Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ եւ ի՞նչ հիմնավորմամբ Ժիրայր Սէֆիլյանին չի տրվում քաղաքացիություն, եւ արդյոք ճի՞շտ է իր ունեցած տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում են հունիսի 9-ից հետո արտաքսել Սէֆիլյանին Հայաստանից: Ի պատասխան՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախ նշեց, որ խնդրին լավ տեղյակ չէ, այնուհետեւ ասաց. «Այն կարգավիճակը, որում գտնվում է Ժ. Սէֆիլյանը, հիմք չի տալիս նրան քաղաքացիություն շնորհելու համար: Մի պահ մի կողմ թողնենք նրա անձնական հատկանիշները եւ նրա կենսագրությունը: Օրենքը մնում է օրենք, եւ քաղաքացիության մասին 13-րդ հոդվածը հստակ ամրագրում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում անձին կարող է շնորհվել քաղաքացիություն նախագահի հրամանագրով: Բնականաբար, եթե այդ դիմումն ընդունվի, սահմանված կարգով նախագահին առընթեր հանձնաժողովը կքննարկի, բայց այս փուլում իրավական հիմքեր չկան նրան քաղաքացիություն շնորհելու համար»: Ինչ վերաբերում է Ժ. Սէֆիլյանին Հայաստանից արտաքսելու իշխանությունների մտադրության մասին հնչած հարցին, Գ. Դանիելյանն ասաց. «Այս պահին որեւէ միջոց չի ձեռնարկվել, որեւէ քայլ չի արվել: Հետագայում, եթե դրա համար հիմքեր ծագեն, հարցը կդառնա քննարկման առարկա»: