Հայաստանում գործող օրենքների ու դրանց լրացումների քանակից տպավորություն կարող է ստեղծվել, որ իրոք տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն ենք: Միայն տրանսպորտի ու ճանապարհային երթեւեկության մասին մի քանի օրենք ունենք: Տարիների ընթացքում դրանք բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել ու լրամշակվել: Վերջին տարիներին անհասկանալի ու կիսատ-պռատ բարեփոխումների գործընթացում է Պետավտոտեսչության համակարգը: Հայրենի տնտեսությունն այս բարեփոխումների տակից դուրս չեկավ: Խորհրդարանը Պետավտոտեսչությունը բարեփոխելու օրենսդրական հիմքն ապահովեց: Բայց իշխանությունները բավարար ֆինանսական միջոցներ չգտան ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համակարգերի ներդրման համար: Ու այն, ինչ հիմա կատարվում է այս ոլորտում, աբսուրդի թատրոն է հիշեցնում: Արդեն կես տարուց ավելի է՝ Հայաստանում հնարավոր չէ ստանալ վարորդական վկայական: Համապատասխան դասընթացներ կազմակերպող կառույցներն, իհարկե, գործում են: Սկսնակներն առաջվա նման «շաբլոն» ու «եզդա» են հանձնում: Բայց վերջին կես տարում անհրաժեշտ բոլոր քննությունները հանձնողներին վարորդական վկայական չի տրվում: Ավտոդպրոցների տեսուչների տվյալներով՝ արդեն հսկայական հերթացուցակներ են գոյացել: Նոր վկայական չեն ստանում նաեւ այն վարորդները, ովքեր կորցրել են իրենց վկայականները: Պատճառը պարզապես անհավատալի է՝ փչացել է համապատասխան սարքը, որով տպագրվում էին այդ վկայականները: Միակն ու եզակին, որը կթու կովի կարգավիճակով ծառայում էր հարազատ Ոստիկանությանը ու պետբյուջեին: Ի նկատի ունեմ այն պետական տուրք-վարձավճարները, որ Ոստիկանությունը գանձում է վարորդական վկայական ստացողներից: Հայրենի պետավտոտեսուչներն, իհարկե, միջանկյալ ինչ-որ լուծում գտել են: Վկայականը կորցրած վարորդներին նրանք ժամանակավոր վկայական են տրամադրում: Սակայն ժամանակավոր վկայականները գործում են միայն Հայաստանի տարածքում: Այն պրոֆեսիոնալ վարորդներն, ովքեր աշխատում են միջազգային երթուղիներում, վկայականը կորցնելուն պես գործազուրկ են դառնում: «ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը հարակից օրենքներով ու լրացումներով նպատակ ուներ կարգավորել ոլորտը: Մինչդեռ վարորդների պնդմամբ՝ վիճակն ավելի խառնաշփոթ է դարձել: Ճանապարհային ոստիկանությունը որոշ խախտումների դեպքում լիազորություն ունի վարորդից վերցնելու նրա վարորդական իրավունքը: Սա, վարորդների պնդմամբ, ամենաբարդ իրավիճակն է, որովհետեւ իրավունքի վկայականը վարորդը կարող է ետ ստանալ միայն ամիսներ անց: Այս իրավիճակից հատկապես տուժում են պրոֆեսիոնալ վարորդները: Հատկապես, եթե նրանք ապրում եւ աշխատում են տարբեր բնակավայրերում: Այս դեպքում խախտում կատարելու վայրում նրանցից վերցնում են վկայականը եւ ուղարկում կամ բնակության, կամ աշխատավայրի ոստիկանություն ու մի քանի ամիս շարունակ փորձում պարզել, թե տվյալ վարորդը այդ վայրերում ենթարկվե՞լ է արդյոք վարչական տույժերի: Խորհրդային Հայաստանում ամենամոդայիկը պետավտոտեսուչների մասին անեկդոտներն էին: Ամենահիշարժանները, թերեւս, ավտոտեսուչների գրագիտության մասին անեկդոտներն էին: Օրինակ, երբ պետավտոտեսուչը հրաժարվում է ակտ գրել, որովհետեւ չգիտեր, թե ինչպես է գրվում մեծատառ Ճ-ն: Լայն իմաստով պատկերը շատ չի փոխվել: Համակարգչի ու ինտերնետի դարում եւս մի մարզից մյուսը հայրենի Ոստիկանությունը, եթե շահագրգռված չէ, տեղեկատվությունը փոխանցում է մի քանի ամսում: Շահագրգռվածության դեպքերը չենք քննարկում, որովհետեւ կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պայքարը մեր իշխանությունների գործունեության գերակա ոլորտն է: Հակառակի պես էլ՝ մայրաքաղաքում ու ավտոճանապարհաշինության ոլորտում բում է: Խաչմերուկների, փողոցների ու ճանապարհների շինարարական փոփոխությունները կարգավորման խնդիրներ են ծնում: Անհրաժեշտ է ուսումնասիրել նոր երթեւեկությունը, փոխել ճանապարհային երթեւեկության նշանները: Մինչդեռ Ճանապարհային ոստիկանությունը հայտնվել է կրավորական դիրքում եւ կարգավորելու փոխարեն՝ իր պասիվությամբ օր օրի խորացնում է խառնաշփոթը: Ինչպե՞ս է այս աբսուրդը հնարավոր. այս հարցին բավական անսպասելի ու հետաքրքիր պատասխան կա: Իսկապես անհավանական է, որ մի քանի ամիս անսարք վիճակում մնա եզակի սարքավորումը, վարորդը թույլ տված խախտման համար օրենքով նախատեսված տույժ-տուգանքը պետբյուջե մուծի ամիսներ հետո: Ամենահավանական ենթադրությունն այն է, որ Ոստիկանության համակարգում անորոշ վիճակ է: Հները, այսինքն՝ գործող ղեկավարությունը, սպասողական վիճակում են եւ չեն զբաղվում սարք ու կարգ կարգավորելով: Նրանք սպասում են վերանշանակման կամ աշխատանքից ազատման հրամանագրերին: Հակառակի պես էլ՝ նոր նշանակումներն ուշանում են: