Բավական երկար ժամանակ խոսվում է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման մասին, սակայն այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չի դառնում: Հայաստանի իշխանությունները շատ ավելի երկար ժամանակ հայտարարում էին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու մասին, սակայն դա նույնպես չի իրականացվել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը մեր երկրում շարունակում է մնալ զարգացման ցածր մակարդակի վրա: Թեեւ 2000թ. այդ ոլորտը հայտարարվեց տնտեսության գերակա ճյուղ, սակայն անցած տարիների ընթացքում սպասված առաջընթացը տեղի չունեցավ: Ավելին, վերջին երկու-երեք տարիներին անգամ ետընթաց է արձանագրվել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համաշխարհային տնտեսական ֆորումն անցած ամիս հրապարակել էր «2007-2008թթ. Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների զեկույցը», որի համաձայն՝ աշխարհի 127 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: Այս դասակարգումն իրականացվում է` հաշվի առնելով այն գործոնները, թե տվյալ երկրում որքանով է զարգացած ՏՏ ոլորտը, տեղեկատվական հասարակությունը, եւ որքանով են տեղեկատվական տեխնոլոգիաները հասանելի ու մատչելի: Ընդ որում, նախորդ երկու դասակարգումների դեպքում մեր երկիրն ավելի առաջատար դիրքերում էր` 86-րդ եւ 96-րդ հորիզոնականներում: Եվ «զարգացման» նման պայմաններում տեղեկատվական կառավարման համակարգի ներդրումն ընդամենը «բարի ցանկություն» է թվում, ինչի մասին մեր իշխանությունները խոսում են համատարած «բարեշրջումների» շրջանակներում:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային կառավարման համակարգը:
Հասարակությանը որոշ չափով ծանոթ են կոնկրետ ոլորտների տեղեկատվական համակարգերը, կամ առնվազն այդպիսիք ստեղծելու մասին հայտարարությունները: Իսկ դրա նպատակն այն է, որ ցանկացած քաղաքացի իր համակարգչից կարողանա մուտք գործել կոնկրետ գերատեսչության, ասենք՝ հարկային, կադաստրի կամ կենսաթոշակային ու կապի ծառայությունների համակարգ, եւ առանց որեւէ պետական ծառայողի միջնորդության ստանա իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Հաճախ ենք պետական պաշտոնյաներից լսում նաեւ, որ անհրաժեշտ է հարկային հաշվետվություններ կամ մաքսային ձեւակերպումներ ստանալու գործընթացը եւս կազմակերպել համակարգչի միջոցով` բացառելով հարկային կամ մաքսային տեսուչի միջամտությունը: Բացի այդ, նման համակարգի ներդրման մասին խոսելիս միշտ ընդգծվում է պետական կառավարման համակարգում կոռուպցիայի կրճատման հրամայականը:
Այսինքն` ցանկացած գործարքի կամ տեղեկատվություն ստանալու դեպքում՝ որքան քիչ լինի պետական ծառայողի միջամտությունը, այնքան քիչ կլինեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը: Ավելին` մարդը կարող է առանց տանից, աշխատանքի վայրից դուրս գալու օգտվել տարբեր ծառայություններից, իրականացնել իր բաժանորդային, կոմունալ եւ այլ վճարումները:
«Էլեկտրոնային կառավարման համակարգը բարձրացնելու է հասարակության էֆեկտիվությունը, մարդկանց գործառույթները, հեշտանալու է ելքը դեպի ինֆորմացիոն հոսքեր: Մարդիկ կկարողանան խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները: Նույն խնդիրները կլուծվեն նաեւ պետության համար: Հայաստանում մենք չենք կարողանում ի վերջո դա իրականություն դարձնել: Ես կարծում եմ, որ այս դեպքում մեր հիմնական խնդիրն է՝ հասնել այն վիճակին, որ պետության ղեկավարությունը դա ընկալի եւ ընդունի՝ որպես իր սեփական գործիք: Որ հասկանա, թե այդ գործիքը հենց իրեն է պետք, եւ չսպասի, թե տարբեր վարկատու կազմակերպություններ երբ են ասելու, թե՝ սա արա»,- ասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Եվ այսպես, տեղեկատվական կառավարման համակարգի ներդրման հիմնական երաշխավորն ու պատասխանատուն պետք է պետությունը լինի: Սակայն, երբ հիշում ենք, թե զարգացման ինչ տեմպ ունի բուն ՏՏ ոլորտը, ապա այս համակարգի ներդրումը շատ հեռավոր ապագայի հարց է թվում: Բայց անմիջապես հայտնվում է նորաստեղծ Էկոնոմիկայի նախարարությունը, որն էլ, կարծես թե, համակարգի ներդրման հիմնական պատասխանատուն է: «Էլեկտրոնային կառավարման հայեցակարգի ներդրումը ներառված է նաեւ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգում՝ որպես հայեցակարգի իրականացման մեկնարկային ծրագրերից մեկը: Օրինակ՝ հայեցակարգի նպատակային ցուցանիշներում նշված է, որ մինչեւ 2015թ. պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների առնվազն 80 տոկոսը պետք է իրականացվի էլեկտրոնային միջոցով: Էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է ներդրվի բոլոր հնարավոր ոլորտներ` կրթական, առողջապահական, հարկային, մաքսային եւ այլն»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Ժենյա Ազիզյանը:
Հատկապես հարկային, մաքսային կամ կադաստրի ոլորտներում մի փոքր դժվար է պատկերացնել որեւէ գործողության իրականացում` առանց պետական ծառայողի կամ տեսուչի հետ շփվելու: Եվ հատկապես այդ ոլորտներում բոլորիս հայտնի կոռուպցիայի մակարդակը նկատի ունենալով` կասկածելի է թվում, թե ինչպե՞ս է հնարավոր ավտոմեքենան մաքսազերծել առանց ծառայողի հետ կապ ունենալու եւ առանց հավելյալ վճարի:
Բացի այդ, գաղտնիք չէ, որ մեր պետական պաշտոնյաների եւ ծառայողների մի մասը տեղեկատվական տեխնոլոգիա ասելով՝ դեռ հասկանում է միայն համակարգչային խաղերը, լավագույն դեպքում` ինտերնետը: Նաեւ այս հանգամանքը նկատի ունենալով, թերեւս, չի բացառվում, որ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը դեռեւս թղթի վրա գրված գեղեցիկ հայեցակարգ է: «Այս համակարգի ներդրման շահառուն պետության ղեկավարն է, ու գերատեսչությունների հետ ունեցած խնդիրներն էլ ինքը պետք է լուծի: Սա կառավարման համակարգ է, որը պետք է ներդրվի հրամայական եղանակով: Բայց այս գործում, կարծում եմ, որ պետք է շահագրգիռ լինեն հասարակության բոլոր շերտերը»,- ասում է Կ.Վարդանյանը: «Հայաստանի պետական գերատեսչությունների պատրաստվածության այսօրվա մակարդակը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այս գործընթացի համար, քանի որ կա քաղաքական որոշում: Եվ բոլոր ծրագրերի իրականացման հետ զուգահեռ՝ կապահովվի տեղեկատվական բազաների զարգացումը, համադրելիությունը եւ համապատասխան էլեկտրոնային համակարգերի ներդրումը»,- ասում է Ժ.Ազիզյանը:
Այսքանից հետո մեզ մնում է մոռանալ, որ աշխարհի 127 երկրների շարքում Հայաստանը յուրաքանչյուր տարի 10 հորիզոնականով նահանջում է ՏՏ ոլորտի զարգացման բնագավառում` իրենից շատ առաջ թողնելով հարեւան Վրաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին, նույնիսկ՝ Տանզանիային ու Գվինեային, եւ հավասարվում է Բուրկինա Ֆասոյին, Մոզամբիկին ու Ղրղըզստանին: