Կթույլատրեն հումքի ներկրումը

23/05/2008

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի` ռուսական «Ալռոսա» ադամանդագործական կազմակերպության հետ ՀՀ կնքած համաձայնագիրը անարդյունք չէր: Համաձայնագրի կնքումից հետո հումքի առաջին բաժինը Հայաստան ներկրվել է, սակայն հետագայում ՌԴ-ում մաքսային համակարգում որոշ խնդիրներ առաջ գալու արդյունքում հումքի ներկրումը ՀՀ չի շարունակվել:

Ն. Երիցյանի տեղեկացմամբ` դեռեւս ՌԴ վարչապետի պաշտոնում Վիկտոր Զուբկովը ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՌԴ ֆինանսների նախարարին հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն եւ պարզել խնդիրները եւ համագործակցության խոչընդոտները: Սակայն ՌԴ-ում ընտրական եւ նախընտրական գործընթացների պատճառով այդ խորհրդակցության անցկացումը դեռ ձգձգվում է: «Հուսով ենք, որ այս ամառվա ընթացքում խնդիրը կհաջողվի լուծել: Ամեն դեպքում մտածում ենք այլընտրանքային զարգացման ռազմավարության վերաբերյալ` շեշտը դնելով ոսկեգործության ոլորտի վրա»,- երեկ նշել է Ն. Երիցյանը: