Ռուսաստանի Սոցիալական գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գ. Օսիպովը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով միջամտել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի գործի ընթացքին, «դադարեցնել դատական հետաքննությունը», եւ Ա. Կարապետյանի համար ապահովել մասնագիտական սրտաբանական բուժում: «Նոր Ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նամակում մասնավորապես ասված է. «Ռուսական Սոցիալական գիտությունների ակադեմիան մեծ անհանգստությամբ է ընդունել այն տեղեկությունը, որ 2008թ. փետրվարի 24-ին Երեւանում իրավապահ մարմինները կալանավորել են ակադեմիայի գործող անդամ, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին: Ինչպես պարզվել է, կալանքի ժամանակ կիրառվել են ամենադաժան ու կոպիտ մեթոդները: Մեղադրանք ներկայացնելուց հետո, Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն, Արամ Կարապետյանը կալանավորվել է, եւ տեղափոխել են «Երեւան-կենտրոն» քրեակատարողական մեկուսարան, իսկ 2 ամիս անց, որի ընթացքում հետաքննություն գրեթե չի կատարվել, քրեական մարմինները կալանավորման ժամկետը եւս մեկ ամսով ավելացրել են: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում այն, որ այս ամիսների ընթացքում Ա. Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, հայտնաբերվել է սրտի հիվանդություն, որը վտանգավոր է հայտնի հասարակական եւ քաղաքական գործչի կյանքի համար: Բոլորին հայտնի է, որ Ա. Կարապետյանը կողմ է եղել եւ մնում է ՌԴ-ի եւ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մերձեցմանը, ՀՀ գործիչների ռուսամետ տրամադրություններին: Նա երբեք չէր դավաճանում ընտրած ճանապարհը, նրան կարելի է անվանել իր ազգի իսկական զավակ, քանի որ ամենաբարդ օրերում էլ նա եղել է իր հայրենիքի հետ, նրա գործողություններն ուղղված են եղել հայրենիքի պաշտպանությանը: Ա. Կարապետյանը քննադատաբար տրամադրված քաղաքական գործիչ է եւ բազմաթիվ անգամներ է ՀՀ կառավարությանը հռետորական հարցեր տվել, որոնք մեկ անգամ չէ, որ հրապարակվել են մամուլում: Ա. Կարապետյանը մեծ հեղինակություն է վայելում ՀՀ-ում: Այնուամենայնիվ, այդ ամենը դեմոկրատական երկրում հիմք չի հանդիսանում քաղաքական եւ դատական հետաքննության համար, իսկ Հայաստանը հենց այդպիսի երկիր է ընկալվում: Ռուսական Սոցիալական գիտությունների ակադեմիան ՌԴ-ի եւ արտասահմանի գիտնականներին ու հասարակական գործիչներին համախմբող օղակ է հանդիսանում եւ իր պարտքն է համարում դիմել երկրի կառավարությանը եւ անձամբ ձեզ` որպես երկրի նախագահ` պահանջելով միջամտել Ա. Կարապետյանի գործի ընթացքին եւ դադարեցնել դատական հետաքննությունը, նաեւ Ա. Կարապետյանի համար ապահովել մասնագիտական սրտաբանական բուժում»: