել` ոչ բռնի հեղափոխությունը նախատեսված արդյունքը չունեցավ: Իրենց թեկնածուն ավելի շատ դեմ քվե ուներ, քան կողմ: Բայց նախկինը պայքարի միայն խաղաղ միջոցների չէր ապավինել: Նրա ծրագիրը ավարտված չէր, ու երբ ընտրության օրը սպասված քվեն չունեցավ, հույսը դրեց «Երկրապահի», բանակի վրա, ամեն օր Ազատության հրապարակում վանկարկեց գեներալների անունները: Ինչո՞ւ էր հիշել գեներալներին, ի՞նչ ծրագիր էր իրականացնելու նրանցով: Մարդ, որ ելել էր սահմանադրական պայքարի, ի՞նչ էր ուզում անել բանակով կամ զինված խմբավորումներով,- հարցրեց նա,- Երբ այս հույսն էլ ի դերեւ ելավ, մնում էր նվազագույնը` այն, որ կարող էր օտար ուժերի շարունակական միջամտության առիթ դառնալ: Եվ պատահեց մարտի 1-ի ողբերգական ու ամոթալի օրը: Մարտի 1-ը ձեռնտու չէր ո՛չ երկրին, ո՛չ ժողովրդին, ո՛չ իշխանությանը: Ձեռնտու էր միայն նրան, ու, ցավոք, նա ստացավ այդ: Այս մասին պիտի խորհեն դեռեւս նրան հավատացողները: Երիտասարդությունը` հատկապես: Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին: Ընդդիմությունը պատրաստ էր: Մեզ համար հարց է` ինչո՞ւ իշխանությունները պատրաստ չէին, բայց չենք շտապում եզրակացություններ անել. դեռ պետք է ավարտվի նախաքննությունը: Առճակատումը ձեռնտու էր միայն օտար ուժերին, մեկ էլ իր ժողովուրդն ու երկիրը չսիրողին կամ նրա շահը չգիտակցողին: Այդ արյունն ու առճակատումը արտաքին միջամտության դուռ բացեց, թուլացրեց մեր պետությունը: Պետության թուլացումը խնդրո առարկա է դարձնում երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ազգային հարցերը միջազգային բեմերում պաշտպանելու համարձակությունն ու ինքնավստահությունը: Առճակատման պայմաններում ձեռքներս ծալած չէինք կարող նստել»,- պետության ու պետականության մասին այսպիսի սրտաճմլիկ հայտարարություններ արեց Հ. Մարգարյանը, որի կուսակցությունը պատերազմի տարիներին Երեւանում հանրահավաքներ էր անում` երկրի ղեկավարներին կախելու պահանջով: Շարունակելով իր «պետականամետ» էքսկուրսը՝ նա ասաց, թե ընտրություններից հետո ստեղծվել էր 2 բեւեռ. «Մեկում այստեսակ ընդդիմությունն էր, ով թեպետ խոսում էր մեր էությանը մոտ ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների մասին, զոհի կերպարանք էր ընդունել, բայց հենված էր ու է օտար ուժի վրա: Ով առաջնորդվում էր եւ առաջնորդվում է «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է, տականք է, դավաճան է» նշանախոսքերով, ով ընտրություններում հաղթելու սահմանից շատ պակաս քվե էր բերել, բայց իրեն հաղթած էր համարում, ով վճռել էր ԼՂ հարցը օր առաջ լուծել, ում համար ԼՂ-ի հարցից ձերբազատվելու մղումն այնքան մեծ էր, որ, թվում էր` ազգային շահն ու հաղթանակ ապահովելը երկրորդական էր իր համար, ով անպատասխանատու վարքագծով պառակտում էր ազգը, տեղայնամտությունը օգտագործում քաղաքական նպատակներով: Քաղաքական նպատակը նույնիսկ իշխանությունը չէր կարծես, այլ ԼՂՀ հարցից ձերբազատվելը: Բայց մենք հո գիտե՞նք, որ հակաղարաբաղցի շարժումը հակազգային շարժում է: Մենք պետք է գիտակցենք, որ մեկ ազգ ենք, եւ քանի դեռ պայքարը շարունակվում է, մենք բոլորս պետք է լինենք ղարաբաղցի, ջավախքցի, նախիջեւանցի: …Ինչքան էլ փորձենք հիշաչար չլինել, նրանք մեզ հիշեցնում են այն օրերը, երբ տասնյակ թերթեր էին փակված, երբ կուսակցություն էր արգելված, երբ քաղաքական մարդիկ ավելի շատ ճաղերի հետեւում էին, քան հրապարակի վրա, երբ ԱԺ-ում պատգամավորներ էին ծեծում, երբ բանտերում քաղաքական մարդիկ էին խոշտանգվում, երբ կոռուպցիան, ամենաթողությունը, անպատժելիությունը, անարդարությունը, նվազագույնն այսօրվա չափ համատարած էր: Ինչքան էլ տակտիկական նկատառումներով փորձեն թաքցնել ՀՀՇ-ին, անվանափոխություն անեն, մենք տեսնում ենք ՀՀՇ-ի ականջները: Սակայն մենք թշնամի չենք փնտրում, ավելին` հայության մեջ մենք թշնամի չունենք: Հակադրությունները պետք է փոխադրել գաղափարական պայքարի դաշտ: Այդ իսկ պատճառով անընդհատ կոչ ենք արել երկխոսության: Ցավոք, մնացել ենք անարձագանք»,- ասաց նա: Իսկ մյուս բեւեռում, ըստ նրա` «հաղթած» կողմն էր, որ թեեւ «մաքուր ընտրությամբ չէր նվաճել հաղթանակը, բայց ո՛չ մենք, ո՛չ էլ միջազգային հանրությունը չէր վիճարկել հաղթանակը»: Հ. Մարգարյանի ասելով` «հանուն երկրի» արտաքին «մեծ ճնշումը» հաղթահարելու համար, անհրաժեշտ էր, որ պետությունը կարողանար որեւէ բան չզիջել երկրի ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից: «Արտաքին ճնշումներն այժմ նոր թափ են ստացել. նրանք ներքին ճակատում ձեւավորել են ուժ կամ ցանց` բերդը ներսից գրավելու: Մեր ձեռքով մեր պետականությունը խեղճացնելու ծրագիր է իրականացվում: Այս իրավիճակում մենք այլ ելք չունեինք. պետք է թիկունք կանգնեինք մեր պետականությանը, պետք է հաչս այլոց ցույց տայինք սեփական ուժերով ներքին հարցերը լուծելու, համերաշխությունը վերականգնելու մեր կամքը, մեր վճռականությունը: Եվ այդ պահին մենք ստորագրեցինք քաղաքական համաձայնագիր՝ ընտրված, բայց դեռ պաշտոնապես պարտականությունները չստանձնած նախագահի հետ: Քանի դեռ վտանգը չի անցել, հասկանալի է կոալիցիայի մեջ մեր լինելը: Բայց կոալիցիայի տեւականությունը պայմանավորված է հստակ առաջադրանքներով, եւ մենք ժամանակ առ ժամանակ գնահատելու ենք համագործակցության արդյունքները: Կոալիցիան ՀՅԴ-ի համար ինքնանպատակ չէ: Այս կարճ ժամանակի մեջ նշմարվող արդյունքներն ինձ հետ շատերը եւս կարող են դրական գնահատել. առնվազն ինչ-որ բան փոխելուն ուղղված քայլ է կատարվում, հույս ու ակնկալիք կա»: Ի դեպ, ըստ նրա` ԵԽ ԽՎ-ի կողմից ՀՀ-ի առջեւ դրված պայմաններից «շատերն ուրախացել են. առավոտից գիշեր խոսում են այդ մասին»: Սակայն, ըստ նրա` մինչ բանաձեւի ընդնունումը, կոալիցիոն ուժերն արդեն իսկ հանձն էին առել նույն այդ խնդիրների լուծումը, որից, սակայն, նրա ասելով` ոչ ոք չի ուրախանում. «Ինչո՞ւ չեն ուրախանում կոալիցիոն հուշագրով, որի ոգուն ու տառին մենք հետեւելու ենք` անկախ Եվրոպայից: Երբ դրանց կատարումը բխում է հենց մեր երկրի ու ժողովրդի շահից»,- ասաց նա: Իսկ ի՞նչ պետք է աներ ՀՅԴ-ն` հարցրեց Հ. Մարգարյանն ու պատասխանեց. «Ինչպես որոշներն են կարծում` չմտնեինք իշխանություն, դառնայինք ընդդիմադիր, որ այդ դաշտը ինչ-որ մեկի ժամանակավոր մենաշնորհը չդառնա՞ր: Ընդդիմադիր դառնայինք մեր նպատակների, մեր առաջադրանքների իրականացման համար: Մի՞թե սա քաղաքական, պատասխանատու կեցվածք է: Ո՛չ ու դարձյալ ո՛չ»: