ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում կառավարությունը խորհրդարանին կներկայացնի լրամշակված, երկրորդ ընթերցմանը պատրաստ Երեւանի մասին օրինագիծը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ նախորդ շաբաթ ՀՀ-ում գտնվող Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ երկար աշխատանք է տարվել օրենքի նախագծի վրա: Նրանց առաջարկությունները վերաբերել են նրան, որ Երեւանը, որպես առանձին, ինքնուրույն համայնք, ունենա ավելի շատ լիազորություններ` ոչ թե պատվիրակված, այլ` սեփական: Այդ խնդրի ուղղությամբ աշխատանքային խումբն արդեն աշխատում է` առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում ամրագրված պատվիրակված լիազորությունների մի մասը դիտել որպես Երեւանի համայնքի սեփական լիազորություններ: Աշխատանքները կավարտվեն շուտով: Փորձագետների կողմից առաջարկվել է գործառույթների մի մասը փոխանցել Երեւանում տեղակայված պետական մարմիններին` նախարարություններին, տարբեր գործակալություններին: Ներկայումս ուսումնասիրվում է միջազգային փորձը: