2008 թվականի նախագահական ընտրություններից եւ դրանց հաջորդած արյունալի իրադարձություններից հետո բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանի վարկը, այդ ամենի արդյունքում, էապես տուժել էր: Իրականում բավականին բարդ է հասկանալ, թե ինչու պետք է Հայաստանի վարկը հարվածի տակ դրվեր վերջին իրադարձություններից հետո:
Իսկ հատկապես ո՞ր դրվագն է, որը պետք է փոխեր եվրոպացիների պատկերացումները Հայաստանի եւ հայաստանյան իրողությունների մասին: Հատկապես ինչո՞ւ պետք է շարքային ու ոչ շարքային եվրոպացին եզրակացներ, որ Հայաստանն այն երկիրը չէ, ինչպիսին ինքն էր պատկերացնում: Միգուցե շարքային եւ ոչ շարքային եվրոպացուն ցնցեցին YouTube-ում տեղադրված կադրե՞րը հայաստանյան հետընտրական իրադարձությունների վերաբերյալ: Միգուցե նրանց ցնցեցին «զանգվածային անկարգությունների» ծավալնե՞րը, իսկ միգուցե այն հանգամանքը, որ դրանք ծավալվել են եվրոպական երկրների դեսպանատների՞ հարեւանությամբ: Եվրոպացուն հասկանալը, մեղմ ասած, բավականին բարդ է:
Այն, որ հիշյալ իրադարձություններն իսկապես էլ ցնցող էին` ակնհայտ է բոլորի համար: Սակայն պետք է ակնհայտ լինի նաեւ, որ այդ իրադարձություններն ընդամենը օբյեկտիվ հետեւանք էին տարիներ շարունակ Հայաստանում զարգացող իրադարձությունների, որոնք, չնայած թվացյալ վերահսկելիությանը, իրենց մեջ հրեշային մի էներգիա էին կուտակում, որն, այսպես թե այնպես, մի օր պետք է մակերես դուրս գար եւ ցնցեր ամեն ինչ: Սակայն այդ մասին՝ քիչ անց…
Վերջերս հետաքրքիր մի բանավեճ ծավալվեց կոմունիստական ու լիբերալ արժեքներ դավանող երիտասարդների միջեւ: Իրականում այդ բանավեճն ի սկզբանե կանխորոշված արդյունք ուներ, քանի որ կոմունիստական, խորհրդային հասարակարգը գոնե ինչ-որ արժեհամակարգ էր ձեւավորել, այնինչ լիբերալիզմի, ճիշտ է՝ ոչ երկար, բայցեւ կյանքի ընթացքում մենք ոչ մի արժեհամակարգ չձեւավորեցինք ընդհանրապես: Իսկ երբ հասարակության արժեհամակարգն անկում է ապրում, դա, այսպես թե այնպես, մի որոշակի պահի աղետի է հանգեցնում: Մենք «հաջողեցինք» կործանել դրականի այն փշուրները, որոնք ժառանգել էինք նախկին հասարակարգից, իսկ դրա փոխարեն չստեղծեցինք նորը: Մենք ընդդիմացանք «մեկ» թեկնածուով ընտրությունների խորհրդային տարբերակին, սակայն կուլ տվեցինք «զոռով» ու «փողով» ընտրությունը: Մենք ընդդիմացանք քիչ թե շատ գրագիտություն ունեցող խորհրդային «ցեխավիկների» ինստիտուտին, սակայն հաջողությամբ ու շատ արագ կուլ տվեցինք գրագիտության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող օլիգարխների ինստիտուտը (չնայած այս պարագայում «ինստիտուտ» բառն օգտագործելը սրբապղծության պես մի բան է դառնում): Մենք ընդդիմացանք խորհրդային «կթվորուհի ղեկավարների» տրամաբանությանը, սակայն մե՛ր բերած ղեկավարները բացառապես հենց «կթվորներ» էլ դարձան: Եվ այսպես շարունակ…
Այսինքն` մենք ջարդեցինք նախկին արժեհամակարգը, իսկ դրա փոխարեն՝ մարդկանց, այս երկրի քաղաքացիներին առաջարկեցինք իրենց սեփական եղունգները` գլուխ քորելու համար: Արդյո՞ք այդ իրողությունը կարող էր հենց այնպես մարսվել: Բնականաբար` ոչ: Այդպես չի լինում: Էներգիան չի անհետանում, այն կարող է փոխակերպվել, սակայն երբեք չի անհետանում: Իսկ ինչպե՞ս պետք է դրսեւորվեր այդ էներգիան: Ինչպե՞ս պետք է դրսեւորվեր այն էներգիան, որը շարքային մարդու, «ընտրողի» մեջ կուտակվել էր մի քանի «ընտրությունների» արդյունքում, երբ նա հասկանում էր, որ ինքն իր սեփական երկրում ընդամենը բլանկի տողի վրա գրված անուն-ազգանուն է (սոցքարտի պարագայում՝ ընդհանրապես` մի քանի թիվ): Ինչպե՞ս պետք է դրսեւորվեր սովորական ընտանիքի հոր մեջ տարիներ շարունակ կուտակված էներգիան, ով գլուխը բռնած չէր կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է մինչեւ ամսվա վերջ ծերը ծերին հասցնի` մի քանի հազար դրամ գրպանում ունենալով: Ինչպե՞ս պետք է դրսեւորվեր մի որեւէ հաստավզի թիկնապահի մեքենային ընդամենը ազդանշան տված ու դրա համար ծեծ կերած մարդկանց մեջ կուտակված էներգիան: Ինչպե՞ս պետք է դրսեւորվեր հազարավոր մանկավարժների մեջ կուտակված էներգիան, ում, իրենց իսկ սեփական պետության տված գրոշները ստիպել էին աշակերտների «ռեկետիրների» վերածվել… Համաձայնեք, այս ամենը մի օր պետք է մակերես դուրս գար: Այդպես միշտ է եղել: Վերցրեք պատմության դասագրքերն ու տեսեք, որ նման իրավիճակները չեն ներվում: Չեմ կարող ասել` հատկապես ում կողմից չեն ներվում, սակայն, որ չեն ներվում` հաստատ է:
Իսկ հիմա վերադառնանք շարքային ու ոչ շարքային եվրոպացիներին: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու Եվրախորհուրդը Հայաստանն իր կազմ ընդգրկեց: Ես փորձել եմ ինքս ինձ համար ստանալ դրա հիմնավորումները, սակայն այդպես էլ չեմ գտել: Հատկապես ո՞ր արժանիքների համար: Միգուցե նրա, որ մենք կարողանում ենք «եվրոպական ժողովրդավարության նորմերին համապատասխան» ընտրություննե՞ր անցկացնել: Նշանակում է, որ հայաստանյան բոլոր ընտրությունների ընթացքում եվրոպացի դիտորդներն առաքելություն են իրականացրել ոչ թե ընտրատեղամասերում, այլ Պռոշյանի քյաբաբանոցներում (չնայած, սա երեւի թե այնքան էլ հեռու չի իրականությունից): Իսկ միգուցե նրա համար, որ Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանվում են եվրոպական մարդուն հարիր մակարդակով: Ծիծաղելի է, քանի որ Հայաստանում առավելապես չեն պահպանվում այն մարդկանց իրավունքները, ովքեր հենց «եվրոպական» մտածողություն ունեն: Կարելի է էլի շարունակել, սակայն մենք ստիպված ենք լինելու եզրահանգել, որ, եթե օբյեկտիվ լինենք, ապա Հայաստանը Եվրախորհրդի անդամ դարձավ բացառապես աշխարհաքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու «արանքում»: Այդպես էր պետք, այդպես էլ եղավ:
Եվրոպան, փաստացի, շատ լավ էր տեսնում այն խնդիրները, որոնք կուտակվել էին ու շարունակում էին կուտակվել Հայաստանում: Ոչ շարքային եվրոպացիները քաջ գիտակցում էին, որ Հայաստանում ընտրություններ, բառիս «եվրոպական» իմաստով, չեն անցկացվում, այլապես դիտորդական առաքելությունն իրականացնելուց հետո Եվրոպա վերադարձող եվրոպացիների վրայից քյաբաբի հոտն այդքան ուժեղ չէր գա: Եվրոպացիները քաջ գիտակցում էին, որ Հայաստանում խոսքի ազատության խնդիր կա: Նրանց համար ակնհայտ էր, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ամենամեծ խնդիրները Հայաստանում երեւի թե հենց Մարդու իրավունքների պաշտպանն ուներ: Եվրոպացիներն ընդհանրապես ամեն ինչ էին շատ լավ տեսնում ու հասկանում: Նշանակում է, նրանք պետք է պատրաստ լինեին, որ Հայաստան երկրում կուտակված ներքին էներգիան մի օր պայթելու է, առավել եւս, երբ հենց իրենք էին ամեն հերթական ընտրությունից հետո «կայացած» համարում դրանք ու որակում՝ որպես «մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարությունը», այն պարագայում, երբ ամեն հերթական ընտրություն հերթական քայլն էր դեպի աղետ: Ամեն հերթական ընտրությունից հետո խոսակցություններ էին ծավալվում, թե Հայաստանը կարող է զրկվել ԵԽ ԽՎ իր մանդատից, սակայն դա տեղի չէր ունենում: Ամեն հերթական ընտրությունից առաջ հայաստանյան միամիտ ընդդիմադիրները գոռգոռում էին, թե այս անգամ Եվրոպան մեզ չի ների, այնինչ Եվրոպան սպասվածից ավելի «ներողամիտ» էր դուրս գալիս: Եվ ստացվում է, որ շարքային ու ոչ այնքան շարքային եվրոպացուն, բացի Պռոշյանում անցկացրած «առաքելությունից», Հայաստանը սկսում է իրապես հետաքրքրել միայն այն ժամանակ, երբ մարդու արյուն է թափվում: Նրանց նրբին հոգեկերտվածքը չի կարողանում մարսել YouTube-ի հայաստանյան արյունալի կադրերը: Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ արյան թեկուզ մի քանի կաթիլ, բայցեւ Եվրոպայի խղճին է, Ստրասբուրգի ԵԽ ԽՎ հոյակերտ դահլիճի աստիճաններին: