Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ: Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ս Սարգսյանն ասել է, որ նման հանդիպումները լավ ձեւաչափ են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգում առկա խնդիրները քննարկելու համար: Երկրի ղեկավարի համոզմամբ, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, միանշանակորեն, կարագացնի Հայաստանի թե՛ ժողովրդավարական, եւ թե՛ տնտեսական զարգացումը: Ս. Սարգսյանը Հայաստանի համար շատ կարեւոր է համարել Եվրահանձնաժողովի մասնագիտական փորձը: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը ձգտում է միանալ ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի»(GSP+) առեւտրային ռեժիմին, Եվրամիությունից ստանալ շուկայական տնտեսության կարգավիճակ, ինչպես նաեւ՝ ԵՄ-ի հետ ստորագրել ազատ առեւտրի համաձայնագիր, եւ այս առումով առաջիկա տարիների համար գերխնդիր է լինելու երկրում ներդրումային մթնոլորտի, գործարար միջավայրի բարելավումը, մաքսային ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումը: Անդրադառնալով քաղաքական գործընթացներին, Սերժ Սարգսյանն ասել է, որ անկախ հետընտրական զարգացումներից, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը մեզ համար անհրաժեշտություն է, եւ մենք շարունակելու ենք այդ գործընթացը: Նշելով, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո ինքը համագործակցության առաջարկությամբ դիմել է քաղաքական ուժերին եւ ստացել գերակշիռ մեծամասնության դրական արձագանքը, որի արդյունքում ձեւավորվել է քաղաքական կոալիցիա, Ս. Սարգսյանը նաեւ նշել է, որ հնարավոր չեղավ կանխել այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին: «Անկախ այն բանից, որ թեկնածուներից մեկը դեռեւս ամիսներ առաջ էր խոսում այդ մասին, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ իշխանությունները պատասխանատու են երկրում տեղի ունեցող գործընթացների համար եւ հետեւանքների վերացումը տեսնում են ԵԽ ԽՎ բանաձեւում ամփոփված դրույթների իրագործման մեջ: Հատկապես որ, դրանք ամբողջովին համապատասխանում են ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրին եւ քաղաքական կոալիցիայի համագործակցության սկզբունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ: «Աշխատանքային խմբի առաջարկությունները հավանության են արժանացել քաղաքական կոալիցիայի կողմից, եւ մենք տրամադրված ենք դրանք լիովին իրականացնել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը: Նա նաեւ իր մոտեցումներն է արտահայտել ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշելով, որ պաշտոնական Երեւանը կողմնակից է խնդրի խաղաղ լուծմանը` փոխզիջումների հիման վրա, մինչդեռ հակառակ կողմը հաճախ է հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով: Այս ամենով հանդերձ, Ս. Սարգսյանն ասել է, թե իր կարծիքով` խնդրի կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եթե բանակցությունները շարունակվեն հիմնարար սկզբունքների հիման վրա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Ս. Սարգսյանը դեսպաններին ասել է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ վիճելի բոլոր խնդիրները քննարկել միջպետական հարաբերությունների ու բանակցությունների միջոցով: Ըստ հաղորդագրության` «դեսպանները ողջունել են ԵԽ ԽՎ բանաձեւում ամփոփված առաջարկությունների շրջանակում գործելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը»: